Ավետարան ըստ Ղուկասի 9.1-17
Տասներկուսի առաքելությունը
(Մտթ. 10.5-15, Մրկ. 6.7-13)
1 Կանչելով տասներկու առաքյալներին՝ նրանց զորություն և իշխանություն տվեց բոլոր դևերի վրա և բժշկելու հիվանդությունները։ 2 Եվ ուղարկեց նրանց քարոզելու Աստծու արքայությունը և բժշկելու ախտերով վարակվածներին։ 3 Եվ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրեք. ո՛չ գավազան և ո՛չ մախաղ, ո՛չ հաց և ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցեք։ 4 Որ տունը մտնեք, այնտե՛ղ գիշերեք և ապա այնտեղից գնացե՛ք։ 5 Եվ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպես վկայություն նրանց դեմ՝ ձեր ոտքերի փոշին թոթափե՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնեք»։ 6 Եվ նրանք ելան ու շրջում էին քաղաքներում և գյուղերում, ավետարանում էին և բժշկում ամեն տեղ։
Հերովդեսը և Հիսուսը
(Մտթ. 14.1-12, Մրկ. 6.14-29)
7 Հերովդես չորրորդապետը լսեց այս բոլոր գործերը և զարմանում էր, որ ոմանք ասում էին, 8 թե՝ «Հովհաննեսը մեռելներից հարություն է առել», ոմանք թե՝ «Եղիան հայտնվեց», և ուրիշներ էլ թե՝ «Նախկին մարգարեներից մեկը հարություն է առել»։ 9 Հերովդեսը, սակայն, ասաց. «Հովհաննեսին ես գլխատեցի, իսկ սա ո՞վ է, որի մասին այսպիսի բաներ եմ լսում»։ Եվ ուզում էր նրան տեսնել։
Հացի բազմացումը և հինգ հազարի կերակրումը
(Մտթ. 14.13-21, Մրկ. 6.30-44, Հովհ. 6.1-14)
10 Առաքյալները վերադարձան և Հիսուսին պատմեցին այն ամենը, ինչ որ արեցին։ Նրանց վերցնելով՝ հեռացավ Բեթսայիդա քաղաքի մոտ ամայի մի վայր։ 11 Սակայն ժողովուրդը իմացավ և գնաց նրա հետևից. ընդունելով նրանց՝ խոսում էր նրանց հետ Աստծու արքայության մասին, իսկ որոնք բժշկվելու կարիք ունեին, բժշկում էր։
12 Օրն սկսեց տարաժամել։ Տասներկուսը մոտեցան և ասացին նրան. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակա գյուղերը և ագարակները, հանգստանան և կերակուր գտնեն, որովհետև այստեղ ամայի վայրում ենք»։ 13 Նրանց ասաց. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ Նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից և երկու ձկից ավելին չունենք, եթե չգնանք և այս ժողովրդի համար բավարար ուտելիք չգնենք»։ 14 Որովհետև շուրջ հինգ հազար մարդ կար։ Նա աշակերտներին ասաց. «Նստեցրե՛ք դրանց խումբ-խումբ, հիսուն-հիսուն»։ 15 Այդպես արեցին ու ամենքին նստեցրին։ 16 Վերցնելով հինգ նկանակը և երկու ձուկը՝ նայեց դեպի երկինք, օրհնեց, կտրեց և աշակերտներին տվեց, որպեսզի ժողովրդի առաջ դնեն։ 17 Ամենքը կերան և հագեցան, տասներկու սակառ էլ կտորտանք հավաքեցին։
Գործք առաքելոց 12.25-13.15
25 Այդ ընթացքում Բառնաբասն ու Սողոսն իրենց գործը կատարելուց հետո Երուսաղեմից վերադարձան Անտիոք։ Իրենց հետ վերցրել էին նաև Հովհաննեսին, որ Մարկոս էր կոչվում։
1 Անտիոքում գտնվող եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասը և Շմավոնը, որ կոչվում էր Նիգեր, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի դայեկորդին, և Սողոսը։ 2 Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մեջ էին և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Առանձնացրե՛ք ինձ համար Բառնաբասին և Սողոսին այն գործի համար, որին ես կոչել եմ նրանց»։ 3 Այն ժամանակ ծոմ պահելով և աղոթելով՝ ձեռք դրեցին նրանց վրա և ուղարկեցին։
Առաքյալների քարոզչությունը Կիպրոսում
4 Նրանք, Սուրբ Հոգուց ուղարկված, իջան Սելևկիա ու այնտեղից նավարկեցին դեպի Կիպրոս։ 5 Սալամինա հասնելով՝ հրեաների ժողովարաններում Աստծու խոսքն էին քարոզում՝ որպես օգնական ունենալով նաև Հովհաննեսին։ 6 Շրջելով ամբողջ կղզին մինչև Պաֆոս՝ այնտեղ գտան ոմն մոգի՝ մի հրեա սուտ մարգարեի, որի անունը Բարեհեսու էր։ 7 Նա բդեշխի փոխանորդ Սերգիոս Պողոսի հետ էր ապրում, որը իմաստուն մարդ էր։ Սերգիոսը, աղաչելով Բառնաբասին և Սողոսին, կամենում էր լսել Աստծու խոսքը։ 8 Բայց նրանց դեմ դուրս եկավ Եղիմաս մոգը (որովհետև նրա անունն այսպես է թարգմանվում) և ուզում էր բդեշխի փոխանորդին հավատից շեղել։ 9 Իսկ Սողոսը, որը նույն Պողոսն է, Սուրբ Հոգով լցված, նայեց նրան 10 ու ասաց. «Դու, որ լի ես ամեն նենգությամբ ու խորամանկությամբ, որդի՛ սատանայի, թշնամի՛ ամեն արդարության, Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց չե՞ս դադարելու։ 11 Եվ արդ, ահա Տիրոջ ձեռքը քեզ վրա է. կույր կլինես ու միառժամանակ արև չես տեսնի»։ Անմիջապես նրա վրա մեգ ու խավար իջավ. և խարխափելով առաջնորդողներ էր փնտրում։ 12 Այն ժամանակ բդեշխի փոխանորդը, պատահածները տեսնելով, հավատաց՝ զարմանալով Տիրոջ վարդապետության վրա։
Պողոսը և Բառնաբասը Պիսիդյան Անտիոքում
13 Պաֆոսից խարիսխ վերցնելով՝ Պողոսը և իր հետ եղողները եկան Պամփյուլիայի Պերգե քաղաքը։ Իսկ Հովհաննեսը, նրանցից բաժանվելով, Երուսաղեմ վերադարձավ։ Նրանք էլ, 14 Պերգեից գնալով, եկան Պիսիդյան Անտիոք քաղաքը և շաբաթ օրը ժողովարան մտնելով՝ նստեցին։ 15 Օրենքի ու մարգարեների ընթերցումից հետո ժողովրդապետերը նրանց մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Եղբայրնե՛ր, եթե ժողովրդին ասելու մխիթարանքի խոսքեր ունեք, խոսե՛ք»։
Պետրոս առաքյալի Ա թուղթը 4.12-19
12 Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, որպես թե մի տարօրինակ բան պատահած լիներ ձեզ։
13 Այլ ուրախացե՛ք որպես Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, որպեսզի նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծությամբ բերկրեք։
14 Իսկ եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի՜ եք, քանի որ փառքի և զորության անունը և Աստծու Հոգին է հանգչում ձեզ վրա։ 15 Ձեզնից ոչ ոք թող չտանջվի որպես մարդասպան կամ որպես գող կամ որպես չարագործ կամ որպես ուրիշի գործին խառնվող, 16 այլ իբրև քրիստոնյա՝ թող չամաչի և փառավորի Աստծուն այդ անվամբ, 17 քանի որ ժամանակն է դատաստանն սկսելու Աստծու տնից։ Սակայն եթե այն նախ մեզնից սկսվի, ապա ի՞նչ վախճան կլինի նրանց, ովքեր չհնազանդվեցին Աստծու Ավետարանին։
18 Եվ եթե արդարն է հազիվ փրկվելու, ապա ամբարիշտն ու մեղավորն էլ ո՞ւր պիտի մնան (Առկ. 11.31)։
19 Ուստի նրանք, որ չարչարվում են ըստ Աստծու կամքի, բարեգործություն անելով՝ իրենց հոգիները թող հանձնեն հավատարիմ Ստեղծողին։
Ոչխարների ավազանի անդամալույծի բժշկումը
1 Դրանից հետո հրեաների տոնն էր, և Հիսուսը Երուսաղեմ գնաց։ 2 Եվ Երուսաղեմում՝ Ոչխարների ավազանի՝ Պրոբատիկեի մուտքի մոտ, մի տեղ կար, որ եբրայերեն անվանվում էր Բեթհեզդա, որ հինգ սրահ ուներ։ 3 Դրա մեջ պառկած էր հիվանդների, կույրերի, կաղերի և գոսացածների մի մեծ բազմություն, որ սպասում էին ջրերի խառնվելուն։ 4 Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանն ու ջրերը խառնում. ով ջրերի խառնվելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկվում էր՝ հիվանդությունից նշան անգամ չպահելով։
5 Այնտեղ կար մի մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիվանդ էր։ 6 Երբ Հիսուսը տեսավ, որ նա պառկած ընկած է, և իմացավ, որ դա երկար ժամանակ է, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջանալ»։ 7 Հիվանդը պատասխանեց նրան. «Տե՛ր, ոչ ոք չունեմ, որ երբ ջրերը խառնվեն, ինձ ավազանի մեջ իջեցնի. և մինչ ես դանդաղում եմ, մեկ ուրիշն ինձնից ավելի առաջ է իջնում»։ 8 Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛»։ 9 Եվ մարդն առողջացավ. վեր կացավ, վերցրեց իր մահիճը և ման էր գալիս։ Օրը շաբաթ էր։ 10 Հրեաները բժշկված մարդուն ասացին. «Օրը շաբաթ է, և օրինավոր չէ, որ վերցնես մահիճդ»։ 11 Բայց նա նրանց պատասխան տվեց և ասաց. «Ով ինձ բժշկեց, նա՛ ինձ ասաց՝ “Վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛”»։ 12 Նրան հարցրին ու ասացին. «Ո՞վ է այդ մարդը, որ քեզ ասաց՝ “Վերցրո՛ւ մահիճդ և շրջի՛ր”»։ 13 Բժշկվածը չգիտեր, թե ո՛վ է նա, որովհետև Հիսուսն ամբոխի պատճառով հեռացել էր այդտեղից։ 14 Դրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում ու ասաց նրան. «Ահավասիկ առողջացար, այլևս մի՛ մեղանչիր, որպեսզի մի ավելի չար բան չպատահի քեզ»։ 15 Մարդը գնաց և հրեաներին պատմեց, որ Հիսուսն էր իրեն բժշկողը։
16 Հրեաները Հիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ։ 17 Սակայն Հիսուսը պատասխանեց նրանց. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն ես ևս գործում եմ»։ 18 Դրա համար հրեաներն առավել ևս ուզում էին նրան սպանել, որովհետև ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաև Աստծուն իր Հայրն էր կոչում և իր անձն Աստծուն հավասար էր դասում։
Ավետարան ըստ Մատթեոսի 11.1-24
Հովհաննես Մկրտչի պատգամաբերները
(Ղուկ. 7.18-35)
1 Երբ Հիսուսն ավարտեց իր տասներկու աշակերտներին պատվեր տալը, այդտեղից գնաց քարոզելու և ուսուցանելու շրջակա քաղաքներում։
2 Իսկ Հովհաննեսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին և նրանց միջոցով 3 հարցրեց նրան. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշի սպասենք»։ 4 Հիսուսը պատասխան տվեց նրանց և ասաց. «Գնացեք պատմե՛ք Հովհաննեսին այն, ինչ լսեցիք ու տեսաք. 5 կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և աղքատներն ավետարանվում են։ 6 Եվ երանի՜ նրան, ով չի գայթակղվի իմ պատճառով»։
Հիսուսի վկայությունը Հովհաննես Մկրտչի մասին
7 Երբ Հովհաննեսի աշակերտները գնացին, Հիսուսն սկսեց ժողովրդին ասել Հովհաննեսի մասին. «Անապատում ի՞նչ տեսնելու ելաք. քամուց շարժվող եղե՞գ։ 8 Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարված մարդո՞ւ։ Ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագավորական պալատներում են։ 9 Հապա ի՞նչ տեսնելու ելաք. մարգարեի՞. այո՛, ասում եմ ձեզ, ավելի՛ն, քան մարգարե, 10 որովհետև այդ նա է, ում մասին գրված է.
“Ահա ես իմ պատգամաբերին եմ ուղարկում քո առջևից,
ով քո առաջ կպատրաստի քո ճանապարհը” (Մղք. 3.1)։
11 Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենից փոքրը նրանից ավելի մեծ է։ 12 Հովհաննես Մկրտչի քարոզչության օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը ձեռք բերելու համար ուժ է գործադրվում, և ուժեղներն են հափշտակում այն։ 13 Ամբողջ Օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննեսը մարգարեացան, 14 և եթե ուզում եք ընդունել, նա՛ է Եղիան, որ գալու է։ 15 Ով լսելու ականջ ունի, թող լսի։ 16 Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է այն մանուկներին, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս իրենց ընկերներին 17 և ասում.
“Ձեզ համար փող փչեցինք, բայց չպարեցիք,
ձեզ համար ողբ երգեցինք, բայց չկոծեցիք”։
18 Եկավ Հովհաննեսը. ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, և ասում են. «Նրա մեջ դև կա»։ 19 Եկավ Մարդու Որդին. ուտում ու խմում է, և ասում են. «Ահա ուտող-խմող մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ»։ Բայց Աստծու իմաստությունը հասկացվեց իր որդիների կողմից»։
Վա՜յ անհավատ քաղաքներին
(Ղուկ. 10.13-15)
20 Այդ ժամանակ Հիսուսն սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում նրա բազմաթիվ հրաշքները կատարվեցին, բայց նրանք չապաշխարեցին։ 21 «Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում ու Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քուրձով ու մոխրով ապաշխարել էին։ 22 Բայց ասում եմ ձեզ, Տյուրոսի ու Սիդովնի երկրի համար ավելի դյուրին կլինի դատաստանի օրը, քան ձեզ համար։ 23 Եվ դո՛ւ, Կափառնաո՛ւմ, մինչև երկինք չես բարձրանա, այլ մինչև դժոխք կիջնես, որովհետև եթե Սոդոմում կատարվեին այն հրաշքները, որ քո մեջ կատարվեցին, մինչ այսօր հաստատ կանգուն կլիներ։ 24 Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար ավելի դյուրին կլինի դատաստանի օրը, քան քեզ համար»։
Ավետարան ըստ Մարկոսի 4.21-25
Ճրագի օրինակը
(Ղուկ. 8.16-18)
21 Հետո նրանց ասաց. «Մի՞թե ճրագը բերվում է, որ կաթսայի կամ մահճի տակ դրվի. չէ՞ որ աշտանակի վրա է դրվում։ 22 Արդ, ծածուկ բան չկա, որ չբացահայտվի, և գաղտնի բան չի եղել, որ ի հայտ չգա։ 23 Թե մեկը լսելու ականջ ունի, թող լսի»։ 24 Ապա նրանց ասաց. «Ուշադի՛ր եղեք ձեր լսածներին. լսողներիդ ավելին կտրվի. ինչ չափով, որ չափում եք, նույնով կչափվի ձեզ համար։ 25 Ով ունի, նրան կտրվի. իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև այն, ինչ ունի»։