Մի ընտանիքի պատմություն

Մի ընտանիքի պատմություն

Մայրս` Սիրվարդ Շաքարյան-Կոտոշյանը, ծնվել է 1907թ., Վանում: Սիրվարդի հայրը` Տեր Խոսրով քահանա Շաքարյանը (ավազանի անունը` Գևորգ), և մայրը` Սրբուհի Խաչատրյանը, ամուսնացել էին 1887թ.: Մայրս ուներ հինգ եղբայր` Գրիգորը, Խոսրովը, Գուրգենը, Դավիթը, Գնելը, և մեկ քույր` Նվարդը: Ուներ նաև հորեղբայր` Ներսեսը և հորաքույր՝ Հայկանուշը:

 

Ցեղասպանության և տեղահանության ժամանակ թուրքերը և ռուսները կռվում էին Վանում: 1915թ. Տեր Խոսրով քահանան իր ընտանիքի հետ փախավ Երևան` Հայաստան, փրկելու ընտանիքը: Դժվար էր փրկել ընտանիքը և այն աղքատիկ ունեցվածքը, որ կարելի էր սայլին բարձել ու տանել: Սակայն տունը լքելուց անմիջապես առաջ նա հրդեհեց տունը, որպեսզի թուրքերի ձեռքը չընկներ: Վանից հեռանալիս ընտանիքն իր հետ վերցրեց նաև գրքերից մի քանիսը: Հայկանուշը պահպանեց Տեր Խոսրով քահանայի գրվածքների մի մասը: Երբ նա մեկնեց Ֆրանսիա` Մարսել, իր հետ տարավ դրանք: 1960-ական թթ. սկզբին մայրս` Սիրվարդը  և քույրս` Վանուհին, մեկնեցին Եվրոպա` այցելելու զարմիկներին: Մարսելից հեռանալիս Հայկանուշը Տեր Խոսրովի գրվածքները տվել էր մորս, նա էլ դրանք հանձնեց Վանուհուն: 

 

Պապս` Տեր Խոսրովը, և նրա ընտանիքն ապրեցին իրենց կյանքը Հայաստանում: Պատերազմի, մարդկանց հոսքի և պատերազմական հակահիգիենիկ պայմանների հետևանքով բռնկվեցին խոլերա, տիֆ և այլ հիվանդություններ: Որպես քահանա՝ Տեր Խոսրովն իր պարտքն էր համարում այցելել հիվանդներին և մահացողներին: Դժբախտաբար, նա զոհ գնաց խոլերային, մահացան նաև մորս ընտանիքի անդամներից շատերը: Դավիթը հանձն  առավ պատասխանատվությունը մորս ապահովության համար: Դավիթը մորս տեղավորեց ամերիկյան միսիոներական մի խմբի հովանու ներքո մի որբանոցում, քանի որ ի վիճակի չէր հոգ տանել քրոջ մասին: Նա Սանահինի որբանոցում և Երևանի մոտ՝ աղջիկների համար նախատեսված մի որբանոցում էր: Դավիթը ևս վարակվեց խոլերայով և մահացավ 21 տարեկանում: Որբանոցում սնունդը վատ էր, ուստի միսիոներները սաներին սովորեցրեցին, թե շրջակայքում ինչն էր ուտելի, և նրանք ինքնուրույն էին սնունդ հայթայթում: Որբանոցում մայրս հանդիպեց Հայկանուշին, ով չորս տղա ուներ` Բակուրը, Բագրատը, Բաբկենը և Վահրամը:

 

Սիրվարդը Միջազգային Կարմիր Խաչի և ընկերների ու բարեկամների օգնությամբ փրկված միակ եղբորը` Գրիգորին, տեղավորեց Թուրքիայում` Ստամբուլում: Ինքն էլ գնաց Թուրքիա` ապրելու եղբոր հետ: Նա սպասուհու աշխատանք ստացավ ռուսական հյուպատոսությունում: Գլխավոր հյուպատոսը հայ էր, ազգանունը՝ Շաքարյան (Shakarian), մորս հետ, ում ազգանունը գրվում էր Chakarian, ոչ մի ազգակցական կապ չկար: Գլխավոր հյուպատոսը և նրա կինը զավակներ չունեին և ցանկացան որդեգրել մորս: Սակայն մայրս հպարտ էր իր ազգանվամբ, և համարելով, որ արդեն ընտանիք ունի, չցանկացավ որդեգրվել: Այնուամենայնիվ, նրան վերաբերում էին, ինչպես ընտանիքի անդամի:

 

Մորս հորաքույրը` Հայկանուշը, որդիների հետ մեկնեց Փարիզ` Ֆրանսիա, միանալու իր ամուսնուն: Սիրվարդը շատ նամակներ էր ստանում Հայկանուշից, ով խնդրում էր մորս տեղափոխվել Ֆրանսիա: 17 տարեկանում մայրս տեղափոխվեց Ֆրանսիա: Զարմիկները նրա համար աշխատանք գտան օծանելիքի մի գործարանում: Նրա պարտականությունն էր խցանն օծանելիքի սրվակի բերանին դնելը և թեթևակի սեղմելը: Երբեմն սրվակը շատ լիքն էր լինում և խցանը սեղմելիս օծանելիքը թափվում էր, և շուտով գործատերը նրան ազատեց աշխատանքից:

 

Հայրս` Արշակ Կոտոշյանը, ծնվել է 1898թ., Թուրքիայի Սեբաստիա նահանգի Կարվա գյուղում: Կոտոշյանների գերդաստանը (մոտ 65 հոգի) ապրում էր մի հսկայական տան մեջ, և երբ որևէ մեկն ամուսնանում էր, տանը մի նոր կցակառույց էր ավելանում: Կանայք տնային տնտեսությունն էին վարում, տղամարդիկ աշխատում էին դաշտում: Հայրս հովիվ էր: Ցեղասպանությունը սկսվելուն պես ընտանիքին բռնությամբ հանեցին տնից, և նրանք հրացանի փողի ներքո ճամփա ընկան հարավային Թուրքիա: Սպանվեցին հորս երկու եղբայրները և քույրը: Թուրքերն առանձնացրեցին կանանց և տղամարդկանց: 15 տարեկանից մեծ բոլոր տղամարդիկ դատապարտված էին մահվան: Իմանալով այդ մասին, կին հարազատներն Արշակին աղջկա շորեր հագցրեցին և թաքցրեցին սայլի վրա բարձած երկու ներքնակների միջև, որպեսզի նա խուսափեր վաղաժամ մահից: Ընտանիքը ոտքով Սիվասից հասավ Դամասկոս, ապա` Բեյրութ: Մի անգամ մի թուրք զինվոր սուրը պահելով հորս կոկորդի մոտ՝ պահանջել էր, որ նա մուսուլմանական հավատի դառնար, այլապես ինքը կկտրեր նրա գլուխը: Հայրս պատասխանել էր, թե թուրքերն արդեն սպանել էին իր ընտանիքը, և զինվորը կարող էր իրեն էլ սպանել, բայց ինքը չէր փոխի իր հավատը: Բարեբախտաբար, մի թուրք սպա, տեսնելով կատարվածը, հրամայել էր զինվորին խնայել հորս կյանքը:

 

Պապս` Փիլոսը և նրա եղբայրը` Օսկ(յ)անը, նախքան Ցեղասպանությունը մեկնել էին Ամերիկա: 1920թ. հայրս մեկնեց պապիս մոտ` Ռոդ Ալընդ նահանգի Գլենդեյլ քաղաք, և սկսեց հոր և հորեղբոր հետ աշխատել տրիկոտաժի ֆաբրիկայում, մի կարճ ժամանակաշրջան աշխատեց ավտոմոբիլային «Ֆորդ» ընկերությունում: 1931թ. ճգնաժամը սկսվելուն պես հայրս մեկնեց Մարսել` Ֆրանսիա, այցելելու հարազատներին և հարսնացու գտնելու մտադրությամբ: Ֆրասիայում բնակվող հարազատները ճանաչում էին Շաքարյանների ընտանիքին և մորս ներկայացրեցին հորս: 1931թ. նրանք ամուսնացան և նավով մեկնեցին Ֆրանսիայից իրենց լավ բարեկամների` Ենոք և Վարսենիկ (Գասպարյան) Ղազարյանների հետ միասին: Արշակն ու Սիրվարդը բնակություն հաստատեցին Ռոդ Ալընդ նահանգի Գլենդեյլ քաղաքում, Փիլոս պապիս և նրա եղբայր Օսկ(յ)անի հետ:

 

Ես` Վանիկը, ծնվել եմ 1932թ., 1933թ. ծնվեց եղբայրս` Վրեժը, 1936թ.՝  քույրս` Վանուհին: Մայրս մի զարմուհի ուներ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում, ում անունն էր Բրաբիոն Շաքարյան-Ղազանչյան: Նա և իր ամուսինը` Լևոն Ղազանչյանը, շատ աջակցեցին մորս` օգնելով հարմարվել Ամերիկայում և մեծացնել զավակներին: Ճգնաժամը շարունակվում ու խորանում էր, տրիկոտաժի ֆաբրիկաները սկսեցին փակվել: Ընտանիքը Ռոդ Այլընդից մեկնեց Միչիգան, որտեղ շատ հարազատներ էին ապրում: Միչիգան նահանգի Պոնտիակ քաղաքում հայրս աշխատանք գտավ «Ջեներալ Մոթորս» ընկերության վարչությունում: Հայրս ընտանիքում լավ հայր և ամուսին էր: Նա մահացավ 1993թ., իսկ մայրս`   2001թ.: Եղբայրս  մահացավ 1998թ.` թողնելով երկու դուստր` Լինդան և Թինան: Քույրս ունեցավ երկու որդի` Մարկը և Միքայելը, երկուսն էլ մահացան երիտասարդ հասակում: Նրա դուստրը` Անջելա (Նիկոլաս) Մացարան, ունի երկու որդի` Ջոզեֆը և Էնթընին:

 

Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-20
×