Բարի գործի առաքյալը

Բարի գործի առաքյալը

Քաղաքում անվանի ու հարուստ մի պաշտոնյա, մի օր դերձակի մոտից տուն գալու ժամանակ նկատում Է մորուքավոր, երկարահասակ մի մարդու: Նրա տեսքից հայտնի էր, թե աղքատ և ցրտից սառած մեկն է, որովհետև սասատիկ ձմեռ էր: Աղքատ մարդը պաշտոնյայի վրա նկատելով նոր ու գեղեցիկ մի վերարկու, համարձակվում է մոտենալ և խնդրել նրան, ասելով. »Պարոն, ներեցեք, տեսա, որ նոր վերարկու եք գնել և եկա խնդրելու, որ ինձ տաք ձեր հինն ու մաշվածը»: Հարուստը այս խոսքերից ազդվելով, հանում է իր նոր վերարկուն և առանց տատանվելու մեկնում աղքատին, ասելով. «Այ’ս մեկը վերցրեք, ես վաղը նորը կգնեմ»: Աղքատը հակառակվում է, բայց ի վերջո համոզվելով հեռանում է վերարկուն վերցրած իր հետ: Մի ամիս հետո, հարուստը անհանգստանալով, սրտի կաթվածով տեղափոխվում է հիվանդանոց: Բժիշկները նրա տիկնոջը բացատրում են, որ հիվանդի վիճակն անհույս է, միայն Աստված կարող է նրան փրկել: Նրանք իրենց անելիքը կատարելով, թողնում են հիվանդին անգիտակից վիճակում: Որոշ ժամանակ հետո հիվանդը աչքերը բացելով տեսնում է իր մոտ բժշկի սպիտակ զգեստով աղքատին, որ բռնում է հարուստի ձեռքն ու ասում. «Դու ողորմած և բարի մարդ ես ու պիտի ապրես»: Հիվանդը առողջանում է ու խնդրում նորից տեսնվելու այդ մորուքավոր բժշկի հետ և ինչքա~ն մեծ է լինում նրա զարմանքը, երբ իրեն հայտնում են թե հիվանդանոցում ո’չ մեկ մորուքավոր կամ իր նկարագրածի նման բժիշկ չկա, ո’չ էլ երբևէ եղել է: Ավելին, իր հիվանդության օրերին միայն իր տիկնոջն ու բուժող բժիշկներին էր թույլատրված մտնելու իր սենյակը, ուրեմն, ոչ ոք չէր կարող իրեն այցելած լինել: Հայտնի էր, թե մի հրաշք էր եղածը: Ասում են թե մեծահարուստը առողջանալով, երբ վերադառնում է տուն, վաճառում է իր բոլոր հագուստները և աղքատներին բաժանում: ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԷԼ ՇԱՏ ՀՐԱՇՔՆԵՐ ԵՆ ՊԱՏԱՀՈՒՄ… ՄԻԱՅՆ ԵԹԵ ՀԱՍԿԱՆԱՆՔ ԴՐԱՆՔ…»: ԿՅԱՆՔԸ ԻՆՔՆԻՆ ԱՐԴԵՆ ՀՐԱՇՔ Է: ԱՊՐԵՔ ԱՅԴ ՀՐԱՇՔԻ ՄԵՋ ԵՎ ՀԱՐՈՒՍՏԻ ՊԵՍ ՈՂՈՐՄԱԾ ԵՂԵՔ:«Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթ. 5:7):

  • 2021-08-09
×