Օրվա ընթերցվածք

Օրվա ընթերցվածք

  •    2024-12-20

Թուղթ Եբրայեցիներին  3.12-4.10

 

12Եղբայրնե՛ր, տեսե՛ք, ձեզանից որևէ մեկի մեջ թող երբեք չլինի չար ու անհավատ սիրտ և ապստամբի կենդանի Աստծու դեմ։ 13Բայց ամեն օր հորդորե՛ք միմյանց, քանի այդ «այսօրը» դեռ առջևում է, որպեսզի ձեզնից ոչ ոք չկարծրանա մեղքի խաբեությամբ։ 14Ահա մասնակից եղանք Քրիստոսին, միայն թե հաստատ պահենք այն վստահությունը, որ ունեցել ենք սկզբից, 15քանի որ ասված է.

 

Այսօր եթե նրա ձայնը լսեք,

մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես դառնության ժամանակ (Սաղ. 94(95).7-8)։

 

16Քանզի ովքե՞ր էին, որ լսեցին և դառնացրին նրան. չէ՞ որ բոլոր նրանք, ովքեր Մովսեսի միջոցով դուրս էին եկել Եգիպտոսից։ 17Ումի՞ց վրդովվեց քառասուն տարի. չէ՞ որ հանցանք գործածներից, որոնց ոսկորներն ընկան այնտեղ՝ անապատում։ 18Ո՞ւմ երդվեց, որ չպիտի մտնեն իր հանգստի մեջ, եթե ոչ՝ անհնազանդներին։

 

19Եվ տեսնում ենք, որ նրանք չկարողացան մտնել իրենց անհավատության պատճառով։

 

1Զգո՛ւյշ լինենք, ուրեմն, որ նրա հանգստի մեջ մտնելու խոստումից, որ տրված է մեզ, ձեզնից որևէ մեկը չզրկվի. 2քանզի ավետված է, ինչպես և նրանց։ Բայց խոսքը լսելը օգտակար չեղավ անապատում եղողներին, որոնք հավատով չլսեցին այն։ 3Իսկ մենք, որ հավատացինք, մտնելու ենք այդ հանգստի մեջ, ինչպես որ նա ասաց.

 

«Ինչպես երդվեցի իմ բարկության մեջ ասելով,

թե՝ “Չպիտի մտնեն իմ հանգստի մեջ”» (Սաղ. 94(95).11)թեև նրա գործերը աշխարհի սկզբից կատարված էին։

4Քանզի մի տեղ յոթերորդ օրվա մասին այսպես է ասված. «Եվ Աստված յոթերորդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից» (Ծնն. 2.2)։ 5Եվ այստեղ դարձյալ ասում է. «Չպիտի մտնեն իմ պատրաստած հանգստի վայրը» (Սաղ. 94(95).11)։ 6Թեև ոմանք կարող էին այդ հանգստի վայրը մտնել, հատկապես նրանք, որ լսեցին ավետաբեր լուրը, սակայն չմտան իրենց անհավատության պատճառով։ 7Դարձյալ մի ուրիշ օր է սահմանում, «Այսօրը»։ Երկար ժամանակ հետո ասում է, ինչ որ Դավթի բերանով ասվել է ավելի առաջ.

«Այսօր եթե նրա ձայնը լսեք,

մի՛ կարծրացրեք ձեր սրտերը» (Սաղ. 94(95).7-8)։

8Որովհետև, եթե Հեսուն դրանց հանգիստ տված լիներ, ապա դրանից հետո Աստված ուրիշ օրվա մասին չէր խոսի։ 9Արդ, ուրեմն, Աստծու ժողովրդի համար դեռ մնում է մի ուրիշ հանգստի օր։ 10Որովհետև, ով մտնում է նրա հանգստի մեջ, հանգստանում է իր գործերից, ինչպես Աստված էլ հանգստացավ իր գործերից։ 


Ավետարան ըստ Ղուկասի 18.1-8

 

Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը

 

1Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե ինչպես ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան աղոթքից. 2«Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում։ 3Նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ և ասում. “Իմ ոսոխի դեմ իմ դա՛տն արա”։ 4Եվ դատավորը երկար ժամանակ անտեսում էր։ Բայց դրանից հետո իր մտքում ասաց. “Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, 5բայց այն բանի համար, որ այրի կինն ինձ հոգնեցնում է, նրա դատն անեմ, որ անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի”»։ 6Եվ Տերն ասաց. «Լսե՛ք, թե ի՛նչ էր ասում անիրավ դատավորը։ 7Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։ 8Այո՛, ասում եմ ձեզ, նրանց հանդեպ իսկույն արդարություն կանի. իսկ երբ Մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»։