Oրվա ընթերցվածք

Oրվա ընթերցվածք

  •    2025-05-21

Ավետարան ըստ Ղուկասի 12.49-13.9

 

49 «Երկրի վրա կրակ գցելու եկա. և ինչքա՜ն լավ կլիներ, որ արդեն իսկ բորբոքված լիներ։ 50 Սակայն մի փորձություն ունեմ անցնելու և ինչպե՜ս եմ շտապում, որ կատարվի։ 51 Կարծում եք, թե եկա երկրին խաղաղությո՞ւն բերելու. ասում եմ ձեզ, իմ գալը բաժանում պիտի բերի։ 52 Որովհետև մեկ տան մեջ այսուհետև հինգ հոգի իրարից բաժանված պիտի լինեն. երեքը՝ երկուսի դեմ, և երկուսը՝ երեքի։

53 Հայրը պիտի հակառակվի որդուն,

և որդին՝ Հորը,

մայրը՝ աղջկան, և աղջիկը՝ մորը,

սկեսուրը՝ հարսին, և հարսը՝ իր սկեսրոջը (հմմտ. Միք. 7.6)»։

Կանխատեսել ժամանակների նշանները

(Մտթ. 16.2-3)

54 Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնում եք, որ արևմուտքից ամպ է ելնում, ասում եք, թե՝ անձրև կգա։ Եվ այդպես էլ լինում է։ 55 Եվ երբ հարավի քամին է փչում, ասում եք, թե՝ խորշակ կլինի։ Եվ այդպես էլ լինում է։ 56 Կեղծավորնե՛ր, երկնքի և երկրի երևույթները քննել գիտեք, իսկ ներկա ժամանակի խորհուրդը ինչպե՞ս չեք կարողանում քննել։ 57 Ինչո՞ւ դուք անձնապես արժանին չեք ընտրում։ 58 Երբ օրինակի համար քո թշնամու հետ գնաս դատավորի մոտ, ճանապարհին, մինչ ժամանակ կա, հաշտվի՛ր նրա հետ, որովհետև գուցե նա քեզ քարշ տա դատավորի մոտ, և դատավորը քեզ բանտապահի ձեռքը հանձնի, իսկ բանտապահն էլ՝ բանտ նետի։ 59 Ասում եմ քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև վերջին լուման չվճարես»։

ոչ ապաշխարության

1 Այդ նույն ժամանակ ոմանք եկան և պատմեցին նրան այն գալիլեացիների մասին, որոնց Պիղատոսը սպանեց, երբ նրանք զոհ էին մատուցում, և նրանց արյունը խառնվեց զոհերի արյան հետ։ 2 Նա պատասխանեց նրանց և ասաց. «Կարծում եք, թե այն գալիլեացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկվեցին, ավելի մեղավո՞ր էին, քան մնացած բոլոր գալիլեացիները։ 3 Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք։ 4 Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, կարծում եք, թե ավելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ։ 5 Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք»։

Անպտուղ թզենին

6 Պատմեց և այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել, և երբ պտղի ժամանակը հասավ, նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու ու չգտավ։ 7 Այգեգործին ասաց. “Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտրելու և չեմ գտնում. արդ, կտրի՛ր այն. ինչո՞ւ է հողն իզուր զբաղեցնում”։ 8 Այգեգործը պատասխանեց և ասաց. “Տե՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, որպեսզի նրա շուրջը փորեմ և աղբ լցնեմ. 9 գուցե պտուղ տա. ապա թե ոչ՝ մի տարուց հետո կկտրես այն”»։

 

Գործք Առաքելոց 18.12-28

 

Պողոսն ատյանի առաջ

12 Աքայացիների բդեշխի փոխանորդ Գաղիոնի օրոք հրեաները միաբանվելով Պողոսի դեմ ելան ու նրան ատյան բերեցին՝ 13 ասելով. «Սա մարդկանց դրդում է, որ Օրենքին հակառակ եղանակով պաշտեն Աստծուն»։ 14 Եվ երբ Պողոսը պատրաստվում էր բանալու իր բերանը, Գաղիոնը հրեաներին ասաց. «Ո՛վ հրեաներ, եթե որևէ անիրավություն կամ մի չարանենգ խարդախություն եղած լիներ, պատեհ էր, որ ես ձեզ անսայի. 15 բայց եթե խնդիրներ կան խոսքի, անունների և կամ ձեր օրենքների մասին, դուք ինքնե՛րդ քննեք, քանի որ այդպիսի բաների դատավոր լինել չեմ կամենում»։ 16 Եվ նրանց ատյանից դուրս արեց։ 17 Իսկ բոլոր հույները, ժողովրդապետ Սոսթենեսին բռնելով, ատյանի առաջ ծեծում էին, և Գաղիոնը բնավ չէր մտահոգվում։

Պողոսի վերադարձը Անտիոք

18 Իսկ Պողոսը, դեռ շատ օրեր մնալով, եղբայրներին հրաժեշտ տվեց ու նավարկեց դեպի Ասորիք։ Նրա հետ էին նաև Պրիսկիլլան և Ակյուղասը։ Պողոսը Կենքրայում գլուխը խուզել էր, քանի որ ուխտավոր էր դարձել։ 19 Եփեսոս հասնելով՝ նրանց այնտեղ թողեց, իսկ ինքը, ժողովարան մտնելով, խոսքն ուղղեց հրեաներին։ 20 Եվ նրան աղաչեցին, որ երկար ժամանակ այնտեղ մնա, բայց հանձն չառավ, 21 այլ հրաժեշտ տվեց նրանց ու ասաց. «Աստծու կամքով նորից կգամ ձեզ մոտ»։ Այնուհետև Եփեսոսից մեկնեց 22 ու իջավ Կեսարիա, հետո ելավ վեր՝ Երուսաղեմ, և ողջույն տվեց եկեղեցուն, ապա իջավ Անտիոք։ 23 Միառժամանակ այստեղ մնալուց հետո ելավ հերթով շրջելու գաղատացիների երկրով և Փռյուգիայով՝ ամրապնդելով բոլոր աշակերտածներին։

Ապողոսի քարոզչությունը Եփեսոսում

24 Ապողոս անունով մի հրեա՝ ծագումով ալեքսանդրիացի, ճարտարախոս մարդ, եկավ հասավ Եփեսոս։ Նա Սուրբ Գրքին հմուտ էր։ 25 Տեղյակ էր նա Տիրոջ ճանապարհին և եռում էր հոգով, խոսում և ճշմարտությամբ ուսուցանում էր Հիսուսի մասին, բայց գիտեր միայն Հովհաննեսի մկրտությունը։ 26 Նա սկսեց ժողովարանում համարձակորեն խոսել։ Նրան լսելով՝ Ակյուղասն ու Պրիսկիղան նրան իրենց մոտ առան և ճշմարտագույնս բացատրեցին Աստծու ճանապարհը։ 27 Իսկ երբ կամեցավ Աքայիա գնալ, եղբայրները համաձայնվեցին և գրեցին աշակերտներին, որ նրան ընդունեն։ Երբ նա տեղ հասավ, Աստծու շնորհով շատ օգտակար եղավ հավատացյալներին, 28 քանի որ հրեաներին բուռն կերպով հրապարակավ հանդիմանում էր՝ Սուրբ Գրքի միջոցով ապացուցելով, որ Հիսուսն է Քրիստոսը։

 

Հովհաննես առաքյալի Ա թուղթը 2.18-23

 

Նեռը՝ հակաքրիստոսը

18 Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Եվ, ըստ այսմ, ինչպես լսել եք, Նեռը գալու է. արդեն իսկ եկել են բազում նեռեր, և հենց դրանից կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է։ 19 Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ նրանք ամենքը մեզնից չեն։

20 Իսկ դուք օծում ունեք Սրբից և ամեն բան գիտեք։

21 Գրեցի ձեզ ոչ թե որովհետև ճշմարտությունը չգիտեք, այլ որովհետև գիտեք այն. գիտեք նաև այն, որ ամեն ստախոսություն ճշմարտությունից չէ։

22 Իսկ ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, որ ուրանում է, թե Հիսուսը Քրիստոսն է։ Նա է նեռը, որ ուրանում է Հորը և Որդուն։

23 Ամեն մարդ, որ ուրանում է Որդուն, չի ընդունում Հորը։ Իսկ ով խոստովանում է Որդուն, նա ընդունում է նաև Հորը։

 

Ավետարան ըստ Հովհաննեսի 8.12-20

 

Հիսուսը՝ լույսն աշխարհի

 

12 Հիսուսը կրկին խոսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը»։ 13 Փարիսեցիները նրան ասացին. «Դու ինքդ քո մասին ես վկայում, բայց քո վկայությունը հավաստի չէ»։ 14 Հիսուսը պատասխանեց նրանց. «Թեպետ ես ինքս իմ մասին եմ վկայում, սակայն իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղի՛ց եկա և ո՛ւր եմ գնում։ Իսկ դուք չգիտեք՝ որտեղի՛ց եմ գալիս կամ ո՛ւր եմ գնում։ 15 Դուք ըստ մարմնի եք դատում, իսկ ես ոչ ոքի չեմ դատում, 16 և եթե թեկուզ մեկին դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետև մենակ չեմ, այլ ես եմ, և ինձ հետ է նաև իմ Հայրը, որն ուղարկեց ինձ։ 17 Եվ ձեր Օրենքում իսկ գրված է, թե երկու մարդու վկայությունը ճշմարիտ է։ 18 Ես ինքս եմ վկայում իմ մասին, և իմ մասին վկայում է Հայրը, որ ուղարկեց ինձ»։ 19 Նրան ասացին. «Որտե՞ղ է քո Հայրը»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Ո՛չ ինձ եք ճանաչում և ո՛չ էլ իմ Հորը. եթե ինձ ճանաչեիք, թերևս իմ Հորն էլ կճանաչեիք»։

20 Հիսուսն այս խոսքերը խոսեց գանձատանը, երբ ուսուցանում էր տաճարում. սակայն ոչ ոք նրան չբռնեց, որովհետև նրա ժամը դեռ չէր հասել։

 

Ավետարան ըստ Մատթեոսի 14.22-36

 

Հիսուսը քայլում է ջրի վրայով

(Մրկ. 6.45-52, Հովհ. 6.15-21)

22 Հիսուսն իսկույն ևեթ հանձնարարեց իր աշակերտներին նավակ նստել և անցնել լճի մյուս կողմը, մինչև որ ինքը ժողովրդին արձակի։ 23 Ժողովրդին արձակելուց հետո լեռը բարձրացավ՝ առանձին աղոթք անելու։ Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, 24 իսկ նավակը ցամաքից բավական հեռացել էր և ալիքներից տարուբերվում էր, որովհետև քամին դիմացից էր։ 25 Գիշերվա չորրորդ հերթափոխին* Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ։ 26 Երբ աշակերտները տեսան, որ քայլում է լճի վրայով, այլայլվեցին և ասացին՝ ուրվական է, և վախից աղաղակեցին։ 27 Հիսուսն անմիջապես խոսեց նրանց հետ և ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»։ 28 Պետրոսը դիմեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ 29 Նա ասաց՝ ե՛կ։ Պետրոսը, նավակից իջնելով, քայլեց ջրի վրայով և եկավ Հիսուսի մոտ։ 30 Սակայն տեսնելով ուժեղ քամին՝ վախեցավ, և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ 31 Հիսուսը ձեռքն իսկույն երկարեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։ 32 Երբ նրանք նավակ բարձրացան, քամին հանդարտվեց։ 33 Եվ ովքեր նավակի մեջ էին, մոտեցան երկրպագեցին նրան և ասացին. «Իսկապե՛ս Աստծու Որդին ես դու»։

Բժշկումներ Գեննեսարեթում

(Մրկ. 6.53-56)

34 Ապա անցան և ցամաք ելան Գեննեսարեթում։ 35 Երբ տեղի բնակիչները Հիսուսին ճանաչեցին, մարդիկ ուղարկեցին ամբողջ գավառով մեկ և նրա մոտ բերեցին բոլոր հիվանդներին։ 36 Եվ նրան աղաչում էին, որ գոնե նրա հագուստի քղանցքին միայն դիպչեն, և ովքեր դիպան, փրկվեցին։