Oրվա ընթերցվածք

Oրվա ընթերցվածք

  •    2025-05-25

Ավետարան ըստ Ղուկասի 14.25-15.32

Քրիստոսի ճշմարիտ հետևորդը

(Մտթ. 10.37-38)

25 Եվ նրա հետ շատ ժողովուրդ էր գնում։ Նա դարձավ և ասաց նրանց. 26 «Եթե մեկն ինձ մոտ գա և չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից, չի կարող իմ աշակերտը լինել. 27 որովհետև, ով չվերցնի իր խաչը և իմ հետևից չգա, չի կարող իմ աշակերտը լինել։ 28 Ձեզնից ո՞վ, եթե կամենա աշտարակ շինել, նախ նստելով չի հաշվի իր ծախսերը, թե ավարտելու համար բավական դրամ ունի՞, 29 որպեսզի գուցե երբ հիմքը դնի և չկարողանա ավարտել, բոլոր նրանք, որ տեսնեն, սկսեն ծաղրել նրան 30 և ասել, թե՝ “Այս մարդը սկսեց կառուցել և չկարողացավ ավարտել”։ 31 Կամ ո՞ր թագավորը, եթե պատրաստվի պատերազմելու այլ թագավորի դեմ, նախ չի նստի և խորհի, թե տասը հազարով կկարողանա՞ դիմադրել նրան, որ իր վրա քսան հազարով է գալիս։ 32 Ապա թե ոչ, մինչ սա դեռ հեռու է, պատգամավորություն ուղարկելով՝ խաղաղություն կխնդրի։ 33 Արդ, այսպես էլ ձեզնից ով իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել»։

Անհամ աղը

(Մտթ. 5.13, Մրկ. 9.49-50)

34 «Աղը լավ բան է, բայց եթե աղն էլ անհամանա, ինչո՞վ պիտի համեմվի։ 35 Ո՛չ հողի համար է պիտանի և ո՛չ էլ պարարտանյութի, այլ դուրս թափելու։ Ով ականջ ունի լսելու, թող լսի»։

Կորած ոչխարի և կորած դրամի առակը

(Մտթ. 18.12-14)

1 Բոլոր մաքսավորներն ու մեղավորները նրա մոտ էին՝ նրան լսելու նպատակով։ 2 Փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին և ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղավորներին և ուտում նրանց հետ»։ 3 Հիսուսը նրանց այս առակն ասաց. 4 «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ երբ հարյուր ոչխար ունենա և կորցնի նրանցից մեկը, արոտավայրում չի թողնի իննսունիննին և չի գնա կորածի հետևից, մինչև գտնի այն։ 5 Եվ երբ գտնի, այն խնդությամբ կդնի իր ուսերի վրա 6 և կգնա տուն, կկանչի բարեկամներին և հարևաններին ու նրանց կասի. “Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը”։ 7 Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ։ 8 Կամ ո՞վ է այն կինը, որ երբ տասը դրամ ունենա և մի դրամ կորցնի, ճրագ չի վառի և չի ավլի տունը ու չի փնտրի փութով, մինչև գտնի։ 9 Եվ երբ գտնի, կկանչի բարեկամներին և հարևաններին ու կասի. “Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորցրած դրամը”։ 10 Ասում եմ ձեզ. Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է»։

Անառակ որդու առակը

11 Եվ ասաց. «Մի մարդ երկու որդի ուներ. 12 նրանցից կրտսերը հորն ասաց. “Հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ հասնող բաժինը”։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ 13 Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։ 14 Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա չքավոր դարձավ։ 15 Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, որը նրան ուղարկեց իր ագարակը՝ խոզեր արածեցնելու։ 16 Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք չէր տալիս նրան։ 17 Ապա խելքի եկավ և ասաց. “Քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։ 18 Վեր կենամ գնամ իմ հոր մոտ և նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ 19 և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրո՛ւ իբրև քո աշխատավորներից մեկը”։ 20 Վեր կացավ եկավ իր հոր մոտ. և դեռ բավական հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց. վեր կացավ և վազեց ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան։ 21 Եվ որդին ասաց նրան. “Հա՛յր, մեղանչեցի երկնքի և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու”։ 22 Հայրն իր ծառաներին ասաց. “Անմիջապես բերե՛ք լավագույն պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք, իսկ ոտքերին՝ կոշիկներ. 23 բերե՛ք պարարտ եզը, մորթե՛ք. ուտենք և ուրախ լինենք, 24 որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց”։ Եվ սկսեցին ուրախանալ։ 25 Իսկ նրա ավագ որդին ագարակում էր։ Մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը։ 26 Իր մոտ կանչելով ծառաներից մեկին՝ հարցրեց, թե այդ ի՛նչ է։ 27 Եվ սա ասաց նրան. “Քո հայրը մորթեց պարարտ եզ, քանի որ քո եղբայրը եկել է, ողջ-առողջ վերադարձել է”։ 28 Նա բարկացավ և չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան։ 29 Որդին պատասխանեց և ասաց հորը. “Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։ 30 Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը մորթեցիր նրա համար”։ 31 Հայրը նրան ասաց. “Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է. 32 բայց պետք էր ուրախանալ և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց”»։

Գործք առաքելոց 20.17-37

 

Պողոսի հրաժեշտը Եփեսոսի երեցներին

17 Միլետոնից Եփեսոս մարդ ուղարկելով՝ կանչեց եկեղեցու երեցներին։ 18 Երբ նրանք եկան Պողոսի մոտ, նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտեք, թե առաջին օրվանից ի վեր, երբ Ասիա եկա, այդ ամբողջ ժամանակ ձեզ հետ ինչպե՛ս ապրեցի՝ 19 ծառայելով Տիրոջն ամենայն խոնարհությամբ, արտասուքով ու փորձություններով, որ հրեաների նենգությունների պատճառով ինձ պատահեցին։ 20 Ինչպե՜ս բնավ չվարանեցի ձեզ պատմելու օգտակար բաներից և ուսուցանելու ձեզ ինչպես հրապարակավ, այնպես էլ տանը։ 21 Վկայություն տվեցի հրեաներին և հեթանոսներին՝ Աստծու առաջ ապաշխարության և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի մասին։ 22 Արդ, ահա ես Սուրբ Հոգու մղումով Երուսաղեմ եմ գնում. իսկ թե այնտեղ ինձ ի՛նչ է պատահելու, չգիտեմ։ 23 Բայց Սուրբ Հոգին ամեն քաղաքի մեջ ինձ վկայում է ու ասում. “Կապանքներ ու նեղություններ են սպասում քեզ”։ 24 Բայց ես իմ անձը ոչ մի բանով այդքան հարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ ավարտեմ իմ ընթացքը և այն պաշտոնը, որ Տեր Հիսուսից ստացա՝ Աստծու շնորհների Ավետարանի մասին վկայելու։ 25 Եվ արդ, ահավասիկ ես գիտեմ, որ դուք ամենքդ, որոնց մեջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծու արքայությունը, իմ երեսն այլևս չեք տեսնելու։ 26 Դրա համար էլ այսօր ձեր առաջ վկայում եմ, որ ես մաքուր եմ բոլորիդ արյունից, 27 որովհետև չքաշվեցի ձեզ հայտնելու Աստծու կամքն ամբողջությամբ։ 28 Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով։ 29 Սակայն ես քաջ գիտեմ, որ իմ մեկնելուց հետո ձեր մեջ կգան հափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հոտին։ 30 Ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որ թյուր բաներ կխոսեն՝ աշակերտներին իրենց հետևից տանելու համար։ 31 Դրա համար էլ արթո՛ւն կացեք և հիշե՛ք, որ ամբողջ երեք տարի*, գիշեր-ցերեկ, առանց դադարի արտասուքներով յուրաքանչյուրիդ մեկ-մեկ խրատեցի։ 32 Արդ, ձեզ հանձնում եմ Աստծուն և նրա շնորհի խոսքին, որ կարող է բարձրացնել և ձեզ ժառանգություն տալ բոլոր սրբերի հետ։ 33 Ձեզնից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ հագուստը չցանկացա. 34 դուք ինքներդ գիտեք, որ իմ և ինձ հետ եղողների կարիքները հոգացին այս ձեռքերը։ 35 Ես իմ օրինակով ամեն ինչ ցույց տվեցի ձեզ, որովհետև այդպես պետք է աշխատել և դարմանել հիվանդներին ու հիշել Տեր Հիսուսի խոսքը, որ հենց ինքն ասաց. “Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը”»։ 36 Այս բաներն ասելուց հետո բոլորի հետ մեկտեղ ծնկի գալով՝ սկսեց աղոթել։ 37 Բոլորն էլ շատ լաց եղան և Պողոսի վզովն ընկնելով՝ համբուրում էին նրան։ 38 Մորմոքում էին մանավանդ նրա այն խոսքի վրա, որ այլևս իր երեսը չեն տեսնելու։ Եվ նրան ուղեկցեցին մինչև նավը։
 

Հովհաննես առաքյալի Ա թուղթը 3.2-6

2 Մորից կաղ ծնված մի մարդ կար, որին միշտ բերում-դնում էին տաճարի Գեղեցիկ կոչվող դռան մոտ, որպեսզի նա տաճար մտնողներից ողորմություն խնդրեր։ 3 Տաճար մտնող Պետրոսին և Հովհաննեսին տեսնելով՝ սկսեց աղաչել՝ ողորմություն ստանալու համար։ 4 Պետրոսը Հովհաննեսի հետ նրան դարձավ ու ասաց. «Մե՛զ նայիր»։ 5 Նա նրանց դարձավ՝ ակնկալելով նրանցից մի բան ստանալ։ 6 Պետրոսն ասաց. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ. հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի՝ վե՛ր կաց և քայլի՛ր»։

Ավետարան ըստ Հովհաննեսի 9.39-10.10

39 Պետրոսը վեր կացավ ու եկավ նրանց հետ։ Երբ տեղ հասավ, նրան վերնատուն բարձրացրին։ Բոլոր այրիները շրջապատեցին նրան. լալիս էին և ցույց տալիս, թե ինչքան հագուստներ և զգեստներ էր կարել Այծեմնիկն իրենց համար։ 40 Պետրոսը, բոլորին դուրս հանելով, ծնրադրեց, աղոթք արեց և աճյունին դառնալով՝ ասաց. «Տաբիթա՛, հանուն Տեր Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց»։ Եվ նա բացեց աչքերն ու Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց։ 41 Պետրոսը ձեռքը մեկնեց նրան ու վեր կացրեց։ Այնուհետև կանչեց սրբերին ու այրիներին և նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։ 42 Ամբողջ Հոպպեում հայտնի դարձավ այս, և շատերը հավատացին Տիրոջը։ 43 Եվ այնպես եղավ, որ Պետրոսը բավական երկար մնաց Հոպպեում՝ կաշեգործ ոմն Սիմոնի մոտ։


 

Պետրոսը և Կոռնելիոսը

1 Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար, մի հարյուրապետ «Իտալական» կոչվող գնդից։ 2 Նա, իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ և աստվածավախ լինելով, շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ առ Աստված աղոթքի մեջ էր։ 3 Կեսօրից հետո՝ ժամը երեքի մոտ, տեսիլքի մեջ նա հայտնապես տեսավ Աստծու հրեշտակին, որ մտավ իր մոտ ու ասաց՝ Կոռնելիո՛ս։ 4 Եվ ակնապիշ նայելով հրեշտակին՝ զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Քո աղոթքներն ու քո ողորմությունները Աստծու առաջ ելան, և Աստված քեզ չի մոռանա։ 5 Եվ արդ, մարդի՛կ ուղարկիր Հոպպե և կանչի՛ր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչվում. 6 նա իջևանել է կաշեգործ ոմն Սիմոնի մոտ, որի տունը մոտ է ծովին»։ 7 Երբ իր հետ խոսող հրեշտակը գնաց, Կոռնելիոսը կանչեց ծառաներից երկուսին և իր սպասավորներից բարեպաշտ մի զինվորի 8 ու նրանց ամեն բան պատմելով՝ Հոպպե ուղարկեց։

9 Հաջորդ օրը, մինչ նրանք ճանապարհին էին և արդեն մոտեցել էին քաղաքին, Պետրոսը կեսօրին տանիք բարձրացավ՝ աղոթելու։ 10 Նա քաղց զգաց և ուտել էր ուզում։ Մինչ ճաշ էին պատրաստում, հափշտակության մեջ ընկավ. 

 

Ավետարան ըստ Մատթեոսի 16.13-17.13
 

Ո՞վ է Հիսուսը

(Մրկ. 8.27-30, Ղուկ. 9.18-21)

13 Երբ Հիսուսը Փիլիպպյան Կեսարիայի կողմերը ելավ, հարցրեց աշակերտներին և ասաց. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին, ո՞վ է Մարդու Որդին»։ 14 Նրանք ասացին. «Մեկն ասում է՝ Հովհաննես Մկրտիչը, մյուսները՝ Եղիան, ոմանք էլ՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»։ 15 Հիսուսը նրանց ասաց. «Իսկ դուք ի՞նչ եք ասում իմ մասին, ո՞վ եմ»։ 16 Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան և ասաց. «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծու Որդին»։ 17 Հիսուսը դիմեց նրան և ասաց. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարդիկ հայտնեցին քեզ այդ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ 18 Ես էլ քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա եմ շինելու իմ եկեղեցին, և դժոխքի ուժերը նրան չեն կարողանա հաղթել։ 19 Քեզ եմ տալու երկնքի արքայության բանալիները. ինչ որ կապես երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակես երկրի վրա, արձակված կլինի երկնքում»։ 20 Այդժամ խստիվ պատվիրեց աշակերտներին, որպեսզի ոչ ոքի չասեն, որ ինքն է Քրիստոսը։

Հիսուսը խոսում է իր մահվան և հարության մասին

(Մրկ. 8.31-33, Ղուկ. 9.22-27)

21 Այդ դեպքից հետո Հիսուսն սկսեց հայտնել աշակերտներին, որ ինքը պետք է Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի, անարգվի քահանայապետներից, դպիրներից ու ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի։ 22 Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց վիճել նրա հետ և ասել. «Քա՛վ լիցի քեզ, Տե՛ր, այդպիսի բան քեզ չի պատահի»։ 23 Նա, դառնալով Պետրոսին, ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, գայթակղություն ես ինձ համար, որովհետև դու ոչ թե Աստծունն ես խորհում, այլ մարդկանցը»։

Հիսուսին հետևելու պայմաններ

(Մրկ. 8.34-38, Ղուկ. 9.23-27)

24 Այդժամ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, 25 որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, այն կկորցնի, իսկ ով կորցնի իր կյանքը ինձ համար, այն կգտնի։ 26 Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։ 27 Որովհետև Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, իր հրեշտակներով հանդերձ, և այն ժամանակ յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի։ 28 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ կանգնածներից ոմանք մահ չեն ճաշակի, մինչև որ չտեսնեն Մարդու Որդուն՝ եկած իր արքայությամբ»։
 

Հիսուսի պայծառակերպությունը

(Մրկ. 9.2-13, Ղուկ. 9.28-36)

1 Վեց օր հետո Հիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբորը՝ Հովհաննեսին, նրանց առանձին հանեց մի բարձր լեռ 2 և նրանց առջև պայծառակերպվեց։ Նրա դեմքն արեգակի պես լուսավորվեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։ 3 Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որոնք խոսում էին Հիսուսի հետ։ 4 Պետրոսը դիմեց Հիսուսին և ասաց. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Եթե ուզենաս, երեք տաղավարներ կպատրաստենք. մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի համար»։ 5 Մինչ նա խոսում էր, ահա լուսավոր մի ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն ելավ և ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը, դրա՛ն լսեք»։ 6 Երբ աշակերտները լսեցին, երեսն ի վայր ընկան և սաստիկ վախեցան։ 7 Հիսուսը մոտեցավ, բռնեց նրանց և ասաց. «Ոտքի՛ ելեք և մի՛ վախեցեք»։ 8 Բարձրացրին աչքերը և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան։

9 Մինչ լեռից իջնում էին, Հիսուսը նրանց պատվիրեց և ասաց. «Ոչ ոքի չասեք ձեր տեսածի մասին, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի»։ 10 Աշակերտները նրան հարցրին և ասացին. «Դպիրներն ինչո՞ւ են ասում, թե նախ Եղիան պետք է գա»։ 11 Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Եղիան կգա և կհաստատի ամեն ինչ։ 12 Բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդեն իսկ եկել է, սակայն նրան չճանաչեցին, այլ նրա հետ վարվեցին, ինչպես ցանկացան։ Այդպես նաև Մարդու Որդին է չարչարվելու նրանց կողմից»։ 13 Այդժամ աշակերտները հասկացան, որ Հովհաննես Մկրտչի մասին էր ասում իրենց։
 

Ավետարան ըստ Մատթեոսի 27.36-50


36 Զինվորները նստած պահակություն էին անում նրա վրա։ 37 Նրա գլխի վերևը դրեցին նաև նրա հանցապարտության գրությունը, թե՝ «Սա՛ է Հիսուսը՝ հրեաների թագավորը»։ 38 Այն ժամանակ նրա հետ խաչը հանվեցին երկու ավազակներ՝ մեկը նրա աջից, մյուսը՝ ձախից։

39 Եվ ովքեր անցնում էին, հայհոյում էին նրան, շարժում գլուխները 40 և ասում. «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում կառուցում, ազատի՛ր ինքդ քեզ. եթե Աստծու Որդի ես, ցած իջի՛ր այդ խաչից»։ 41 Քահանայապետները, դպիրների ու ծերերի հետ միասին, նույնպես ծաղրում էին նրան և ասում. 42 «Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել։ Եթե Իսրայելի թագավոր է, այս պահին թող այդ խաչից ցած իջնի, և նրան կհավատանք։ 43 Ապավինեց Աստծուն. թող այժմ փրկի նրան, եթե սիրում է նրան։ Չէ՞ որ ասում էր. “Աստծու Որդի եմ”»։ 44 Նրա հետ խաչված ավազակներն էլ նույնպես նախատում էին նրան։

Հիսուսի մահը

(Մրկ. 15.33-41, Ղուկ. 23.44-49, Հովհ. 19.28-37)

45 Ցերեկվա վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը խավարը պատեց ամբողջ երկիրը։ 46 Իններորդ ժամի մոտ Հիսուսը բարձրաձայն գոչեց և ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Սաղ. 21(22).1)։ 47 Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին, ասացին. «Եղիային է կանչում»։ 48 Նրանցից մեկն իսկույն առաջ վազեց, քացախով ներծծված սպունգը վերցրեց և եղեգին անցկացնելով՝ տվեց նրան, որ խմի։ 49 Իսկ ուրիշներն ասում էին. «Թո՛ղ տեսնենք, թե Եղիան գալի՞ս է նրան փրկելու»։

50 Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց և հոգին ավանդեց։
 

 Ավետարան ըստ Մարկոսի 8.27-9.13

 

Ո՞վ է Հիսուսը

(Մտթ. 16.13-20, Ղուկ. 9.18-21)

27 Հետո Հիսուսն իր աշակերտների հետ գնաց Փիլիպպյան Կեսարիայի գյուղերը։ Ճանապարհին աշակերտներին հարցուփորձ էր անում և ասում. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»։ 28 Նրանք պատասխան տվեցին և ասացին. «Ըստ ոմանց՝ Հովհաննես Մկրտիչը, ըստ ուրիշների՝ Եղիան կամ մարգարեներից մեկը»։ 29 Ապա նրանց հարցրեց. «Իսկ դուք ի՞նչ եք ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»։ Պետրոսը պատասխան տվեց և նրան ասաց. «Դու Քրիստոսն ես»։ 30 Հիսուսը խստիվ պատվիրեց նրանց, որ ոչ ոքի չասեն իր մասին։

Հիսուսը խոսում է իր մահվան և հարության մասին

(Մտթ. 16.21-23, Ղուկ. 9.22)

31 Ապա Հիսուսն սկսեց ուսուցանել աշակերտներին, թե Մարդու Որդին բազում չարչարանքներ պիտի կրի, անարգվի ծերերից, քահանայապետներից և դպիրներից, պիտի մեռնի և երրորդ օրը հարություն առնի։ 32 Հիսուսը բացահայտ խոսեց այս բաները։ Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց հանդիմանել նրան։

Հիսուսին հետևելու պայմաններ

(Մտթ. 16.24-28, Ղուկ. 9.23-27)

33 Իսկ Հիսուսը շրջվեց, տեսավ աշակերտներին, հանդիմանեց Պետրոսին և ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև դու չես խորհում այն, ինչ Աստված է անում, այլ այն, ինչ մարդիկ են անում»։

34 Ապա իր մոտ կանչեց ժողովրդին՝ աշակերտների հետ, և ասաց նրանց. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, 35 որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն. իսկ ով կորցնի իր կյանքը Ավետարանի համար, պիտի փրկի այն։ 36 Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի. 37 որովհետև մարդ ի՞նչ հատուցում կարող է տալ իր կյանքի փոխարեն։ 38 Ով ինձ և իմ խոսքերը ամոթ համարի այս շնացող ու մեղավոր սերնդի մեջ, Մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գա իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով»։

Հիսուսի այլակերպությունը

(Մտթ. 17.1-13, Ղուկ. 9.28-36)

1 Եվ ավելացրեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողներից ոմանք մահ չպիտի ճաշակեն, մինչև որ չտեսնեն Աստծու թագավորությունը՝ զորությամբ եկած»։ 2 Վեց օր հետո Հիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին, նրանց առանձին հանեց մի բարձր լեռ և պայծառակերպվեց նրանց առջև։ 3 Նրա զգեստները դարձան փայլուն, խիստ սպիտակ, այնպես, որ աշխարհի վրա ոչ մի լվացարար չի կարող այդքան սպիտակեցնել։ 4 Եվ նրանց երևաց Եղիան՝ Մովսեսի հետ, ու նրանք խոսում էին Հիսուսի հետ։ 5 Պետրոսն սկսեց խոսել և ասաց Հիսուսին. «Ռաբբի՛, լավ է, որ մենք այստեղ ենք, երեք վրաններ շինենք, մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի և մեկն էլ՝ Եղիայի համար»։ 6 Քանի որ չգիտեր՝ ի՛նչ էր խոսում, որովհետև սարսափահար էին։ 7 Մի ամպ հովանի եղավ նրանց. ամպից մի ձայն ելավ, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեք»։ 8 Հանկարծ այս ու այն կողմ նայելով՝ նրանք Հիսուսից բացի այլևս ոչ ոքի չտեսան իրենց հետ։ 9 Եվ մինչ լեռից իջնում էին, Հիսուսը պատվիրեց նրանց, որ իրենց տեսածի մասին ոչ ոքի չպատմեն, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի։ 10 Նրանք այս խոսքը պահում էին իրենց մտքում և հարցնում էին միմյանց, թե ի՛նչ է մեռելներից հարություն առնելը։ 11 Ապա հարցրին Հիսուսին և ասացին. «Ի՞նչ է նշանակում այն, որ դպիրներն ասում են, թե նախ Եղիան պետք է գա»։ 12 Պատասխանեց նրանց և ասաց. «Իրապես, նախ Եղիան պիտի գա և ամեն ինչ կարգի դնի։ Իսկ ինչո՞ւ է Մարդու Որդու մասին Սուրբ Գրքում գրված, որ բազում չարչարանքներ կկրի ու կանարգվի։ 13 Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան եկել է, և նրան արեցին այն, ինչ կամեցան, ինչպես որ գրված է նրա մասին»։