Վարդերով մարդիկ

Վարդերով մարդիկ

Ջոն Բլենչարդը վեր կացավ նստարանից, ուղղեց զինվորական համազգեստը և սկսեց ուշադիր դիտել կենտրոնական կայարանի հրապարակով անցնող մարդկանց ամբոխը: Նա սպասում էր մի աղջկա, ում դեմքով չէր ճանաչում, սակայն գիտեր, որ աղջիկը պիտի վարդ կրեր:

Ամեն ինչ սկսվել էր շուրջ մեկ տարի առաջ, Ֆլորիդայի գրադարաններից մեկում: Նրան շատ էր հետաքրքրել մի գիրք՝ հատկապես լուսանցքի գրառումներով, որոնք հուշում էին գրառումներ կատարողի զգայուն հոգու և խորաթափանց մտքի մասին:
Մեծ ջանքեր գործադրելով՝ նա պարզել էր գրքի նախորդ ընթերցողին. օրիորդ Հոլիս Մեյնելն ապրում էր նյու Յորքում: Ջոնը նամակ էր գրել նրան և առաջարկել նամակագրական կապ:
Հաջորդ օրը նրան ուղարկել էին ռազմաճակատ. սկսվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հաջորդած ժամակահատվածում նրանք նամակների միջոցով լավ ճանաչել էին միմյանց, նրանք սիրավեպը խուստումնալից էր:
Ջոնը խնդրել էր Հոլիսի լուսանկարը, սակայն աղջիկը մերժել էր, քանի որ կարծում էր, թե եթե Ջոնի մտադրությունը լուրջ էր, ապա իր տեսքը պետք է որ մեծ նշանակություն չունենար:
Երբ եկավ Ջոնի վերադարձի օրը, նրանք նշանակեցին իրենց առաջին հանդիպումը Նյու Յորքի կենտրոնական կայարանում:
«Դու ինձ կճանաչես վերնահագուստիս ամրացված կարմիր վարդով», - գրել էր Հոլիսը:
Նշանակված ժամին Ջոնը կայարանում սպասում էր աղջկան, ում սրտանց սիրում էր, սակայն դեմքով չէր ճանաչում:
Եվ ահա, Ջոնին մոտեցավ շատ գեղեցիկ, սլացիկ, շիկահեր, խոշոր երկնագույն աչքերով մի աղջիկ: Իր բաց կանաչ վերնահագուստով նա ասես գարուն լիներ… Ջոնն այնպես հուզված էր, որ իսկույն ուղղվեց դեպի նա՝ մոռանալով նայել, թե կրծքին վարդ կար, թե ոչ: Երբ նրանց բաժանում էր ընդամենը մի քանի քայլ, աղջիկը քմծիծաղով ասաց. «Դուք ինձ խանգարում եք անցնել», և շարունակեց ճանապարհը:
Այդ պահին երևաց Հոլիսը՝ կրծքին կարմիր վարդ, մինչդեռ բաց կանաչ վերնահագուստով գեղեցկուհին գնալով հեռանում էր:
Ջոնի դիմաց կանգնած էր քառասունն անց բավական գեր, ալեխառն մազերով մի կին: Ջոնը խիստ հիասթափված էր, սրտաբեկ, մեծ ցանկություն ուներ շրջվել և գնալ գեղեցկուհու հետևից, սակայն միևնույն ժամանակ երխտագիտության զգացում ուներ հանդեպ այն կինը, ում նամակներն իրեն ուժ էին տվել և սատարել կյանքի ամենադժվար պահերին:
Կնոջ դեմքը բարի և անկեղծ էր, մոխրագույն աչքերում ջերմություն և լույս կար:
Առանց տատանվելու Ջոնը մոտեցավ կնոջը՝ ձեռքում պահած կապույտ գրքույկ, որով նա պիտի ճանաչեր իրեն, և ասաց.
- Ես լեյտենանտ Ջոն Բլենչարդն եմ, իսկ դուք՝ հավանաբար օրիորդ Մեյնե՞լը: Շատ ուրախ եմ, որ վերջապես հանդիպեցինք: Կարո՞ղ եմ ձեզ հրավիրել ընթրիքի:
Կինը ժպտաց.
- Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, տղաս, - պատասխանեց կինը, - սակայն բաց կանաչ վերնազգեստով այն կինը, ով քիչ առաջ անցավ, խնդրեց կրծքիս ամրացնել այս կարմիր վարդը: Նա ասաց, որ եթե դու ինձ մոտենաս և հրավիրես ընթրիքի, ապա ասեմ, որ ինքը ձեզ սպասում է մոտակա ռեստորանում: Նա ասաց, որ դա կլինի յուրօրինակ ստուգում:
Ջոնը և Հոլիսն ամուսնացան, սկայն դրանով պատմությունը չի ավարտվում, քանի որ դա ինչ-որ չափով յուրաքանչյուրիս պատմությունն է: Կյանքում հաճախ հանդիպում ենք վարդ կրող մարդկանց՝ անհրապույր ու մոռացված, անհետաքրիքիր ու մերժված, ում չենք ցանկանում մոտենալ և շփվել: Նրանք մեր սրտերում տեղ չունեն, այլ մեր հոգիների հեռավոր մի անկյունում են:
Հոլիսն իրականում փորձել էր Ջոնին. եթե նա երես դարձներ անհրապույր կնոջից, ապա կկորցներ իր կյանքի ճշմարիտ սերը: Սակայն իրականում մենք հենց այդպես էլ վարվում ենք՝ մերժում և մերժվում ենք, դրանով իսկ հրաժարվելով Աստծո, օրհնությունից, որ թաքնված է մարդկանց սրտերում:
Մարդիկ, կանգ առեք, մտածեք նրանց մասին, ում հետ ընդհանուր ոչինչ չունեք: Դուրս եկեք ձեր տաք և հարմարավետ բնակարանից, գնացեք քաղաքի կենտրոն և մի պատառ հաց, մի բրդուճ տվեք աղքատին: Գնացեք ծերանոց, նստեք ծերերի կողքին և օգնեք նրանց: Գնացեք հիվանդանոց և խնդրեք բուժքրոջը ձեզ ուղեկցել այն հիվանդի մոտ, ում վաղուց չեն այցելել: Նկատեք անհրապույրներին և մոռացվածներին: Թող դա լինի ձեր փորձությունը: Հիշեցեք, որ աշխարհի մերժվածներն իրենց կրծքին վարդ են կրում:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×