Տնօրհնեք

Տնօրհնեք

«Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր: Չարիքը չի հասնի քեզ, և տանջանքները չեն մոտենա քո տան հարկին» (Սաղ. 90: 9-10):


Տնօրհնեքի արարողությունը հաստատողը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է: Նա Իր աշակերներին, երբ առաքում էր քարոզելու երկնքի արքայությունը, ասաց. «Որ տունը որ մտնեք, նախ ասացեք. խաղաղություն այս տանը» (Ղուկ. 10:5):


Ավետարանի վկայությամբ` Ս. Զատիկի երեկոյան հարուցյալ Քրիստոս փակ դռների միջով մտավ Վերնատուն, ուր հավաքվել էին աշակերտները, և օրհնեց նրանց (տես՝ Հովհ. 20: 19-20):


Առաքյալները մտնում էին իրենց ընդունող մարդկանց տները և ավետում Աստվածահայտնության և Սուրբ Հարության Բարի լուրը:


Հոգևոր բարեպաշտական աստվածահաստատ այս արարողությունը Առաքելական Ս. Եկեղեցին շարունակական է դարձրել տնօրհնեքի միջոցով:


Ս. Ծննդյան և Ս. Հարությանը հաջորդող օրերին եկեղեցու սպասավորները այցելում են մարդկանց տները և փոխանցում Հիսուս Քրիստոսի Ծննդյան կամ Հարության Ավետիսը, օրհնում նրանց բնակարանը և բնակիչներին, նաև տան բարիքները` հացը, աղը և ջուրը:


Ապա քահանան օրհնված ջուրը խաչաձև ցողում է բնակարանի անկյունները և օջախի անդամների համար պահպանություն հայցում Ամենակալ Աստծուց:


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաստատել է տնօրհնեքի երեք արարողություն` Ս. Ծննդյան, Ս. Հարության և նորակառույց բնակարանի օրհնություն:


Նա, Ում երկինքն ու երկիրը չեն կարողանում պարփակել, սքանչելի խորհրդով մտնում է մեր տուն, ինչպես Բեթղեհեմի քարայրն էր մտել:


Ամենակալ Տերն այցելում է մեզ և մեր բնակարան, և ինչպես Իր ծննդյան գիշերը հովիվները, հրեշտակից ավետիս ստանալով, մտան այն այրը, ուր ծնվեց Քրիստոս, այդպես էլ եկեղեցու հովիվները մտնում են մարդկանց բնակարանները` իրենց հետ բերելով Աստծո օրհնությունները:


Տնօրհնեք է կատարվում նաև ցանկացած ժամանակ, երբ խախտվում է տան խաղաղությունը, և ընտանիքը կարիք է զգում այն վերականգնել և Աստծո շնորհի մեջ վերահաստատվել:


Տնօրհնեքի կատարման նպատակն ու իմաստը լիարժեք ընդգծվում է բնակարանամուտի ժամանակ ընթերցվող ավետարանական հատվածում. «Այսօր այս տան համար փրկություն եղավ…, որովհետև Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին» (Ղուկ. 19: 9-10):


Քանի որ տնօրհնեքը կարևոր է մեր ընտանիքի խաղաղության, սիրո, համերաշխության համար, անհրաժեշտ է, որ մենք հոգևորականին հրավիրենք տնօրհնեքի:


«Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպաշտպանի, իզուր են հսկում պահապանները նրա» (Սաղ. 126: 1):

  • 2021-11-11
×