06
Հունս

Ս. Պողոս Առաքյալի խոսքի համաձայն միանգամայն բնական է, որ «թեև կան զանազան պաշտոններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում...» (Ա Կոր. 12: 5)։ Ուրեմն ինչո՞ւմն է Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիների միջև հակասությունը։

Սկսած միջին դարերից՝ ընդհուպ միջև վերջին տարիները Հայ Եկեղեցին Ուղղափառ Եկեղեցուն անվանում էր երկաբնակ (դիոֆիզիտ), իսկ Ուղղափառ Եկեղեցին Հայ Եկեղեցուն՝ միաբնակ (մոնոֆիզիտ)։ 1964թ. Աարգուս (Օրքուս) քաղաքում (Դանիա) սկսվեց երկխոսություն Ուղղափառ և Հին Արևելյան Եկեղեցիների աստվածաբանների միջև. Կողմերը եկան համաձայնության հետևյալ հետևություններով.
- Ուղղափառ Եկեղեցիները երկաբնակ չեն, քանի որ երկաբնակությունը նեստորականությունն է, իսկ Ուղղափառ Եկեղեցիները մերժում են նեստորականությունը,
- Հին Արևելյան Եկեղեցիները՝ այդ թվում նաև Հայ Եկեղեցին, միաբնակ չեն, քանի որ միաբնակությունը եվտիքեսական աղանդն է, ինչը նզովում է Հայ Եկեղեցին։


Հայ Եկեղեցու ուսմունքը հստակորեն հայտնի է միջեկեղեցական հարաբերությունների շրջանակներում հայ եկեղեցական մատենագրությունից։ Մասնավորաբար Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց» (չորրորդ դար) աշխատության մեջ կա «Վարդապետություն Սուրբ Գրիգորի» երկը, որտեղ հստակորեն այն ձևակերպված է. «Սուրբ Որդին Աստված առաքվեց Աստծուց, առավ մարմին Կույսից. կատարյալ մարդ է Իր կատարյալ Աստվածությամբ, քանզի բնությամբ միացավ մարմնին և խառնեց մարմինն Իր Աստվածությանը... Խոնարհվեց և խառնեց Իր Աստվածությունը մարդկության հետ, Անմահին՝ մահկանացուի հետ, որպեսզի մարդկանց մասնակից դարձնի Իր Աստվածության անմահությանը... խառնեց մեզ Իր Աստվածության հետ...»։


Գրեթե նույն միտքն է արտահայտում նաև Սուրբ Եղիշեն (հինգերորդ դար) իր «Վարդապետություն Քրիստոսի Հարության մասին» երկում. «Որդին Հոր կամքով հանձն առավ մեր բնության մարմինը և չարչարվեց Իր մարմնով խաչի վրա միչև մահանալը, թաղվելն ու հարություն առնելը։ Որի համար (Նա) մարմնացյալ Աստված է. և այսուհետև միայն մարմին չէ, այլ նաև Աստված, և Աստված՝ ոչ առանց մարմնի, և մարմինը բնությամբ ծանր չէ, այլ՝ աստվածային, պարզ և անքանակ, աներբ և անուր։ Անբաժանելի և անքակտելի Բանն Աստված միշտ անճառ և անպատում, Նրա հետ անճառելի է և Իր մարմինը»։


Հայ Եկեղեցու ուսմունքը վերջնականորեն ձևակերպել է Ս. Ներսես Շնորհալին Բյուզանդիայի Մանուել կայսերն ուղղված «Հայաստանյայց Եկեղեցու հավատքի սահմանումը» աշխատության մեջ 1166թ. «Խոստովանում ենք, որ Մեկ է՝ Երեք Անձերից, Որդին... պարագրվեց Կույսի արգանդում..., ընդունելով Նրանից մեր մեղավոր և եղծանելի բնությունը՝ հոգին, միտքն ու մարմինը... Բանն Աստված... նրա միջից երևութապես չանցավ՝ կարծես խողովակի միջով, ինչես այլայլվելով ստախոսում էր Եվտիքեսը... Չկա մեկը և դարձյալ մյուսը, այլ Միասնական Էություն և Մեկ Դեմք երկու բնություններից՝ Մեկ Հիսուս Քրիստոսի մեջ՝ միավորված անխառն, անշփոթ և անբաժան միութամբ... Մենք խոստովանում ենք, որ երկու բնություններից եղավ մեկը և միության մեջ երկուսից ոչ մեկը չկորավ»։


Խոսելով երկու կամքի և երկու ներգործության խնդրի մասին՝ Ս. Ներսեսն ընդգծում է. «...Մենք կամքի վերաբերյալ չենք խորհում այնպես, որպես թե Քրիստոսի մեջ Աստվածային կամքը հակառակ էր մարդկային կամքին կամ մարդկայինը՝ Աստվածայինին, այլ Ինքնագո Մեկ Էության կամքը տարբեր ժամանակ տարբեր էր լինում. երբեմն Աստվածային՝ երբ Նա կամենում էր հայտնել Իր Աստվածային զորությունը, և երբեմն մարդկային՝ երբ կամենում էր ցույց տալ Իր մարդկային խոնարհությունը...»։ «...Նմանությամբ այն բանի, որ Աստծո մեկ ինքնիշխան կամքի մեջ ցանկությունը լինի երկակի՝ Աստվածային և մարդկային, առանց հակադրության (մեկը մյուսին), հավատում ենք որ և ներգործությունն էլ միության մեջ նույնպես Աստվածային և մարդկային էր... Երկու հակադրվող բնություններից միացած, Մեկ դարձած՝ կրում էր Իր մեջ երկուսի հակադիր զգայությունները. մարդկային բնությամբ՝ չարչարանքներն ու մահը, Աստվածային բնությամբ՝ անկիրք վիճակը և անմահությունը։ Նա, ով մեռավ մարմնով, կենդանի էր Աստվածությամբ»։


19-րդ դարի ռուս աստվածաբան Ի. Տռոիցկին, վերլուծելով Ս. Ներսես Շնորհալու «Հավատքի սահմանումը» աշխատությունը, կատարեց հետևյալ հետևությունները.
1. Ս. Ներսես Շնորհալին Քաղկեդոնի ժողովի նման մարմնավորումը սահմանում է որպես երկու՝ Աստվածային և մարդկային, բնությունների միավորում։
2. Ուղղափառ Եկեղեցու նման ընդունում է, որ Քրիստոսի մարմնի բնությունը Սուրբ Կույս Մարիամի մարմնին բնութենակից է՝ մերժելով Եվտիքեսի մոլորությունը, թե Քրիստոսի մարմնի բնությունը մարդկայինից տարբեր բնություն է։
3. Ուղղափառ Եկեղեցու նման ընդունում է, որ երկու բնություների բոլոր էական հատկությունները միության մեջ ամբողջությամբ պահպանվեցին, դրանով մերժում է նաև Աստվածային բնության մեջ մարդկային բնության լուծվելը կամ մեկ բնության մյուսին փոխվելը։
4. Ուղղափառ Եկեղեցու նման ընդունում է հատկությունների հաղորդակցությունը։
5. Ուղղափառ Եկեղեցու նման դատապարտում է Եվտիքեսին և եվտիքեսական միաբնակությունը։
Ուստի, ինչպես տեսնում եք, հակասության ոչ մի առիթ չկա։ Տեղի ունեցող հակասությունների պատճառը Ուղղափառ Եկեղեցու որոշ ներկայացուցիչների՝ հոգևորական թե աշխարհական, Հայ Եկեղեցու դավանանքի նկատմամբ կամ տգիտությունն է, կամ քաղաքական նկատառումներով կանխամտածված թերհասկացողությունը, իրեն հզոր կարծողի իրենից իբրև թե փոքր համարվողի նկատմամբ վերաբերմունքն է, կամ, ինչպես Հովհաննես Թումանյանն է ասում. «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»։

 


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան (ըստ Աստվածաբանության Դոկտոր արքեպ. Եզնիկ Պետրոսյանի «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի» աշխատության)