Oրվա ընթերցվածք
Թուեր 11.24-27
24 Մովսէսն ելաւ ու ժողովրդին հաղորդեց Տիրոջ ասածը։ Նա ժողովրդի ծերերի միջից հաւաքեց եօթանասուն տղամարդկանց ու նրանց կանգնեցրեց խորանի շուրջը։ 25 Տէրն իջաւ ամպի մէջ, խօսեց Մովսէսի հետ, առաւ նրան տրուած ոգուց եւ դրեց եօթանասուն ծեր տղամարդկանց մէջ։ Երբ ոգին հանգչեց նրանց վրայ, նրանք մարգարէացան բանակատեղիում, բայց դա այլեւս չկրկնուեց։ 26 Բանակատեղիում այդ ծերերից մնաց երկու մարդ. մէկի անունը Ելդադ էր, իսկ երկրորդինը՝ Մոդադ։ Ոգին հանգչեց նրանց վրայ էլ։ Նրանք եւս այդ եօթանասուն գրանցուածների մէջ էին, խորան չէին եկել, բայց մարգարէութիւն էին անում բանակատեղիում։ 27 Մի պատանի, գալով Մովսէսի մօտ, այդ մասին պատմեց նրան ու ասաց. «Ելդադն ու Մոդադը մարգարէութիւն են անում բանակատեղիում»։
Իմաստություն Սողոմոնի 6.11-17
11 Այն ամէնը, ինչ սուրբ է, պահեցէ՛ք սրբութեամբ,
եւ դուք պիտի սրբանաք.
նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանութիւն պիտի գտնեն։
12 Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին,
փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէ՛ք։
13 Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը,
դիւրին է յայտնւում իրեն սիրողներին
եւ հեշտ է գտնւում փնտռողներից։
14 Նա ինքն է հասնում իրեն ցանկացողներին՝ աւելի շուտ ճանաչուելու համար։
15 Ով վաղ է ելնում նրան փնտռելու, նա չի չարչարուի,
որովհետեւ դեգերելիս կը գտնի այն իր դռան մօտ։
16 Նրա մասին մտածելն արդէն կատարեալ իմաստութիւն է,
եւ ով տքնում է նրա համար, շատ շուտ էլ կը թեթեւանայ հոգսից։
17 Արդարեւ, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին,
եւ քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ,
ինքն է նրանց տալիս ամէն մի հնարագիտութիւն։
Պողոս առաքեալի թուղթը հռոմեացիներին 8.2-6
2 որովհետեւ Քրիստոս Յիսուսով կեանք տուող հոգու օրէնքը ինձ փրկեց մեղքի եւ մահուան օրէնքից. 3 քանզի, ինչ որ անհնար էր օրէնքի համար, որ տկարանում էր մարմնի պատճառով, Աստուած հնարաւոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանութեամբ եւ մեղքի համար ու մարմնի մէջ դատապարտեց մեղքը, 4 որպէսզի օրէնքի արդարութիւնը կատարուի մեր մէջ, մեր, որ ոչ թէ ըստ մարմնի ենք ընթանում, այլ՝ ըստ հոգու. 5 արդարեւ նրանք, որ ըստ մարմնի են, մարմնինն են խորհում, իսկ նրանք, որ ըստ հոգու են, հոգունը. 6 քանի որ մարմնաւոր խորհուրդը մահ է, իսկ հոգեւոր խորհուրդը կեանք եւ խաղաղութիւն.
Ավետարան ըստ Հովհաննեսի 3.1-8
ՅԻՍՈՒՍ ԵՒ ՆԻԿՈԴԵՄՈՍԸ
1Եւ փարիսեցիների մէջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանաւոր էր։ 2 Սա գիշերով եկաւ նրա մօտ ու նրան ասաց. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»։ 3 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը տեսնել»։ 4 Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնուել մի մարդ, որ ծեր է. միթէ կարելի՞ է իր մօր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնուել»։ 5 Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը մտնել. 6 որովհետեւ մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը՝ հոգի։ 7 Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է ձեզ վերստին ծնուել. 8 որովհետեւ քամին ուր ուզում է՝ փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է եւ ամէն ոք, որ Հոգուց է ծնուած»։