Մարդկային ուղիներ

Մարդկային ուղիներ

Մի վանական միշտ ջանասիրաբար աղոթում էր՝ ասելով.
 

-Տե՛ր, Դու ողորմած ես և համբերատար, այդ դեպքում ինչո՞ւ է այդքան դժվար հոգու փրկությունը:
 

Ծեր վանականը շատ երկար աղոթում էր՝ կրկին ու կրկին ուղղելով այդ հարցը Տիրոջը: Եվ մի անգամ հայտնվեց Աստծո կողմից ուղարկված հրեշտակը և ասաց.

-Գնա՛նք, և ես ցույց կտամ այն ճանապարհները, որոնցով անցնում են մարդիկ:
 

Նրանք դուրս եկան վանականի խցից, և հրեշտակը ծերունուն տարավ անտառ:

-Տեսնո՞ւմ ես այն փայտահատին,- հարցրեց քերովբեն՝ ցույց տալով չոր ոստերի ծանրությունից կորացած փայտահատին,- նա իր ուսերին տանում է կտրտված փայտի ողջ ծանրությունը և  չի ուզում դրանցից մի քանիսն անգամ թողնել՝ իր բեռը թեթևացնելու համար: Հենց այդպես էլ մարդիկ են՝ կրում են իրենց մեղքերի ողջ ծանրությունը և չեն ուզում ապաշխարել:
 

Հետո հրեշտակը ծեր վանականին ցույց տվեց մի ջրհոր և ասաց.

-Տեսնո՞ւմ ես այն մարդուն, ով փորձում է ջրհորից մաղով ջուր հանել: Այդպես էլ որոշ մարդիկ են՝ ապաշխարում են, բայց հետո նորից մեղանչում են, և շնորհները  հեռանում են նրանցից, ինչպես ջուրն է հոսում մաղի անցքերից:
 

Հրեշտակը դարձյալ վանականին ցույց է տալիս մի մարդու և ասում.

-Տեսնո՞ւմ ես այն մարդուն, որ գերանը հորիզոնական դրել է ձիու թամբին և  ցանկանում է ձիով մատուռ գնալ, իսկ գերանը դռնից չի անցնում: Այդպես էլ մարդիկ՝ բարի գործերն են կատարում հպարտությամբ և ոչ խոնարհությամբ՝ չիմանալով դրանց արժեքը:
 

Հետո հրեշտակը պտտվեց  դեպի ծերունի վանականը և ասաց.

-Իսկ հիմա, ծերո՛ւնի, ասա՛, հեշտ է Աստծուն փրկել նման մարդկանց` իր արդարության և ողորմության շնորհիվ, եթե նրանք դա չեն ցանկանում:

Ծերունի վանականը մի պահ լռեց, ապա առանց որևէ բառ ասելու պտտվեց ու հեռացավ:

 
 

Թարգմանությունը՝ ռուսերենից

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-09-21
×