Առակ բարեկամության մասին. հարևանները

Առակ բարեկամության մասին. հարևանները

Նույն թաղամասում ապրում էին երկու հարևան: Ձմեռը եկավ, ձյան հաստ շերտ դրեց: Հարևաներից մեկն առավոտյան բահը ձեռքին դուրս եկավ բակ, մաքրեց իր տուն բերող ճանապարհը և նայեց հարևանի տան կողմ. նրա տուն տանող ճանապարհը մաքրված էր:
 

Գիշերը կրկին ձյուն եկավ: Առաջին հարևանը կրկին վաղ առավոտյան դուրս եկավ ու սկսեց ձյունը մաքրել: Ի զարմանս նրա՝ հարևանի տուն տանող ճանապարհն էլի մաքրված էր:


Երրորդ գիշերն ավելի շատ ձյուն եկավ: Կրկին առաջին հարևանն անցավ ձյան մաքրման աշխատանքին, իսկ հարևանի տուն տանող ճանապարհն արդեն հարթված էր:


Այդ օրը հարևանները հանդիպեցին դրսում, զրուցեցին դեսից-դենից, և առաջին հարևանն իմիջիայլոց հարցրեց.
- Լսիր, հարևան, այդ ե՞րբ ես հասցնում տանդ դիմացի ձյունը մաքրել:
Երկրորդ հարևանը սկզբում զարմացավ, հետո ծիծաղեց՝ ասելով.
- Ես երբեք ձյունը չեմ մաքրում, պարզապես մեր բարեկամներն են հաճախ մեզ այցելում:


Ցիցերոն. «Ճշմարիտ բարեկամը պետք է լինի մեր երկրորդ «ես»-ը, նա բարեկամից երբեք ոչ մի բան չի պահանջում, բացի բարոյապես գեղեցիկից. բարեկամությունը մեզ տվել է բնությունը՝ որպես օգնական՝ սխրագործություններում, այլ ոչ թե որպես ուղեկից՝ մոլորություններում»:


Բեկոն. «Անկեղծ բարեկամներից զրկված մարդը հիրավի միայնակ է»:

 

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-20
×