Աղքատ, բայց ազնիվ

Աղքատ, բայց ազնիվ

Մի փոքրիկ աղջիկ, ում անունն էր Քեթի, լրագիր էր վաճառում մեծ քաղաքի փողոցներում: Նա ծնողներ չուներ: Քեթին և նրա եղբայրը՝ Չառլին, ապրում էին իրենց աղքատ մորաքրոջ հետ: Ամեն երեկո երեխաները նրան պիտի հանձնեին իրենց վաճառած թերթերի գումարը:

Մի երեկո, չնայած ցրտին ու քամուն, աղջիկը ոտաբոբիկ վազվզում էր փողոցներում և անցորդներին թերթ առաջարկում: Հոգնած օրվա անցուդարձից՝ մարդիկ անտարբեր անցնում էին՝ չնկատելով աղջկան, նրա առաջարկած թերթերը…
Նկատելով կարմիր լույսի տակ կանգնած ավտոբուսը, Քեթին մոտ վազեց՝ թերթ վաճառելու հույսով: Ուղևորներից մեկը՝ մի բարի ջենթլմեն, ձայնեց.
- Աղջիկս, ինձ մի թերթ տուր, - ասաց նա՝ ձեռքը տանելով գրպանը՝ մանրադրամի համար: - Բայց, սպասիր, մանրադրամ չունեմ, և ճիշտ այս պահին չեմ կարող մանրել:
- Ես իսկույն կմանրեմ, միայն խնդրում եմ պահել իմ թերթերը, ես արագ կվերադառնամ, - պատրաստակամություն հայտնեց աղջիկը:
Նա իսկույն թերթերը հանձնեց մարդուն և թղթադրամը վերցնելով՝ արագ վազեց:
Շուտով կարմիր լույսը փոխվեց, ճանապարհը բացվեց և ավտոբուսը շարժվեց: Ուղևորները սկսեցին ծիծաղել ու կատակել՝ մարդուն խորհուրդ տալով իջնել և թերթերը վաճառել՝ իր գումարը հետ ստանալու համար, քանի որ վսատահ էին, որ աղջիկը նրան խաբել էր:
Մինչդեռ Քեթին սկզբում մտավ մի մեծ խանութ, սակայն չկարողացավ մանրել թղղթադրամը, ապա մոտեցավ մի հյուրանոցի դռան, սակայն դռնապանը նրան ներս չթողեց: Հետո նա հիշեց թխվածքաբլիթ վաճառող մի ծերունու մասին, վազեց նրա մոտ և վերջապես մանրեց թղթադրամը: Վերադառնալվ այնտեղ որտեղ կանգնել էր ավտոբուսը, աղջիկը տեսավ, որ ավտոբուսը մեկնել էր՝ տանելով նաև թերթերը: Ի՞նչ անել: Հենց այդ պահին Քեթին լսեց Չառլիի ձայնը.
- Քեթի, թերթերդ վաճառե՞լ ես: Երանի քեզ, ես էլ կուզենայի քեզ նման հաջողակ լինել:
Քեթին պատմեց եղբորը տեղի ունեցածը և ցույց տվեց իր մոտ եղած դրամը:
Չառլին ուրախությունից թռչկոտեց.
- Դե, Քեթի, արի գնանք ու մի համեղ բան ուտենք, ես շատ քաղցած եմ: Մորաքրոջը կտանք այնքան գումար, ինչքան որ պիտի ստացվեր թերթերի վաճառքից, մեզ էլ բավական կմնա:
- Ոչ, Չառլի, սա իմ գումարը չէ, չենք կարող այդպես վարվել:
Նա մանրադրամն առանձնացրեց թղթի մի կտորի մեջ և սկսեց օգնել եղբորը՝ վաճառել նրա թերթերը: Մինչև երեկոյան ժամը տասը թերթերը սպառված էին և նրանք կարող էին արդեն տուն գնալ:
Չառլին անսպասելիորեն կորցրեց քրոջը: Փնտրեց նրան այս ու այն կողմ, բայց այդպես էլ նրան չտեսավ: Ի վերջո տուն գնաց և ամեն ինչ պատմեց մորաքրոջը: Նրանք միասին փնտրեցին Քեթիին, բայց ապարդյուն:
Իսկ Քեթի՞ն: Նա տեսել էր այն ավտոբուսը և վարորդին խնդրել ասել, թե ով էր այն բարի ջենթլմենը, ով վերցրել էր թերթերն ու տվել դրամը: Ապա հարցրել էր, թե որտեղ է նա ապրում և ինչպես կարելի է հասնել նրա տուն: Տեսնելով աղջկա անհանգստությունը, վարորդը խոստացել էր Քեթիին տանել և ցույց տալ այն մարդու տունը: Եվ ահա, Քեթին արդեն նրա տան դռան մոտ էր և զանգահարեց: Մարդը դուռը բացեց և մնաց ապշահար՝ տեսնելով ցրտահար, քաղցած աղջնակին:
- Ահա ձեր մանրը, պարոն, - ասաց Քեթին՝ պարզելով մանրադրամով լի, ամուր սեղմված փոքրիկ բռունցքը:
Առնելով նրա սառած թաթիկն իր տաք ափերի մեջ, մարդը Քեթիին տարար սենյակ, ուր իր կինն էր, և ասաց.
- Ահա, Մերի, այն աղջնակը, ով ինձ այսօր թերթ վաճառեց: Նա բերել է իմ մանրադրամը: Ահա ազնվության օրինակ:
Արցունքները հոսեցին տիկնոջ աչքերից, նա ձեռքը դրեց Քեթիի ուսին և շշնջաց. «խեղճ աղջիկ»:
- Նա սառել է, քաղցած և հոգնած է, և այս ուշ ժամին էլ չի կարողանա տուն հասնել: Նրան ընթրիք տանք և տաք անկողին պատրաստենք, թող հանգստանա:
- Իհարկե, այդ ամենը կլինի, - ասաց տիկինը, - սակայն նրա մայրը կանհանգստանա, եթե աղջիկը տուն չգնա:
- Մայրս մահացած է, իսկ մորաքույրս իմ մասին չի անհանգստանա, այլ միայն դրամի, - ասաց Քեթին:
Իր կյանքում ամենահամեղ ընթրիքից հետո Քեթին այդ գիշեր քնեց մի փոքրիկ ու հարմարավետ սենյակում պատրատված փափուկ ու տաքուկ անկողնում:
Առավոտյան նախաճաշից հետո տիկինը Քեթիին հայտնեց, որ փնտրում է մոտավորապես նրա տարիքի մի լավ աղջկա, ում կարելի լիներ վստահել մանկան խնամք: Միգուցե՞ նա համաձայնվեր այդ աշխատանքին անցնել և տեղափոխվել ապրելու իրենց մոտ: Քեթին համաձայնվեց և գնալով մորաքրոջ մոտ ու ստանալով նրա համաձայնությունը, այդպես էլ վարվեց՝ միշտ լինելով ազնիվ ու հավատարիմ:
«Տերը երբեք չի մոռանա աղքատներին…»: (Սաղմ. 9:19)
«Տերը բարձրացնում է աղքատներին գետնից և տառապյալներին վեր քաշում աղբանոցից»: (Սաղմ. 112:7)


Անգլերենից թարգմանեց Լարիսա նավասարդյանը

  • 2021-08-09
×