Ծնվել է 1974 թ. ապրիլի 23-ին, Արարատի մարզի Ավշար գյուղում:
1980-1990 թթ. նախնական կրթություն է ստացել տեղի միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիներին հաճախել է Ս. Խոր Վիրապ վանք և որպես դպիր մասնակցել կիրակնօրյա ժամերգություններին և Սուրբ Պատարագներին: Դպրոցական տարիներին զուգահեռաբար սովորել է Արարատ քաղաքի երաժշտական դպրոցում:
1991-1996 թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
1996-1997 թթ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
1996 թ. ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի (Ներկայիս Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի) ձեռնադրվել է սարկավագ:
1997 թ.-ին ծառայության է անցել Մայրավանքում, ապա Արարատյան Հայրապետական թեմում, այնուհետև՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում՝ որպես վերակացու:
1999 թ.-ի սեպտեմբերի 19-ին, ձեռամբ Տեր Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: Ձեռնադրությունից հետո ծառայել է Երևանում՝ Եռաբլուր Ս. Վարդանանց, ապա՝ Արարատի մարզի Արարատ գյուղի Ս. Հակոբ եկեղեցիներում, այնուհետև որպես ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես սահմանային զորամասի հոգևոր սպասավոր:
2002 թ.-ին, ավարտելով զինվորական ծառայությունը, ծառայության է անցել Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա:
2005 թ.-ի փետրվարի 1-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ստացել է լանջախաչ կրելու իրավունք:
2013 թ.-ի նոյեմբերի 4-ից ծառայել է Նորագավթի Ս. Գևորգ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
2014 թ.-ի փետրվարի 25-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:
2019 թ.-ից նշանակվել է ծառայության ՀԱԹ Ս. Երրորդություն եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
2023 թ.-ից նշանակվել է ծառայության Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: