Ս. Ծննդյան տոնի հարստությունը

Ս. Ծննդյան տոնի հարստությունը

Շատ հարուստ մի ընտանիք ուներ մի որդի: Տղան միշտ տխուր և չար էր, որոհետև նրա մայրն ու հայրը շարունակ զբաղված էին աշխատանքով և դրամ վաստակելով, իսկ տղայի դաստիարակությամբ զբաղվում էին դայակը, հորաքույր-մորաքույրերը և հորեղբայր-մորեղբայրերը, ովքեր իրականում բոլորովին էլ չէին մտածում տղայի մասին, այլ հրապուրված էին նրա ծնողների հարստությամբ: Տղայի սիրտն ու հոգին բոլորովին դատարկ էր, սիրուց զրկված…


Տղան կարծում էր, թե բոլորին պետք է միայն դրամ, իսկ իր մտքերն ու զգացմունքները ոչ ոքի չեն հետաքրքրում: Նա սովոր էր, որ աշխարհում ամեն ինչ կարելի է գնել դրամով: Սակայն նա չգիտեր, որ դրամը սեր և բարիք է բերում միայն այն ժամանակ, երբ գիտես դրա արժեքը: Առանց ազնիվ աշխատանքի և սիրո դրամը կարող է վերածվել չարիքի: Տղան դրամի արժեքը չգիտեր, քանի որ նրան շրջապատում էին անհոգի և ագահ մարդիկ, և նա նույնպես մեծացել էր չար և անհոգի:


Մի անգամ տղան մի երազ տեսավ. դեկտեմբերյան պարզ և արևոտ մի օր եկեղեցու մոտ մի աղքատ ծերունի էր նստած: Տղան գիտեր, որ մեծահասակները պարտք են համարում ողորմութուն տալ, և ահա որոշեց ինքն էլ մեծերի պես վարվել և իր դաստիարակին կարգադրեց գրոշներ տալ աղքատ ծերունուն: Երբ դաստիարակը մոտեցավ ծերունուն և գրոշները մեկնեց, ծերունին հրաժարվեց դրամից և հեռացրեց նրա ձեռքը: Տղան ապշեց. չէ՞ որ մինչ այդ ոչ ոք երբեք չէր հրաժարվել դրամից:


- Ծերուկ, գժվե՞լ ես, ինչ է: Ինչո՞ւ չես վերցնում դրամը, - զարմացած հարցրեց նա:
- Տղաս, ես չեմ կարող քեզանից դրամ վերցնել, որովհետև դրամը դու չես վաստակել, այլ՝ ծնողներդ: Ես ողորմություն ընդունում եմ նրանցից, ովքեր արդար ու բարի գործերով են վաստակել իրենց դրամը: Ողորմության դիմաց ես տալիս եմ հոգուս երախտիքը, - ասաց ծերուկը: Ապա ավելացրեց. - Երբ կունենաս իրական գթասրտություն, արի ինձ մոտ, ես քեզ միշտ կսպասեմ այստեղ:
Տղան արթնացավ խիստ զայրացած:
- Զզվելի ծերուկ, ես քեզ կստիպեմ վերցնել իմ դրամը, այլապես կկարգադրեմ քեզ խիստ ծեծել, - գոչեց տղան և կանչելով ծառաներին՝ կարգադրեց իսկույն գնալ եկեղեցի և բերել ողորմություն խնդրող ծերունուն: Լսելով նրա գոռոցն ու լացը և պատմած երազը՝ ծնողները խոստացան գտնել ծերունուն և պատժել:
Ծառաներն իհարկե չգտան ծերունուն: Սակայն ամեն երեկո հիշելով երազը՝ տղան բարկանում էր և չէր հասկանում, թե ինչու ծերունին հրաժարվեց իր դրամից:


Մոտենում էր Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան լուսավոր տոնը: Քաղաքը պատրաստվում էր տոնին: Մարտիկ տոնածառեր էին զարդարում, նվերներ գնում: Ս. Ծննդյան տոնի նախօրեին տղայի ծնողները մեծ պարահանդես կազմակերպեցին, բազում նվերներ մատուցեցին և երբ օրվա իրադարձություններից հոգնած տղային պառկեցրեցին քնելու, նա երազում տեսավ եկեղեցու բակը. ահա Ս. Ծննդյան տոնն է, մարդիկ գրկախառնվում, համբուրվում և շնորհավորում են միմյանց: Տեսավ նույն ծերունուն և երբ շրջվեց՝ ծառաներին կանչելու, հասկացավ, որ իր շուրջը ոչ ոք չկար: Տղան սարսափեց, փորձեց փախչել, սակայն ոտքերն իրեն չէին ենթարկվում, և նա շարունակում էր կանգնած մնալ ծերունու դիմաց: Նա գոռաց.
-Դու զզվելի ծերուկ ես: Ես քեզ համար դրամ չունեմ, ես քեզ ատում եմ …
Ծերուկը լուռ էր: Հանկարծ նա տղայի աչքերի առաջ հալվեց, անհետացավ և տղան մնաց մենակ: Տղայի վախն անցավ. չէ՞ որ անհասկանալի աղքատը կորել էր: Հանկարծ նրան մոտեցան անծանոթ մեծահասակներ: Երևում էր, որ նրաք ուրախ և բարի էին, տոնական տրամադրությամբ: Նրանք ուտում էին համեղ քաղցրաբլիթներ, և նրանցից մեկը մոտեցավ ու համբուրեց տղայի այտերը, ապա նրան մեկնեց մի փաթեթ՝ նվեր Ս. Ծննդյան տոնի առթիվ: Մարդու այտերով տղայի հանդեպ սիրո արցունքներ էին հոսում: Տղան ձեռքը մեկնեց փաթեթին, իսկ մարդը շարունակ մրմնջում էր. «Թող Տերը քեզ պահապան լինի»:


Հանկարծ տղայի սրտում կարծես կրակ վառվեց՝ այնքան ուժեղ և պայծառ, որ տղան կկոցեց աչքերը: Բառերն ասես կորել էին, տղան զգաց, որ շատ է սիրում այդ մարդուն և անսահման երախտապարտ է նրա ուշադրության և նվերի համար: Նա սրտանց զգում էր, որ ամբողջ աշխարհն իրեն սիրում է: Նա անգամ լալիս էր երջանկությունից… Եվ երբ նա նայեց իր ձեռքերին, ոտքերին, հասկացավ, որ ինքն այն նույն ծերուկն է, ում մի քանի րոպե առաջ ատում էր ամբողջ սրտով, որ ինքն է ողորմություն հավաքում և մարդկանց երախտագիտությամբ պատասխանում:
Սակայն տղան չգոռաց և չլացեց: Տեղի ունեցավ Ս. Ծննդյան հրաշք. տղան զարմանալիորեն ուրախ էր իր հետ կատարված փոփոխության համար: Այժմ նա գիտեր, թե ինչպես պետք է ապրել և ինչ է իսկական ուրախությունը: Գիտեր, որ հավատը մարդու սիրտն է մտնում՝ վառելով հոգին սիրո անմար կրակով… Եվ ահա տղան կրկին կանգնած է ծերունու առաջ: Նա նետվեց ծերունու գիրկը և ամուր գրկեց նրան:
- Մի գնա, ես քեզ շատ եմ սիրում: Ես կօգնեմ քեզ քո հիանալի, բարի գործում…


Տղան արթնացավ: Տանն ամեն ինչ նույնն էր: Կրծքում ինչ-որ բան կարծես այրվում էր: Տղան ցանկացավ ծառաներին կանչել, սակայն նրան պարուրել էր ուրախությունը, և նա հասկացավ թե ինչքան անճարակ և հիմար էր ինքը մինչ այդ: Նա ինքնուրույն, առանց ծառաներին անհանգստացնելու հագնվեց, մոտեցավ պատուհանին և բացելով վարագույրը՝ դուրս նայեց: Տան դիմաց կանգնած էր աղքատ ծերունին և ողորմություն էր խնդրում: Տղայի մոտ ծերունու հանդեպ սեր արթնացավ, և դա օգնեց նրան ճիշտ և բարի որոշում կայացնել: Նա մոտեցավ ծերունուն և համբուրեց նրան՝ ասելով.


- Ես դեռ փոքր եմ և դրամ չեմ վաստակում՝ քեզ տալու համար, սակայն սիրում եմ քեզ և իմ սրտի սերն եմ նվիրում: Թող Տերը քեզ պահապան լինի:
Ծերունին չէր սպասում նման բարության: նա նայեց տղային և անսպասելիորեն բռնելով նրա ձեռքերը՝ հուզված հազիվ կարողացավ շշնջալ.
- Թող Տերը քեզ պահապան լինի: Դա իմ կյանքում լսած և տեսած ամենալավ բանն է: Դու երևի իսկական հրեշտակ ես: Ներիր ինձ և Տիրոջն ասա, որ ես կջանամ քեզ նման ազնիվ ու բարի դառնալ…
Ապա տղան խոհարարուհուց ուտելիք խնդրեց և տարավ ծերունուն: Ահա թե ինչպիսի հարստության տիրացավ տղան: Ս. Ծննդյան տոնի գիշերը դարձավ նրա հոգու ծննդյան և նրա հոգում սիրո կրակի բռնկման լուսավոր գիշեր:


Մաթիլդա Շապիրո
Ռուսերենից թարգմանությունը՝ Լարիսա Նավասարդյանի

  • 2021-08-09
×