Աշխարհի ամենաթանկագին բանը

Աշխարհի ամենաթանկագին բանը

ՀԻՍՈՒՍԻ ԳԱԼՈՒՍՏԸ ՎԿԱՅՈՂ ԵՎ ՆՐԱՆ ՄԿՐՏՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՆԱԽԱԿԱՐԱՊԵՏԻ ԽՈՍՔԸ. «ԱՊԱՇԽԱՐԵՑԵ’Ք, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԵՑԵԼ Է…» (ՄԱՏԹ. 3:2) ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿԱԳԻՆ ԲԱՆԸ Հետաքրքիր է, թե մենք ինքներս կարող ենք այս հարցին պատասխանել. «ԱՍՏԾՈՒ ՀԱՄԱՐ Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱԹԱՆԿԱԳԻՆ ԲԱՆԸ»: Վստահ եմ, որ ամեն մեկդ էլ ձեր կարծիքը ունեք այս հարցի մասին. ոմանք օրինակի համար կարող են ասել՝ ԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ուրիշներ՝ ՍԵՐԸ, ՀԱՎԱՏՔԸ, ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԵԿԵՂԵՑԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ և այլն: Հիմա կարդացե’ք այս պատմությունը և կտեսնեք, թե՝ «ԱՍՏԾՈՒ ՀԱՄԱՐ Ո՞ՐՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱԹԱՆԿԱԳԻՆ ԲԱՆԸ» ու հուսով եմ Դուք էլ կունենաք Ձեր կարծիքը այս մասին: Մի օր Աստված հրեշտակին ուղարկում է աշխարհ բերելու ամենաթանկագին բանը: Հրեշտակը շրջում է ամենուր, ուշադիր հետևում ամեն ինչի ու տեսնում է, որ պատերազմ է և ազատամարտիկը, որը կռվում էր հայրենիքը պաշտպանելու և ազատագրելու համար, թշնամու արձակած գնդակից մահացու հարված է ստանում և նրա սրտից արյունը շատրվանի պես դուրս է ցայտում: Տեսնելով ազատամարտիկի այս զոհողությունը իր հայրենիքի համար, հրեշտակը անմիջապես վերցնում է այդ առաջին արյունը ու տանում Աստծուն: - Բերեցի՞ր,- հարցնում է Աստված հրեշտակին:- Այո’, աշխարհի ամենաթանկագին բանը այս արյունն է, քանի որ ազատամարտիկը իր կյանքը զոհեց եւ հայրենիքի համար իր արյունը թափեց:- Ճիշտ ես,- ասում է Աստված,- դա էլ շատ կարևոր է, սակայն ամենաթանկագինը չէ: Հրեշտակը գնում է և ուշադիր հետևում աշխարհի անցուդարձին; Տեսնում է հիվանդանոցում մի հիվանդ բժշկի, որը տարիներ շարունակ անձնազոհ կերպով բուժել է հարյուրավոր հիվանդների, ջանք չի խնայել, որպեսզի նրանց փրկի, զանազան վարակիչ հիվանդություններով տառապող հիվանդներին էլ նույնիսկ բուժել է, սակայն դժբախտաբար վերջ ի վերջո այդ վարակիչ հիվանդություններից մեկով նա էլ է վարակվում և այդ պահին մահվան վիճակում է լինում: Հրեշտակը սպասում է ու, երբ բժիշկը իր վերջին շունչն է տալիս, նա վերցնում է այն ու տանում Աստծուն:Աստված գնահատում է հրեշտակի բերածը, բժշկի անձնազոհությունը, սակայն ասում է, որ դա ամենաթանկագին բանը չի:Հրեշտակը իջնելով երկիր տեսնում է մի երիտասարդ ոճրագործի, որը ատրճանակը ձեռքին վազքով մոտենում մի փոքրիկ տանը: Հետաքրքրությունից դրդված հետևում է նրան: Երիտասարդը մոտենում է տանը ու նայում պատուհանից: Տեսնում է մայրը իր երեխայի հետ ծունկի եկած աղոթում է: Այդ պահին հանկարծ նա հիշում է իր անցյալը, իր մանկությունը, երբ իր մայրը ճիշտ այս մոր նման իր հետ ծունկի էր գալիս ու սովորեցնում միասին աղոթել: Ու նրա աչքերից զղջման արցունքներ են գալիս: Հրեշտակը անմիջապես վերցնում է այդ արցունքը ու տանում Աստծուն:- Եկա՞ր,- հարցնում է Աստված հրեշտակին, - Բերեցի՞ր:- Այո’, Տեր Աստված, բերեցի մի ոճրագործ, ավազակ երիտասարդի զղջման արցունքը: Ու պատմում է, թե ոճրագործ երիտասարդը ինչպե՞ս զղջաց ու ապաշխարեց: Եվ Աստված ընդունում է աշխարհի ամենաթանկագին բանը՝ մի մեղավորի զղջումն ու ապաշխարությունը, քանի որ Նա այնքան բարի է ու լի անսահման սիրով, որ մինչև վերջին րոպեն հնարավորություն է տալիս մեղավոր մարդուն զղջալու, ապաշխարելու ու ներում ստանալու, ինչպես եղավ ոճրագործ երիտասարդի պարագային: Ուրեմն՝ «ԱՍՏԾՈՒ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԹԱՆԿԱԳԻՆ ԲԱՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ՄԱՐԴՈՒ ԶՂՋՈՒՄՆ ՈՒ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է»: Հովհաննես Մկրտչի խոսքը. «Ապաշխարեցե’ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է… Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով…» (ՄԱՏԹ. 3:2, 11):    

  • 2021-08-09
×