«… Ինձ համար արեցիք »

«… Ինձ համար արեցիք »

Մի քաղաքում ապրում էր մի փոքրիկ տղա: Նրա հարազատ հայրը մահացել էր, խորթ հայրն էլ կոպիտ և չար հարբեցող էր: Նա հաճախ էր ծեծում տղային, իսկ մի օր էլ՝ Ս. Ծննդյան տոնի նախօրեին, տղային վռնդեց տանից: Փոքրիկ տղան առանց տաք հագուստի և քաղցած հայտնվեց փողոցում: Ճարահատյալ՝ նա սկսեց թակել հարուստ մարդկանց դռները՝ խնդրելով թույլ տալ գիշերել:

 

Թակելով լավ լուսավորված հարուստ տներից մեկի դուռը՝ նա համոզված էր, որ տանն իր համար ուտելու մի բան կգտնվեր, և իրեն թույլ կտային տաքանալ և գիշերել: Սակայն դուռը բացող դռնապանն ասաց, որ չէր անհանգստացնի տանտերերին, քանի որ նրանք զբաղված էին տոնակատարությամբ:
Տղան մոտեցավ մեկ ուրիշ հարուստ տան, որտեղից բարձր երաժշտություն էր հնչում: Սակայն այնտեղ ևս նրան սպասվում էր սառն ընդունելություն և օգնելու ցանկության բացակայություն: Հաջորդ հարուստ տանը տոնակատարության բարձր աղմուկի մեջ դռան զանգի ձայնն անգամ չլսվեց: Այդպիսով տղան թակեց հարուստ շատ տների դռներ, սակայն ոչ մի տեղ նրան ներս չթողեցին:


Վերջապես, առանց հույս ունենալու, տղան մոտեցավ քաղաքի ծայրամասում մի համեստ տան և թակեց դուռը: Դուռը բացեց կորացած մի ծեր տատիկ, ով առաջին հայացքից էլ երևում էր, որ աղքատ էր: Նա իսկույն ներս տարավ տղային՝ ասելով. «Խեղճ փոքրիկ, ի՞նչ ես անում դրսում այս ցրտին և ուշ ժամին, առանց տաք հագուստի: Արի, մոտեցիր վառարանին, տաքացիր, հագուստդ չորացրու: Հիմա ես քեզ կկերակրեմ»: Ծեր կինն իսկույն փաթաթեց նրան տաք ծածկոցով, հյուրասիրեց համեղ ճաշով և բուրավետ թեյով: Տղան ասես դրախտում լիներ… Հանկարծ վառարանի կրակի և մոմերի լույսն ուժեղացավ, լուսավորեց ամբողջ տունը, և դա տևեց մի քանի րոպե: Երբ պայծառ լույսը թուլացավ, տղան հարցրեց տատիկին, թե ինչ կատարվեց: Տատիկն ասաց. «Չգիտեմ, բայց ես հստակ լսեցի հետևյալ բառերը. Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ ինձ համար արեցիք» (Մատթ. 25:40):

 

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

 

  • 2021-08-09
×