Մտքեր աղոթքի մասին

Մտքեր աղոթքի մասին

«Աստված Հոգի է», սովորեցրեց մեզ Հիսուսը: Հոգին անտեսանելի է ու անզննելի, բայց մարդուն հնարավորություն և իրավունք է տրված հարաբերվել այդ Հոգի Աստծո հետ. դա աղոթքն է, քանզի Արարչի հետ հաղորդակցության միակ միջոցն է, որով մեր հավիտենական հոգիները կապվում են իրենց կյանքի աղբյուրի՝ Աստծո հետ:


Տիեզերքի մեծագույն խորհուրդը եղել է և մնում է աղոթքը, որի միջոցով մշտնջենավոր երկնավոր զորություններ են գործի դրվում մեկ մարդու աղոթքով, ինչպես և գրված է Սուրբ Գրքում. «Եթե հավատք ունենաք ու չերկմտեք մինչև իսկ եթե այս լեռանը ասեք ելիր և ծովը ընկիր, պիտի կատարվի: Եվ ամեն ինչ որ հավատքով խնդրեք աղոթքի մեջ՝ պիտի ստանաք» (Մատթ. 21. 21-22): Եվ եթե մեր Տեր Հիսուս Քրիստոսը, թե՜ սուրբ հայրերը աղոթքի զորությամբ են հաղթել սատանային: Իսկ այս չար ժամանակների մեջ մեզ առավել ևս խիստ անրաժեշտ է տեղյակ լինել աղոթքի գաղտնիքներին, որպեսզի կարողանանք թե մեր ազգին և թե մեր հոգիներին խաղաղություն և փրկություն գտնել:


Անփութորեն ու ծուլությամբ կատարած աղոթքը դատարկախոսություն է:

Ինչպես ուժեղ քամին է ցրում փոշին, այդպես էլ Աստծուն փառաբանելով և աղոթքով հալածվում է մեր թշնամին՝ սատանան:

Եփրեմ Ասորի



Քեզ առատ աղոթքի պարտադրիր՝ աղոթքը հոգու լույսն է:

Քեզ մի քիչ աղոթքի պարտադրիր՝ զվարթությունն ու ուժը շուտով կգան:

Եթե աղոթես խոնարհությամբ և անձդ համարես անարժան՝ ընդունելի է Աստծուն, իսկ եթե սիրտդ անբարտավան է և աղոթքի ժամանակ մեկին հիշելով դատես նրան՝ ընդունայն է աղոթքդ:

Աղոթքիդ տքնությունները մի թող, որ թշնամուդ ձեռքը չընկնես:

Հայր Եսայի



Չարությունը դիտավորությունից սնվելով սիրտն է զայրացնում, իսկ հույսով ու աղոթքով ջախջախվելով՝ վերանում է այն:

Ո՜չ ոք չի կարող Քրիստոսին ունենալ առանց ջանքի, քրտինքի, խոնարհության և անդադար աղոթքի:

Հայր Մարկոս



Աղոթի՜ր Աստծուն կարծես թե տեսնում ես նրան, քանզի նա իսկապես տեսնում է քեզ:

Հայր Նեստոր



Առանց աղոթքի մեր հոգևոր կյանքը ծարավում, թորշնում և մեռնում է:

Հովհան Ոսկեբերան



Եթե լսես, որ մեկը չարախոսել է քո մասին ու նա քո մոտ գա, դու նրա՜ն մի դիմակազերծիր, այլ ուրախացի՜ր նրա հետ ու դեմքդ ժպտերես թող լինի ու աղոթքիդ ժամանակ համարձակություն կստանաս:

Անանուն



Աղոթողի աղոթքները ձեռքերն են, որոնցով բռնել է Աստծո ոտքերը:

Հովհան Մանդակունի



Ինչպես հարդից ելած ծուխն է անհանգստացնում աչքերը, այդպես էլ հիշաչարությունն է անհանգստացնում մարդու միտքը աղոթքի ժամանակ:

Հավատացյալների աղոթքներն աներևակայելի տանջանք ու սարսափ են չար հոգիների համար:

Մի՜ աղոթիր, որ քո կամքով լինի, քանի որ դրանք ոչ միշտ են Աստծո կամքին համաձայն, ավելի լավ է աղոթիր այնպես ինչպես աղոթեց Տերը. «Թող ոչ թե իմ կամքը լինի, այլ Քո կամքը լինի» (Մատթ., Զ. 10): Միշտ խնդրիր այդպես, քանզի նա միշտ բարին է կամենում ու հոգուդ համար առավել օգտակարը:

Մի՜ վշտացիր, երբ անմիջապես Աստծուց չես ստանում խնդրվածքդ: Նա դրանով ուզում է քեզ բարություն արած լինել, որպեսզի համբերությամբ աղոթելով սպասես, քանզի ի՞նչն է ավելի վեհ, քան Աստծո ներկայության մեջ զրույցը:

Սաղմոսերգությունը մարում է տենչանքը և սանձում մարմնավոր անզսպությունը: Եթե դեռևս չես ստացել աղոթքի կամ սաղմոսերգության շնորհը, անդադար աղոթիր և կստանաս:

Երբեք մի՜ ձգտիր ու մի փնտրիր, որ աղոթքի ժամանակ որևէ պատկեր կամ տեսք տեսնես:

Նեղոս Սյունեցի



Երբ աղոթքի ժամանակ թեթևություն, ջերմություն և քաղցրություն ես զգում, դա ցույց է տալիս, որ Աստված մխիթարում է, պարգևատրում է ջանքերի համար, իսկ ծանրությունը, մռայլությունը և չորությունը նշանակում են, որ Աստված մաքրում և զորացնում է հոգիդ և այդ օգտակար համբերությունով փրկում նրան:

Աղոթքի սկիզբը կայանում է նրանում, որ հեռու քշես եկող չար մտածմունքներդ,  որպեսզի կարողանանք մեր մտքերը պարփակել խոսքի մեջ, որոնցով աղոթում ենք, իսկ կատարելությունն առ Աստված վերանալն է:

Հովհաննես Կղեքամոս



Աստվածային գրվածքների խոսքի գաղտնախորհուրդներին առանց աղոթքի ու խնդրվածքի և Աստծո օգնության դու մի մոտեցիր: Աղոթքը բանալի համարիր աստվածային գրվածքներում ասված ճշմարիտ խոսքերին:

Հիշաչարությամբ աղոթելը նույնն է, որ ծովում սերմանես ու սպասես բերքի:

Երբ մի բանի համար աղոթում ես Աստծուն, և Նա հապաղում է կատարել այն, մի՜ տխրիր, քանզի դու Աստծուց իմաստուն չես:

Աղոթքիդ մեջ ավելի շատ սիրիր երկրպագությունը, քան սաղմոսերգությունը:

Մինչ փորձությունները մարդն աղոթում է Աստծուն, ինչպես օտար մեկը: Իսկ երբ փորձությունների մեջ է մտնում և համբերում, աղոթում է սիրով, հանդեպ Աստծո որպես պարտատեր, որովհետև Աստծո պատվիրանները պահելիս պատերազմում էր Տիրոջ թշնամիների դեմ և հաղթում նրանց:


Չհավատաս՜, որ մարմնավորին կապված մարդը կարողանա աղոթքի ժամանակ համարձակություն ձեռք բերել:

Իսահակ Ասորի



Աղոթքով փնտրենք Աստծո արքայությունը և արդարությունը, որ մեր ներսում է:

Մարկոս Ճգնավոր



Եթե մեկն ուզում է, որ Աստված լսի իր աղոթքները, թող նախ իր թշնամիների համար աղոթի, և Աստված կլսի նրա բոլոր խնդրվածքները:

Հայր Զենոն



Նա է կարողանում ճիշտ ապրել, ով կարողանում է լավ աղոթել:

Սուրբ Օգոստիանոս



Աստված հաճախ ուշացնում է մեր աղոթքների պատասխանները, որպեսզի մեր առողջ և բարի փափագները ավելի զորանան և արմատ բռնեն մեր մեջ, իսկ անօգուտ և վատառողջներն աղոտանալով անհետանան մշուշի պես:

Աստված երբեմն ուշացնում է մեր խնդրվածքների ընթացքը, որպեսզի ժամանակը մաքրի մեր խորհուրդներն իրենց մեջ պարունակած մարդկային տարրերից՝ եսասիրությունից, շահասիրությունից և փառասիրությունից: Չէ՞ որ պատահել է, որ մենք մի ժամանակ հետո բոլորովին այլ լույսի տակ ենք նայել այս խորհուրդներին, որոնց համար պատասխան չստանալու համար նեղսրտել ենք Աստծո դեմ:

Շնորհք Պատրիարք



Երբ ձեռքերդ բարձրանում ես աղոթքի, պահիր երեսիդ առջև և զգուշացիր օտար մտքերից:


Սուրբ սրտից ելած աղոթքը պատարագի փրկություն է գործում:


Մի՜ վախեցիր, որ աղոթքի ջերմեռանդության չունես: Լավ է ու փրկարար, երբ քեզ պարտադրում են աղոթքի:


Պետք է աղոթել ուշադրությամբ. ուշադրությունն աղոթքի հոգին է:


Աղոթիր Աստծուն, որ նա քեզ մահվան մասին հիշողություն տա:


Աղոթքն ու Աստծո մասին հիշողությունը հավասարազոր են իրար: Կարելի է քայլել կամ ինչ-որ բան անել ու մտածել Աստծո մասին. դա նույնպես աղոթք է:


Ոչ ոքի հանդեպ թշնամություն մի՜ ունեցիր, այլապես աղոթքդ անընդունելի կլինի Աստծո մոտ և նույնիսկ մեղք կհամարվի: Ինչպե՞ս պետք է խնդրենք Աստծուն, որ ների մեր մեղքերը, երբ ինքներս չենք ներում ուրիշներին:


Ամեն բարի գործ, հոգևոր զրույց, հոգեշահ գրքերի ընթերցանություն, վիրավորանքներին, նախատիքներին, հանդիմանություններին, արհամարհանքներին ու ծաղրին համբերություն նույնպես աղոթքին է վերաբերվում:

Հայր Հովհաննես



ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՎԱՐՔԻՑ


Միայնակյաց մի ճգնավոր տեսավ, թե ինչպես մի դև հրամայում էր մի ուրիշ դևի, որ արթնացնի քնած կրոնավորին: Պատասխանեց նրան դևը և ասաց. «Չեմ կարող այդ անել, որովհետև մի անգամ արդեն արթնացրի, նա վեր կացավ աղոթեց ու ինձ հալածեց այստեղից»:


Մի եղբայր ինչժոր մեկից տրտմելով՝ վեր կացավ գնաց տարեց ճգնավորի մոտ և ասաց նրան. «Հայր, տրտում է անձս»: Հարցրեց նրանց տարեցը. «Ինչո՞ւ, եղբայր»: Պատասխանեց եղբայրը և ասաց. «Որովհետև մեկն ինձ տրտմեցրեց, իսկ դևը գրգռում է ինձ, որ նրան հատուցեմ առավելապես»: Ասաց նրան ճգնավորը. «Ինչ որ ասեմ, եթե լսես ու հնազանդվես, կփրկի քեզ Աստված այս ախտից»: Եղբայրն ուխտեց լսել նրան և անել, ինչ որ ասի: Ասաց նրան ճգնավորը. «Գնա՜ սենյակդ, աղոթի՜ր ամբողջ սրտով և օրհնիր քեզ տրտմեցնողին»: Եղբայրը գնալով մի շաբաթ արեց այնպես, ինչպես պատվիրված էր, և Աստված վերցրեց նրա տրտմությունը նրա հնազանդության համար:


Մի անգամ Հովհաննես Կղեքոմոսը հրամայեց իր աշակերտին՝ Մովսեսին, գնալ և ինչ-որ տեղից լավ հող բերել փոքրիկ այգու համար: Մովսեսը գնաց ու կատարեց հրամանը, բայց քանի որ շատ շոգ էր, որոշեց մի փոքր հանգստանալ մեծ քարաժայռի բացվածքում ու քնեց այդ ստվերում: Այդ նույն ժամանակ հայր Հովհաննեսը զբաղված լինելով իր խցում ու Աստծո մասին խորհելով՝ թեթև քուն իջավ վրան ու նրան թվաց, թե մի այր մարդ է տեսնում՝ պատկառելի տեսքով, որը հանդիմանում է իրեն, թե հանգստի է տրվել այն ժամանակ, երբ նրա աշակերտը՝ Մովսեսը, կյանքը կորցնելու վտանգի է ենթարկվում: Ծերն իսկույն սթափվելով՝ սկսեց աղոթել իր աշակերտի համար: Երբ վերջինս վերադարձավ, հայր Հովհաննեսը հարցրեց նրան, թե՞ արդյոք որևէ բան էր պատահել: «Ես վտանգի էի ենթարկվել, - պատասխանեց Մովսեսը, - Եվ կարող էի ճզմվել ժայռի տակ, երբ խորը քնած էի նրա ստվերում, բայց լսելով, որ դու ինձ կանչում ես, իսկույն արթնացա ու քնածս տեղից դեռ մի քիչ չհեռացած՝ հանկարծ  իմ աչքերի առջև ժայռը պոկվեց ու ընկավ ճիշտ այն տեղում որը ես քիչ առաջ թողեցի»:


Եղբայրները հարցրեցին հայր Ագաֆոնին. «Ո՞ր սխրանքն է ամենադժվարը հավատացյալի կյանքում»: Նա պատասխանեց. «Ներեցեք ինձ, որ կարծում եմ, որ աղոթքի սխրանքը մյուսներից ավելի դժվար է: Երբ մարդ ուզում է Աստծո առջև բերել իր աղոթքը, այդ ժամանակ թշնամի դևերը շտապում են խանգարել աղոթքը՝ հասկանալով, որ ոչ մի բան այդքան վտանգավոր չէ, ինչքան աղոթքը: Մնացած սխրանքներն իրենց մեջ որոշ հանգստություն են պարունակում, բայց աղոթքը մինչև վերջ ուղեկցվում է ջանքով ու դժվարին պայքարով:


Հայր Վիսսարիոնի աշակերտը պատմում է հետևյալը.«Մի անգամ գնում էինք ծովի ափով, և ես խիստ ծարավ զգալով ասացի հայր Վիսսարիոնին. «Հայր, ծարավը ինձ շատ է տանջում»: Ծերը աղոթեց ու ասաց. «Խմիր ծովի ջրից»: Ու ծովի ջուրը քաղցրահամ դարձավ: Հագենալով՝ ես այդ ջրից իմ մոտի ջրամանն էլ լցրեցի, որպեսզի երբ պետք լինի՝ էլի օգտագործեմ: Ծերն այդ տեսնելով՝ հարցրեց. «Ինչո՞ւ համար այդ արեցիր»: «Ներիր, ինձ հայր, - պատասխանեցի ես -այդ արեցի զգուշությունից, վախենալով, որ նորից կծարավեմ»: Ծերն ասաց. «Ինչպես այստեղ է Աստված, այդպես էլ ամենուր է»:

 

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ


«Իմ անունով կոչված ժողովուրդս եթե խոնարհվեն ու աղոթք անեն, ու իմ երեսս փնտրեն և իր չար ճանապարհներից ետ դառնան, Ես էլ երկնքից պիտի լսեմ ու նրանց մեղքը ներեմ և նրանց երկիրը պիտի բժշկեմ»:

Բ Մնաց. 7. 14.


«Աղոթեցեք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, Ով երկնքում է, քանի որ Նա Իր արեգակը ծագեցնում է թե չարերի, թե բարիների վրա»:

Մատթ. 5. 44-45


«Աղոթք անելիս շատախոս մի լինեք, ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի համար լսելի կլինեն»:

Մատթ. 6. 7.


«Արթուն եղեք, աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»:

Մատթ. 26. 41


Նա (Հիսուսը) տագնապի մեջ էր և ավելի ջերմեռանդությամբ էր աղոթում:

Ղուկաս. 22. 43.


Դու քո չարության համար ապաշխարիր և աղոթիր Տիրոջը, թերևս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներվեն:

Գործ. 8.22


«Մեզ նախատում էին՝ օրհնում էինք, հալածում էին՝ դիմանում էինք, հայհոյում էին՝ աղոթում էինք»:

Ա Կորնթ. 4.12-13


«Ամեն տղամարդ, երբ աղոթքի կանգնի կամ մարգարեանա ու գլուխը ծածկած պահի, անպատվում է իր գլուխը: Եվ ամեն կին, երբ աղոթի կանգնի, և մարգարեանա գլխաբաց, անպատվում է իր գլուխը»:

Ա Կորնթ. 11. 4-5


«Ամենայն ժամ աղոթքներով ու աղաչանքներով, ամեն ժամանակ աղոթեցեք Հոգիով. և այդ բանի մեջ հսկեցեք հարատևությամ»բ:

Եփես. 6. 18


«Ձեզանից մեկը եթե վշտի մեջ է ընկել, թող աղոթի: Հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի»:

Հակոբոս. 5. 15

  • 2021-11-11
×