ՄԵԼԻՏԵ Ա ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ

ՄԵԼԻՏԵ Ա ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ

(452-456)

Վարդանանց պատերազմի պարտությունից հետո Հայոց Եկեղեցին հայտնվեց ծանր կացության մեջ: Հոգեւոր գործիչների մեծ մասը, նշանավոր շատ իշխաններ, որոնք խաբեությամբ կամ այլ եղանակներով ձերբակալվել էին պարսից զորքերի կողմից, ուղարկվեցին Տիզբոն, որտեղ դատավարության անցկացումից հետո որոշվեց աքսորել նրանց Վրկանից աշխարհ: Մի կողմից՝ պարսից մարզպան Ատրորմիզդն իրականացնում էր պետական ահաբակչություն՝ ահուսարսափի մեջ պահելով երկիրը, իսկ մյուս կողմից՝ աշխատում էր երկրի կյանքը հնարավորին չափ հունի մեջ դնել: Մարզպանը, գոնե արտաքնապես կամենալով ցույց տալ պարսից արքունիքի բարյացակամությունը Հայոց Եկեղեցու նկատմամբ, կամենում էր օր առաջ կաթողիկոս հաստատել՝ պահպանելով Եկեղեցու ինչ-ինչ ավանդույթները: Դրան մեծապես նպաստում էր նաեւ այն իրողությունը, որ բանտարկության մեջ գտնվող Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսը նույնպես գտնում էր, որ կաթողիկոսական աթոռը չի կարելի առանց հովվապետի թողնել: Գրիգոր Լուսավորչի սերունդն արական գծով սպառվել էր, ուստի հաշվի առնելով Աղբիանոսյան ընտանիքից սերած կաթողիկոսների նախկինում ցուցաբերած ոչ հռոմեամետ քաղաքականությունը՝ ընտրությունը կրկին կանգ առավ Աղբիանոսյանների վրա, եւ Մելիտե Մանազկերտցին հաստատվեց կաթողիկոսական աթոռին: Չնայած ուղղակի տեղեկությունների բացակայությանը՝ Մ. Օրմանյանը նրան միանգամայն իրավացիորեն նույնացնում է Շահապիվանի ժողովի մասնակից Մեղիտոս երեցին եւ Արտաշատի ժողովի մասնակից՝ Մանազկերտի Մելիտե եպիսկոպոսին: Կաթողիկոսական աթոռ բարձրանալիս՝ 452 թ., նա արդեն ծեր եւ հիվանդոտ անձնավորություն էր: Թեեւ նրա անունը չեն հիշատակում Հովհաննես Դրասխանակերտցին եւ կաթողիկոսների գավազանագիրք կազմողները՝ Հովսեփ Ա Հողոցմեցուց հետո կաթողիկոս հռչակելով Գյուտ Արահեզացուն, նրա կաթողիկոսությունը շատ որոշակի է՝ համաձայն Ղազար Փարպեցու տեղեկությունների: Չկամենալով Մելիտե Ա Մանազկերտցու կաթողիկոսությունը արձանագրել՝ Ասողիկը Վարդան Մամիկոնյանի մահից հետո, այսինքն՝ 451 թվից սկսած՝ անիշխանության տասը տարիներ է վերագրում Հայոց մարզպանությանը: Հեղինակը Հովսեփ Ա Հողոցմեցուց հետո կաթողիկոս է ճանաչում նույնպես Գյուտ Արահեզացուն, սակայն անիշխանության տարիները, որ նա հատկացնում է Հայոց մարզպանությանը, իրականում երկրի քաղաքական իշխանությանը չեն վերաբերում, որն իրականացնում էր Ատրորմիզդը, այլ հոգեւոր իշխանությանը: Գյուտ Արահեզացու կաթողիկոսանալը հնարավոր չէ 461 թվից առաջ, ուստի 451-ից 461 թիվն ընկած ժամանակաշրջանը, որ Ասողիկը հակված է որակելու անիշխանության, այլ խոսքով՝ հոգեւոր անիշխանության տարիներ, իրականում վերաբերում են Մելիտե Ա Մանազկերտցու եւ նրան հաջորդած Մովսես Ա Մանազկերտցու հովվապետության ժամանակահատվածին: Թե ի՞նչն էր պատճառը, որ Հայոց Եկեղեցին, չնայած հիշյալ հոգեւոր անձանց փաստական հովվապետությանը, նրանց չի մտցրել կաթողիկոսական գավազանագրքի մեջ, սկզբնաղբյուրների կցկտուր տեղեկությունների պատճառով դժվար է ասել: Լոկ կարելի է ենթադրել, որ ի տարբերություն երեցության եւ եպիսկոպոսության շրջանի՝ կաթողիկոսության տարիներին Մելիտե Ա Մանազկերտցու որդեգրած քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, չի բխել ազգային շահերից, թերեւս ուղղված է եղել Սահակ Պարթեւի եւ Մեսրոպ Մաշտոցի աշակերտների դեմ, որոնցից շատերը, այդ թվում նաեւ Ղազար Փարպեցին, հալածվեցին Աբեղյան կոչված հոգեւորականների խմբի կողմից: Մ. Օրմանյանը պայմանականորեն Մելիտե Ա Մանազկերտցու հովվապետությունը դնում է 452-456 թթ., սակայն եթե կաթողիկոսության սկիզբը որոշակի է, ապա նրա վախճանի թիվը խիստ պայմանական է:
Կարելի է ենթադրել, որ նա մահացել է բնական մահով: