Չկորցնենք Տիրոջ ներկայությունը

Չկորցնենք Տիրոջ ներկայությունը

Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր՝ Աննայի հիշատակության օրն է


 

Տիեզերական Եկեղեցու վարդապետ Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացի Հայրապետը հիշատակվում է երկու անգամ՝ Մեծ Պահքի ընթացքում և 12 վարդապետների շարքում: Նրա ժամանակակիցը Սուրբ Կյուրեղ եպիսկոպոսն է: Նա օգնել է Հեղինե դշխոյին՝ գտնելու Քրիստոսի խաչափայտը: Ապա տեսնելով Սուրբ Խաչի հրաշագործ զորությունը, իր մոր` Աննայի հետ մկրտվել է՝ դառնալով Քրիստոսի արժանի հետևորդ:


 

Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացին, ձեռնադրվելով Երուսաղեմի պատրիարք, իր հայրապետության 35 տարիներից 16-ն անցկացնում է վտարանդության ու հալածանքների մեջ՝ քանիցս աքսորվելով արիոսականների զրպարտությունների պատճառով, սակայն, ի վերջո, վերահաստատվում է հայրապետական աթոռին:


 

«Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ» (Մատթ․ 9։29),- ասված է Ավետարանում: Սրբի այս վարքը հենց ապացույցն է այս մտքի: Հնարավոր է, որ մեզ կյանքում բաժին հասնեն մի շարք փորձություններ: Այդ փորձությունները միշտ չէ, որ պիտի լինեն կարճաժամկետ կամ արագ լուծելի: Որպես քրիստոնյաներ՝ մենք պիտի ունենանք խոհեմությունն ու պատրաստակամությունը՝ դիմադրելու մեզ բաժին հասած տառապանքին, ցավին, զրկանքներին: Ընթացքում չկորցնելով հավատն առ Աստված՝ վստահ լինենք, որ մեր հաստատունությունը մեզ ավելի պիտի մոտեցնի դեպի Տերը: Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացին իր օրինակով ապացույց է դառնում մեզ համար այս գաղափարի: 


 

Աստված, այո՛, ամենատես է, մնում է, որ անկատար մարդը փորձի տեսնել ոչ թե ամեն բան, ինչպես Աստված է տեսնում, այլ հենց Աստծուն: Եվ բոլորը, ովքեր ճանաչել ու տեսել են Նրան, հավատացել են, ընդմիշտ արել ամեն հնարավորը՝ Նրանից չհեռանալու համար: Եվ այս առումով էլ մեզ համար կատարյալ օրինակներ են Կյուրեղ եպիսկոպոսը և նրա մայրը՝ Աննան, ովքեր հաղորդակից լինելով Աստծու զորությանը՝ որոշում կայացրին ընդմիշտ լինել Նրա հետևորդները:


 

Մենք էլ մեր հոգևոր ճանապարհին ունենանք օրինակն այս սրբերի, ովքեր փորձվեցին չարից, փրկվեցին իրենց հավատքով՝ մինչև իսկ սրբացվելով, և անսահման նվիրվածություն ունեցան Տիրոջ հանդեպ: Փորձությունների ընթացքում չկորցնենք Տիրոջ ներկայությունը մեր կյանքում:

 
  • 2021-02-20
×