Հարության տոն

Հարության տոն

ԵՍ ԵՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ


Վարագույրը փակ է: Բեմի աջ և ձախ կողմերից գալիս են հաղորդավարները: Բեմի կենտրոնում կանգնած է մեծ խաչ, աջ և ձախ կողմերում դեպի ետնավարագույրը՝ երկու խաչեր՝ ծածկված սպիտակ ծածկոցով՝ հարմար պահին բացվելու համար: Մասսայական տեսարաններին մասնակցում են մոտ երեսուն երեխա, երգչախումբ, պարող աղջիկներ, տասներկու առաքյալների դերակատարները: Անհրաժեշտ են սև և սպիտակ ծածկոցներ, ծղոտե գավազան, կանաչ ճյուղեր, տասներկու մոմեր և տասներկու Նոր Կտակարան՝ առաքյալների համար: Բեմի համար անհրաժեշտ է գունավոր լույսեր:


Հաղորդավար 1 - Հավիտենից Աստված. Դու անսահման սիրո օվկիանոս ես: Բովանդակ աշխարհը ողողեցիր Քո սիրով: Դու՝ մարդու հանդեպ ունեցած սիրով աշխարհում ծնվածդ, թողեցիր երկինքը և եկար մեզ փրկելու համար:

Հաղորդավար 2 -Դու հավերժությունն ու անմահությունն ես, եկար աշխարհ, որ հավերժին արժանացնես մարդուն, որից մարդը զրկվել էր դեռ դրախտում:
Հաղ. 1 - Երկնախոս Վարդապետդ սիրո դասեր ուսուցանեցիր. «Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, և եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք»
Հաղ. 2 - Հիսուս քարոզում էր՝ ով մարդասեր չէ, նա չի կարող աստվածասեր լինել: Եթե մարդուն տեսնում ենք և չենք սիրում, Աստծուն չենք տեսնում, ինչպե՞ս կարող ենք սիրել:
Հաղ. 1 - Քարոզում էր հավատ՝ դեպի Աստված, հույս՝ դեպի հավիտենական կյանքը և սեր՝ դեպի մարդը:

 

Դանդաղ բացվում է վարագույրը: 12 առաքյալների դերակատարները կանգնած են երեքական խմբով՝ սպիտակ շապիկ հագած, Հուդան՝ դեղին շապիկով, ձեռքին՝ սև կտորից փոքրիկ պարկ կամ պարկը գոտուց ամրացված, յուրաքանչյուրի ձեռքին՝ Ավետարան և վառվող մոմ:

 

Տերունական աղոթք

 

Առաքյալ 1 - Իմ փրկիչ Տե՜ր, մերթ սերմնացան ես կոչվել և լիաբուռն ցանել ես Կենացդ խոսքը:
Առաքյալ 2 - Մերթ Կենաց հաց, և ով Քեզ գա, քաղց չի զգա, և ով Քեզ հավատա, երբեք չի սասանվի:
Առաքյալ 3 - Իբրև հաց Կենաց՝ Դու երկնից իջար,
Բանին հոգևոր մատռվակ եղար:
Առաքյալ 4 - Մարդկանց ցավերին, կույրին, բորոտին,
Եղար Դու բժիշկ, հասար օգնության:
Առաքյալ 5 - Մերթ կենդանի ջրերի աղբյուր, և եթե մեկը ծարավում է, թող Քեզ մոտ գա և խմի, և ով խմի, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն՝ հավիտենական կյանքի համար:
Առաքյալ 6 - Մերթ աշխարհի Լույս, և ով գալիս է Քո հետևից, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի Կենաց Լույսը:
Առաքյալ 7 - Մերթ Գառն Աստծո, ով Իր վրա է վերցնում աշխարհի մեղքը:
Առաքյալ 8 - Մերթ լավ Հովիվ, ով Իր կյանքը տալիս է ոչխարների համար, և պիտի հովվես այլ ոչխարներ, որոնք Քո փարախից չեն:
Առաքյալ 9 - Ողորմասեր Աստված, չեկար արդարներին ապաշխարության կանչելու, այլ՝ մեղավորներին:
Առաքյալ 10 - Խաղաղարար Աստված, սիրո խաղաղության պատվերդ տալով՝ նոր օրինակ ես առաջ բերում. «Ես եմ ճշմարիտ որթատունկը և Հայրը մշակն է»:
Առաքյալ 11 - Ճշմարտասեր Աստված, երեք տարի քարոզեցիր ճշմարտությունը, որի համար աշխարհ էիր եկել. «ԵՍ ԵՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ»:
Հաղ. 1 - կուլիսից - Իսկ ճշմարտությունը հաճախ ոտքի տակ է ընկած, ոչ ոք չի համարձակվում բարձրացնել:


Առաքյալների դերակատարները հավաքվում են խաչի շուրջ:


Հաղ. 2 - Երուսաղեմ մտնելու օրը ժողովուրդը բառ չէր գտնում վերջին անգամ նրան պատվելու, փառաբանելու, հանդերձներն էին գցում Նրա ոտքերի տակ, արմավենու և ձիթենու ճյուղերով դիմավորում էին՝ գոչելով.

ԽՈՒՄԲԸ - 1, 2, 3 խմբերը՝ ցածր, միջին և բարձր հասակ ունեցող երեխաները՝ կանաչ ճյուղերով, հերթով գալիս են բեմ և խոնարհվում Խաչին, փառաբանելով՝

Խումբը - Օվսաննա, փառք Նրան, ով գալիս է Տիրոջ անունով:

 

Երգչախմբի ելույթ - Պատարագից հատված՝ «Օրհնյալ է Աստված»

 


Հաղ. 1 - Ո՜վ Տեր, վերնատանը Վերջին ընթրիքի ժամանակ, վերցնելով հացը, օրհնեցիր և տվեցիր աշակերտներիդ՝ ասելով. «Առե՜ք, կերե՜ք այս է իմ մարմինը», ապա բաժակը վերցնելով՝ գոհություն հայտնեցիր և տվեցիր նրանց՝ ասելով. «Խմե՜ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվելու է շատերի համար»:
Հաղ. 2 - Վերջին ընթրիքից հետո, սրբիչը կապելով մեջքիդ, ծառայաբար լվացիր առաքյալների ոտքերը, հեզության ու խոնարհության օրինակ տվեցիր մեզ:
Հաղ. 1 - Խոնարհ Աստված Գեթսեմանի պարտեզում տագնապիդ մեջ պաղատում էիր առ Հայր, որ թե հնարավոր է, քեզնից հեռացնի մահվան բաժակը, և Հորդ կամքին ես հնազանդվում:
Հաղ. 2 - Երեսդ հողին հպեցիր, և աչքերիցդ կենսատու ցողահոս կաթիլներ թափվեցին այս անիծյալ երկրի վրա, հին մարդը փշրվեց՝ իբրև անոթ: Նորակերտեցիր նրան, Տեր՝ աչքերիդ ցողով գետինը թրջելով:
Հուդան համբուրում է Խաչը և Ավետարանն ու մոմը դնելով Խաչի մոտ՝ հեռանում է:

 

Հաղ. 1 - Ո՜վ անըմբռնելի Լույս, քո գանձապետը՝ Հուդան, Քեզ կեղծավոր համբույրով մատնեց և Դո՜ւ, Ամենափրկիչ Տե՜ր, թույլ տվեցիր, որ Քեզ կապեն:

Հաղ. 2 - Սիրասուն հովիվը զարնվեց, և խաչակիր զինվորները դասալիք դարձան Գեթսեմանի ճակատամարտում՝ միայնակ թողնելով Զորագլխին:



Առաքյալները հեռանում են:

 

Հաղ. 1 - Նախ մերկացրին պատմուճանից, բացեցին գլուխդ, ձեռքերդ կապեցին թիկունքիդ կողմից, պարան գցեցին պարանոցիդ և քարշ տալով՝ տարան: Նրանք, որ առջևից էին գնում, երեսիդ էին խփում, ովքեր հետևից՝ թիկունքիդ էիր զարկում, որոնք առջևից՝ ծնոտիդ էին ապտակում, ովքեր ձախից՝ թքում էին երեսեիդ, ովքեր քիչ հեռու էին՝ հող էին լցնում գլխիդ, հայհոյում էին, անարգում, ծաղրում:

Հաղ. 2 - Եվ ինչպես Գառ՝ միայնակ էիր, իսկ գայլերը՝ բազում, ինչպես որոջ՝ միայնակ էիր, իսկ արյունարբուները՝ շատ, Դու՝ անմեղդ, միայնակ էիր անապատում, իսկ շնաբարո որսացողները՝ բազում, ինչպես պարարտ զվարակ՝ միայնակ էիր, իսկ մորթողները՝ շատ, ինչպես արդար աղավնի՝ միայնակ էիր, իսկ ագռավները՝ բազում:

 

Հաղ. 1 - Քրիստոս՝ Գառն Աստծո, ընկել էր գայլերի ձեռքը և պետք է մատաղ գնար հրեաների չար նախանձին: Կայափան և Պիղատոսը ատյան էին բացել և ուզում էին արդարին մահվան դատապարտել: Ամբողջ գիշեր հանգիստ չտվեցին, տանում էին ապարանքից ապարանք, և որքան ծաղր ու ծանակ, նախատինք ու անարգանք թափեցին գլխին:

Հաղ. 2 - Օվսանաներով դիմավորող նույն ժողովուրդը մի քանի օր հետո ոռնում էր.



Խումբը - Խաչ հանիր դրան, Խաչ հանիր դրան, Խաչ հանիր դրան:

Երեք խմբերը հերթականությամբ, կանաչ ճյուղերը ձեռքներին ճոճելով, հեռանում են:

 

Հաղ. 1 - Իր աչքի լույսը իր ձեռքերով հանող ժամանակի խաբված իշխանավորները Նրան մեղադրում էին երեք բանում.
ա. իբր թե Հիսուս իրեն հրեաների թագավոր է համարում,
բ. իբր չի թողնում, որ հրեաները հարկ տան հռոմեական կայսրին,
գ. իբր քառասունվեց տարում շինված տաճարը ուզում է քանդել և երեք օրում կառուցել:
Հաղ. 2 - Անլռելի Աստված, իմ հեզ Տե՜ր, ո՜չ վիճում էիր, ո՜չ աղաղակում, քանզի Քո ձայնից ջախջախված եղեգն էր փշրվում և շնչիդ ուժգնությունից վառվող պատրույգն էր մարում:
Հաղ. 1 - Պիղատոսի հարցին՝ «Դո՞ւ ես հրեաների թագավորը», հեզությամբ պատասխանեցիր.
Հաղ. 2 - Դո՜ւ ես ասում, թե թագավոր եմ, բայց հենց դրա համար եմ աշխարհ եկել, որ ճշմարտությունը պաշտպանեմ: Ամեն մարդ, ով ճշմարտությունը սիրում է, լսում է իմ ձայնը»:
Հաղ. 1 - Ո՜վ ողորմելի ժողովուրդ, երկնքի և երկրի ստեղծողին, ծովերի և ցամաքների Տիրոջը հրեաների թագավոր ես համարում, երբ երկինքը նրա աթոռն է, երկիրը՝ ոտքերի պատվանդանը, և Որի թագավորությունը ո՜չ սկիզբ ունի և ո՜չ վերջ:

 

Երգչախմբի ելույթ - Պատարագից հատված՝ Միայն Սուրբ, միայն Տեր

Հաղ. 2 - Գիշերվա երկրորդ կեսն էր. Քեզ քո մատնիչների ձեռքը հանձնեցին: Վաթսուն կռապաշտ զինվորներ, բաժանված չորս խմբի, հինգ ժամ ծեծում Էին:



Երաժշտություն - Տեր ողորմյա

 

Հաղ. 1 - Տեր երկնքի և երկրի. Դու վշտից բերանդ չբացեցիր, երբ Քո թագավորությունը անպատվելու և վեհագույն գլուխդ, որ տիեզերքը չէր կարող պարուրել, դալար փշերով մի պսակ շինեցին, դրին գլխիդ և որ վայր չընկնի, փայտով հարվածեցին:
Հաղ. 2 - Փշե պսակ էին դնում գլխիդ, որ գնում էիր մեր մեղքերի փուշը վերցնելու և մյուս անգամ գալու ժամանակ անթառամ պսակներ դնել նրանց գլխներին, ովքեր Քո անունը փառավորել են այս աշխարհում:

 

Երկու սև ու մեկ սպիտակ հրեշտակների պար: Սև հրեշտակներից մեկը կտրտված սև կտորով փորձում է ծածկել Խաչը, իսկ մյուսը՝ ծղոտե կոտրած գավազանը հենում է Խաչին: Սպիտակ հրեշտակը փորձում է խանգարել նրանց:

 

Հաղ. 1 - Ձորձով ծածկեցին երեսդ, որ մարդկանց սրտերի խորհուրդներն էիր տեսնում և բռունցքներով հարվածելով հարցրին. «Մարգարեացի՜ր, ո՜վ խփեց Քեզ»:
Հաղ. 2 - Թքում էին լույս երեսիդ, երբ թուքդ կույրին լույս էր տալիս և ասում էին. «Կեցցե՛ հրեաների թագավորը»:
Հաղ. 1 - Նրանք չհասկացան, որ թագավորությունդ այս աշխարհից չէր, իբրև արքա՝ արքայական ծիրանի հագցրին և ջարդված գավազան տվեցին ձեռքդ՝ չիմանալով, որ եկել ես Ավետարանի քաղցր գավազանով հովվելու:
Հաղ. 2 - Ծնկի գալով՝ ծաղրում էին, որի առաջ ծնկի էին գալիս երկնքի հրեշտակները:
Հաղ. 1 - Անցավ տառապանքի ու ծաղրի գիշերը, մոտեցավ արշալույսը: Գարուն էր, ծառերն ու ծաղիկները ծիծաղում էին՝ զվարթացած երկնքի ցողով, իսկ Դու, ով զարդարիչ ծառերի ու ծաղիկների, խամրել էիր, երեսդ՝ այլագունել:
Հաղ. 2 - Պիղատոսի հրամանով ատենադպիրը գրել էր. «Հիսուս Նազովրեցի, ազգի կործանիչ, կայսրին բանի տեղ չդնող և սուտ մեսիա, ինչպես հաստատվեց ազգի մեծամեծերի
վկայությամբ: Թող տարվի հասարակաց պատժի տեղը և իր թագավորությունը ծաղրի՝ դրվելով խաչվի երկու ավազակների հետ, այդ պատճառով թող դահիճը պատրաստի խաչը:
Հաղ. 1 - Զինվորները հանեցին կարմիր վերարկուն Քրիստոսի վրայից և իր շորը հագցրին, փշե պսակը թողնելով գլխին՝ տարան խաչելու: Հռոմեացիների սովորության համաձայն խաչվողը ինքը պետք է տաներ իր խաչը:
Հաղ. 2 - Հիսուս, որ ողջ գիշեր ձաղկվել էր, մի քանի քայլ անելուց հետո խաչի ծանրության տակ վայր ընկավ: Թե՜ հրեայի և թե՜ հեթանոսի համար պիղծ էր համարվում խաչափայտին ձեռք տալը: Ո՞վ պետք է տաներ:
Հաղ. 1 - Այդ պահին հանդերի կողմից մի մարդ է գալիս՝ Սիմեոն Կյուրենացի անունով: Նա սիրով բարձրացնում է Հիսուսի խաչը և դառնում Հիսուսի նոր թագավորության դրոշակակիրը և գնում Հիսուսի առջևից մինչ մի փոքր շունչ առներ Հիսուս և շարունակեր խաչի ճանապարհը:

 

Սիմեոն Կյուրենացու դերակատարը խաչի վրայից վերցնում է գավազանը, սպիտակ ու սև ծածկոցները գցում է ուսին և դուրս գալիս բեմից: Բեմում աստիճանաբար լույսերը մեղմանում են, կապույտ և թույլ լույս է բեմում: Խաչաձև երկու կողմից կանգնում են երեխաները՝ լապտերիկներով:

 

Հաղ. 2 - Գնում էր պատերազմ՝ մեղքի ու մահվան դեմ, խավարի իշխանության դեմ, գնում էր դեպի կառափնատեղի, որը կոչվում էր Գողգոթա:
Հաղ.1 - Խաչի գլխին գրվում էր խաչվածի հանցանքը: Պիղատոսը գրել էր տվել եբրայերեն, դաղմատերեն և հունարեն լեզուներով. «Հիսուս Նազովրեցի, թագավոր հրեաների»:
Հաղ. 2 - Փառք և խաչ, մեկը մյուսի ծնունդն է: Փառքը խաչ է պատրաստում մարդու համար, խաչը՝ փառք: Երուսաղեմ մտնելու օրը Տիրոջ փառքը փռվեց քաղաքով, իսկ հիմա անմեղը, անարատը գնում է խաչվելու: Իր փառքն է պատրաստում. չէ՞ որ խաչը Հիսուսի երկրավոր գահն էր:



Բեմում վառվում են միայն կարմիր լույսերը:

 

Հաղ. 1 - Հիսուս դատապարտվեց խաչվելու ուրբաթ օրը՝ ժամը վեցին: 9-րդ ժամին մեծ Նահատակի ձեռքերն ու ոտքերը մեխեցին խաչափայտին: Խաչվեց երկու ավազակների միջև:

 

Կենտրոնի Խաչը բարձրացվում է վեր, կտրվելով գետնից: Ետնավարագույրի մոտ բացվում են աջ և ձախ խաչերը:

 

Հաղ. 2 - Աստծո Որդին կախվեց նզովքի փայտի վրա, երկնքի ու երկրի միջև, մերկ ու փշե պսակը գլխին: Նա խաչի վրա էլ ծաղրվեց: Ջրի փոխարեն քացախե սպունգը մոտեցվեց: Մի՞թե օվկիանը կհագեցներ ծարավը պապակ շուրթերի Նրա, ով գնում էր մարդկության մեղքերի կապանքները փշրելու:
Հաղ. 1 - Խաչի վրա ասաց. «Հա՜յր, ներիր սրանց, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում, և չի ասում կրակ ու կայծեր թափիր սրանց գլխին»:
Հաղ. 2 - Գողգոթայում լռեց ամեն բան: Միայն Խաչվածի տանջանքներն էին սաստկանում:



Լույսերը անջատվում են, երաժշտությունը՝ լռում:

Հաղ. 1 - Ո՜վ մեղավոր մարդ, երկինքը երկնավորների հետ մեկտեղ և բոլոր արարածները անմխիթար ողբում էին, երբ տեսան իրենց Արարչին՝ խաչի վրա մեխված, և մահն հանձն առած: Արեգակն ու լուսինը, աստղերով հանդերձ խավար հագան, երկիրը սասանվեց ու դղրդաց հիմքից, գերեզմանները բացվեցին և շատ ննջեցյալներ հարութիուն առան, սուրբ քաղաք՝ Երուսաղեմ մտան:

 

Հաղ. 2 - Աստծո Որդին խաչի վրա՞: Նրա ուսերի վրա ծանրացած էր մարդկային ազգի մեղքերի բեռը: Նրա գլխի վրա թափվում էր Աստծո բարկության ու դատաստանի լիքը բաժակը:
Հաղ. 1 - Խմեց բաժակը մինչև վերջ և ժամը երեքին ասաց իր երկրավոր կյանքի վերջին խոսքը. «Հայր, Քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին»: Գլուխը խոնարհեց ու ավանդեց հոգին:

 

Շարական - Ո՞ւր ես, մա՜յր իմ

 

Աստվածամոր դերակատարը երկու կանանց հետ գալիս, ծնկում են խաչի մոտ: Աստվածամոր հետ ծնկում են խաչ կազմած երեխաները, երգի ավարտին բեմից դուրս են գալիս սկզբում՝ Աստվածամոր դերակատարը, հետո՝ խաչ կազմած երեխաները:

 

Հաղ, 2 - Փառավորյալ Տե՜ր, Դու լիովին կատարեցիր մարդեղությանդ խորհուրդը՝ Բեթղեհեմի մսուրից մինչև Գողգոթա՝ խաչի Քո ճանապարհը, այնտեղ էր վերջը Քո տառապանքների:
Հաղ. 1 - Ո՞վ կարող է չափել Քո անհուն սերը, որ դու չափեցիր քառաթև փայտով: Բարձրությունը մինչև երկինք հասավ, խորությունը՝ մինչև աշխարհի ծայրերը:
Հաղ. 2 - Խաչիդ վրա ամփոփվեց սիրուդ մեծության չափը. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա բարեկամների համար:
Հաղ. 1 - Մարդկային ազգի փրկության գործը կատարված էր, կնոջ զավակը ջախջախել էր օձի գլուխը:
Հաղ. 2 - 30 կանգուն երկարության և 4 մետր լայնության վարագույրը վերից վար կես էր եղել: Նշան էր, որ հինը վերջացել և սկսվել է նորը: Մշտնջենական Քահանայապետը մտել էր Սրբություն Սրբոցը և կործանել այն պատը, որ կանգնեցրել էր մեղքը Աստծո և մարդկանց միջև, և դեպի Աստված տանող ճանապարհը բացվել էր:
Հաղ. 1 - Հայր Աստված երկնքից Գողգոթա էր իջել, հրեշտակներն ու մարդիկ բարձրանում էին խաչի սանդուղքով, ուխտի կամար էր կապվել:
Հաղ. 2 - Իմ Փրկիչ Տե՜ր, Քո պողպատե ձեռքը վերացրեց դժոխքի խայթոցը, և Դո՜ւ, ոտքդ դնելով մահվան սրտի վրա՝ կանչեցիր. «Ո՞ւր է, մահ քո զորությունը, և ո՞ւր է, դժոխք, քո խայթոցը»:
Հաղ. 1 - Տե՜ր, Խաչիդ կռվանով փշրեցիր դժոխքի շղթաները, որ դեպի լույս գան մահվան ստվերի տակ բանտվածները:
Հաղ. 2 - Ո՜վ խաչյալ Տեր, նայիր քո խաչի բարձունքից, քո սիրո ու ներման անհասանելի գագաթից, մաքրիր մեր սրտերն այնպես, որ կարողանանք ասել՝ թող զմեղս մեր:
Չորս փոքրիկները գալիս են բեմ, խաչակնքում և կարդում են.

 

1. Տե՜ր, Քո խաչի առջև Ծունր եմ իջել այսօր
Եվ հոգիս եմ բերել՝ որպես աղոթք մի նոր:
2. Տե՜ր, զորավիգ եղիր և ինձ դարձիր պաշտպան,
Ու ինձ ցողիր ավերջ՝ լույսդ ողորմության:
3. Ով հավատաց խաչիդ, նա հարություն առավ ,
Փարվեց հոգով կրծքիդ, Քո մեջ ապրեց խաղաղ:
4. Ով հավատա խաչիդ, նա հարություն կառնի,
Հեռու կապրի չարից ու տանջանքից մահի:

 

Հաղ. 2 - Գողգոթայի դատապարտյալը երեկոյան իջեցվեց խաչից և դրվեց վիմափոր գերեզմանը, որի մուտքը փակեցին մի մեծ քարով:
Հաղ. 1 - Համաձայն հրեական օրենքի, մահացածի մարմինը հաջորդ օրը օծում էին անուշահոտ յուղով: Սակայն Քրիստոս մահացավ և թաղվեց ուրբաթ երեկոյան, իսկ շաբաթ օրը հրեաները իրավունք չունեին որևէ գործ անլու:
Հաղ. 2 - Բայց կիրակի օրը՝ առավոտյան շատ վաղ, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագթաղենացին, Հակոբոսի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ Հիսուսի մարմինը խնկարկելու: Քարը գերեզմանից գլորած գտան ու ներս մտնելով՝ Հիսուսի մարմինը չգտան: Եվ մինչ զարմացած էին այս բանի վրա, ահա լուսավոր զգեստներով երեք մարդիկ մոտեցան:

 

Երեք յուղաբեր կանայք բեմի մի կողմից են գալիս, իսկ մյուս կողմից գալիս են հրեշտակները:

 

Հրեշտակ - Ինչո՞ւ ողջին մեռելների մեջ եք փնտրում, այստեղ չէ Հիսուս, այլ՝ հարյավ:
Հրեշտակ - Հիշեցեք՝ ինչպես խոսեց Նա ձեզ հետ, երբ Գալիլիայում էր: Ասում էր, թե պետք էր, որ մարդու Որդին մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի և երրորդ օրը հարություն առնի:

 

Հաղ. 2 - Եվ դու՜, հրեշտակ, որ Բեթղեհեմի մսուրից Աստվածորդու ծննդյան ավետիսը տվեցիր, այսօր Հովսեփի պարտեզի գերեզմանից ավետիս տուր ողջ աշխարհին:



Հրեշտակների խումբ - Քրիստոս յարեավ ի մեռելոց:

 

Շարական - Քրիստոս յարեավ ի մեռելոց

 

Հրեշտակ 1 - Երկնային դասքեր, օրհնեցեք Տիրոջը, զի յարեավ Քրիստոս:
Հրեշտակ 2 - Լույս և խավար, ցերեկ և գիշեր, օրհնեցեք Տիրոջը, զի յարեավ Քրիստոս:
Հրեշտակ 3 - Ով երկինքներ, տաք և սառը օդ, հուր և կրակ, ջուր և հող, օրհնեցեք Տիրոջը, զի յարեավ Քրիստոս:
Հրեշտակ 4 - Օվկիանոսների, ծովերի և գետերի ջրեր, ջրային կենդանիներ և երկնքի թռչուններ, օրհնեցեք Տիրոջը, զի յարեավ Քրիստոս:
Հրեշտակ 5 - Երկնային լուսատուներ, արև ու լուսին շողարձակեք ձեր շողերը և լուսավորեք տիեզերքը, զի յարեավ Քրիստոս:
Հրեշտակ 6 - Ծառ ու ծաղիկ, զվարթացեք ձեր կանաչությամբ ու զմրուխտով, զի յարեավ Քրիստոս:
Հրեշտակ 7 - Բոլոր արարածներ և որդիք մարդկան, օրհնեցեք Տիրոջը, զի յարեավ Քրիստոս:

 


Ասմունքողները կարդում են ՝ Հարություն բանաստեղծությունը (Ասողիկ Եպիսկոպոս)

Ասմունքող 1 - Հարուցյալ Փրկի՜չ,
Ինձ առաջնորդի՜ր
Նավահանգիստը Քո խաղաղության,
Ալեծուփ կյանքի մեղքերի միջով,
Քանզի Դու ես ինձ փրկիչ, օգնական,
Ամենափրկիչ, Քեզ միշտ օրհնություն,
Քեզ փառք, և պատիվ, և իշխանություն
Այժմ և հավետ:


Ասմունքող 2 - Հարուցյալ Փրկի՜չ,
Ինձ լուսավորի՜ր
Մարդասիրության անբավ գիտությամբ,
Եվ անանձնական սիրով լուսառատ,
Որ ես ընթանամ Քո ճանապարհով՝
Շնորհի ներքո Քո ողորմության,
Անցնեմ տնետուն, ողջունեմ մարդկանց,
Միայն նշանով Քո Սուրբ Փրկչական:

 

Հաղ. 1 - Ո՜վ հարուցյալ Տեր, հարությունդ կյանքի հաղթանակն է, լույսի հաղթանակը խավարի ու մահվան դեմ: Տե՜ր, Քո հարությամբ դուռ բացեցիր հավիտենական կյանքի համար:
Հաղ. 2 - Ե՜ս եմ Հարությունը և կյանքը, ով հավատում է, թեպետ և մեռնի, կապրի, իսկ ով չի հավատում, արդեն մեռած է:
Հաղ. 1 - Մեր ժողովուրդը դարեր ի վեր հավատացել է Բեթղեհեմի մսուրից հրեշտակի տված ավետիսին՝ Աստծո Որդու ծննդյան, և հավատացել է Հովսեփի՝ պարտեզի գերեզմանից տված ավետիսին, թե ինչու ողջին մեռելների մեջ եք փնտրում, այստեղ չէ Հիսուս, այլ՝ հարյավ:

 

Շարական Հարության - Այսօր յարեավ

Հաղ. 2 - Ո՜վ Տեր, թանկ զոհողություններով դարձանք քրիստոնյա երկիր և ազգ, օգնի՜ր մեզ ինքնամաքրմամբ փարվենք մեր մաքրամաքուր արմատներին, օգնի՜ր, որ մեր հավատը դառնա՝ անխախտ, հույսը՝ լուսավոր և մեր սերը՝ անփոխարինելի:
Հաղ. 1 - Խաչի ճանապարհով գնաց մեր ժողովուրդը, տառապանքի ու ցավի մեջ անգամ չի ուրացել իր հավատքը, չի կորցրել հարության հույսը, կենդանի է պահել հարության լույսն իր սրտում:

 

Ասմունքող - Հարություն (Լ. Միրիջանյան)


1. Քրիստոս հարեավ ի մեռելոց,
Թող հառնի հույսն էլ մեր,
Եվ բարձրանա արևազօծ
Հայոց լեռներն ի վեր:


2. Թող փարատվեն մեգ ու մշուշ,
Ամեն սար ու ձորից,
Եվ սրտերում հոգնած, անուժ
Արև լինի նորից:

 

3. Եվ թող կարդա գիրն արևկեզ
Մեր ժայռերի վրա՝
Ինձ խաչեցին Քրիստոսի պես,
Բայց հարություն առա:

 

Հաղ. 2 - Եվ այսօր էլ՝ փորձությունների և նեղությունների այս շրջանում, հավատում ենք, որ անցնելու է չարչարանքների ձմեռը և կգա գարունը, և կբուրեն ծաղկավետ այգիներն ու արտերը և Տիրոջը փառաբանող հրեշտակների դասքերին կմիանան Սբ Թադեոս և Սբ Բարդուղիմեոս առաքյալների նահատակությամբ, Սբ Գրիգոր Լուսավորչի տառապանքներով և բյուրավոր մարտիրոսների արյամբ գնված և Քրիստոսի լույս ճանապարհով գնացող Հայոց աշխարհի զավակները:
Հաղ. 1 - Եվ դո՜ւ, հայ մարդ, հավատա քո հայրերի Աստծուն, հավատա Հարության հաղթանակին և դարերդ Հարությամբ կհառնեն:
Զի Աստված ընդ մեզ է
Հաղ. 2 - Քանզի պատմության փշոտ ճամփաներով ու գողգոթաներով անցնելով շատ փոթորկոտ ալիքներ բախվեցին մեր հավատի ժայռին ու փշրվեցի և կփշրվեն:
Հաղ. 1 - Փառավորյալ Տե՜ր, օգնի՜ր իմ ժողովրդին մե՜կ հավատ, մե՜կ եկեղեցի և մե՜կ մկրտությամբ միաբանվել: Տե՜ր, օգնի՜ր մեզ՝ սիրելու այն ճանապարհը, որ դեպի քեզ է բերում:

Բեմ են գալիս միջոցառման մասնակից բոլոր անձինք, սկզբում՝ Աստվածամոր դերակատարը՝ երկու կանանց հետ, հետո՝ առաքյալները և ամբողջ խումբը՝ երգչախմբի հետ:

 

Հաղ. 2 - Ո՜վ Տեր, ուժ ու կարողություն տուր, որ Միքայելյան դասի նման միշտ պատերազմենք մեղքի և սատանայի չար գործերի դեմ և Աստծով հաղթող հանդիսանալով՝ ասենք.

 

Հայր մեր,
Որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցէ արքայութիւն Քո,
Եղիցի կամք Քո՝ որպէս յերկինս և յերկրի:
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր:
Եվ թող մեզ զպարտիս մեր
Որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա զմեզ ի չարէ,
Զի քո է արքայութիւն և զօրութիւն
Եւ փառք յավիտեանս.
ամէն:


Երգ - Եկեղեցին հայկական

  • 2021-12-11
×