Աստվածահայտնության Հիսնակաց պահք

Աստվածահայտնության Հիսնակաց պահք

Օրապահքերը, որոշ շաբաթապահքեր, ինչպես նաև Զատկին նախորդող Քառասնորդաց պահքն ամրագրված են եղել հայոց տոնացույցի առաջին խմբագրության մեջ, որը կատարել է Սահակ Ա Պարթև կաթողիկոսը: Մատենագրական, ազգագրական, կանոնական, վիմագրական, ձեռագրական սկզբնաղբյուրները, ինչպես նաև գեղարվեստական գրականությունը, վկայում են, որ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նախորդել է յոթ շաբաթ տևողությամբ Հիսնակաց պահք: «Տոնացույց»-ում, սակայն, այն չի ներդրվել: Վաղ միջնադարից սկսած՝ այս պահքը, ծիսական բնույթի խնդիրների հետ կապված, Հայ Եկեղեցու ուշադրության կենտրոնում է եղել:
 

Սուրբ Ծննդյան մեծ պահքի մասին մեզ հայտնի ամենավաղ հիշատակությունը գտնում ենք VI դարի կեսերին՝ Ներսես Բ Բագրևանդեցի կաթողիկոսի կանոններում: VIII դարում այն հիշատակում է նաև Խոսրովիկ Թարգմանիչը:
 

Մինչև X-XI դարերը թե՛ վանական, թե՛ աշխարհիկ միջավայրերում Ծննդյան հիսնակը պահվել է հավատացյալի ցանկության կամ վանքի ներքին կանոնակարգի համաձայն: Սակայն այդ ժամանակից սկսած՝ որոշակի հստակեցում է մտցվել: X-XI դարերի որոշ կանոններ փաստում են, որ ապաշխարողների, կրոնավորների և քահանաների համար Աստվածահայտնության հիսնակը պարտադիր է եղել, իսկ աշխարհականների համար սահմանվել է ութօրյա պահք: Այս կարգը XIII դարի սկզբներին հաստատուն է եղել, ինչը վկայում է նաև Վարդան Այգեկցին:
 

Ուշագրավ է, որ XIII դարի վերջերին և XIV դարի սկզբներին տոնացույցերում և «Ճաշոց»-ներում հիսնակաց պահքը ներկայացված է ընդմիջարկված՝ մեկ շաբաթ պահք, երկու շաբաթ ուտիք հաջորդական սկզբունքով: Առաջին շաբաթը Հիսնակամտի շաբաթապահքն է: Հաջորդը չորրորդ շաբաթվա պահքն է, որը, նախորդելով Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնին, հաճախ կոչվում է հենց նրա անունով: Անվանվել է նաև Ձմեռնամուտի պահք, քանի որ համընկել է դեկտեմբերի սկզբին և եղել է եղանակային շաբաթապահք: Ժողովրդական ավանդությունն այն կապում է նաև Սուրբ Հակոբի հետ՝ համաձայն այն զրույցի, ըստ որի՝ սուրբն օժտված է եղել ձյուն բերելու կարողությամբ: Յոթներորդը Ծննդյան շաբաթապահքն է: Շաբաթապահքերի այս պատկերը պահպանվել է Սիմեոն Երևանցու տոնացույցում:
 

Հիսնակաց պահքն ազդարարող Բարեկենդանը լինում է նոյեմբերի 15-ից մինչև 21-ը հանդիպող կիրակի օրը:
 

Ի տարբերություն զատկական մեծ պահքի, Աստվածահայտնության հիսնակը ոչ բոլոր վանքերում է պարտադիր համարվել:
 

Վիմագրական և կանոնագիտական սկզբնաղբյուրներում ասված է, որ շնորհներն առավել կիջնեն այն անձանց վրա, ովքեր երեք հիսնակները կպահեն: Կամավորության մասին են վկայում նաև այդ հիսնակները խախտելիս պատիժներ կրելու վերաբերյալ սահմանումների բացակայությունը, ինչպես նաև այն, որ դրանք հրահանգվել են պահել ապաշխարողներին կամ պահոց օրեր խախտած անձնաց՝ որպես հատուցում:
 

Սիմեոն Այրիվանեցու վկայությամբ՝ XV դարում նույնպես Աստվածահայտնության Մեծ պահքը թե՛ աշխարհիկների, թե՛ կրոնավորների միջավայրերում կենցաղավարել է՝ անձի կամ վանքի ներքին որոշման համաձայն: Դրանք, որպես պարտադիր, թելադրվել են ապաշխարողներին:
 

Այս պահքի  ընթացքը, Հարությանը նախորդող մեծ պահքի օրինակով նույնն է եղել՝ սննդային և կենցաղավարման բոլոր պահանջներով: Հավատացյալն իր ցանկությամբ կարող էր պահքի որոշակի օրեր ծոմապահությամբ անցկացնել:
 

Սուրբ Ծննդյան պահքը ոչ միայն ծիսական նշանակություն է ունեցել, այլ նաև տնտեսական. ժողովրդական տոմարի համակարգում կարգավորել է երկրագործական աշխատանքների ընթացքը: Այդ մասին հուշում են նաև պասի և դրա առանձին շաբաթների անվանումները՝ Աշնան քառասնամուտ, Հորթըթողի պաս, Նախրըթողի պաս, քանի որ աշնան ցրտերի պատճառով նախիրն այլևս արոտավայր չեն տարել:
 

Յոթշաբաթյա այս հիսնակն ամբողջությամբ տոնացույցում չընդգրկելը պայմանավորված էր տարբեր պատճառներով: Ահա դրանցից մի քանիսը. նախ՝ զատկական Աղուհացի հետ միասին ևս մեկ երկարատև պահք պահելն անհարմարություններ կառաջացներ անհատի հոգևոր և աշխարհիկ կենցաղավարման տեսանկյուններից: Երկրորդ՝ ըստ ժողովրդական տոնացույցի՝ Ծննդյան հիսնակն իր ժամկետներով զուգադիպում էր աշնանային Նավասարդին, որն սկսվում էր նոյեմբերի կեսերից: Այդ ժամանակահատվածը տնտեսական աշխատանքների դաշտային փուլի ավարտին էր համընկնում և ժողովրդական կենցաղում արմատավորված էր որպես հարսանիքների շրջան: Ուստի, Հայ Առաքելական Եկեղեցու՝ աստվածապարգև իմաստությամբ օժտված հայրերը հիսնակաց պահքի շրջանը բաժանեցին շաբաթապահքերի:
 

Հիսնակն ամբողջությամբ պահելը մնաց որպես կամավոր պաս և շարունակվեց կենցաղավարել հայոց մեջ՝ թե՛ աշխարհականների, թե՛ հոգևորականների շրջանում՝ որպես հավատացյալի բարեպաշտական մղումների մի գեղեցիկ դրսևորում:
 

 

Պատրաստեց Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-09-21
×