Ովքե՞ր էին մաքսավորները

Ովքե՞ր էին մաքսավորները

Մաքսավորները մաքս ընդունող պետական պաշտոնյաները կամ հարկահաններն էին: Կային երկու տեսակ հարկահաններ: Առաջիններն ընդհանուր երկրի կամ յուրաքանչյուր գավառի հարկահավաքների տեղակալներն էին: Հավաքվող տուրքերը կազմում էին տերության եկամուտը: Տեղակալները հաշիվ էին տալիս կառավարությանը և մեծարվում: Երկրորդներն այդ տեղակալների փոխանորդներն էին, որոնք համարվում էին ավազակներ, դավաճաններ, հացկատակներ և ոճրագործներ: Հրեաների համար գարշելի էր այդ պաշտոնն ու անունը: Նրանք ապօրինի էին համարում օտարներին հարկ տալը (Տե՛ս Բ Օրինաց. 17:15): Մաքսավորի կամ հարկահավաքի պաշտոն վարող հրեան համարվում էր ստոր, անարգ, հեթանոս, քանի որ իր ազգի զավակներից տուրք էր վերցնում և վճարում կռապաշտ հռոմեացիներին: Մաքսավորներին թույլ չէր տրվում մտնել տաճար կամ ժողովարան, մասնակցել հասարակաց աղոթքներին, դատավարություն անել կամ դատական ատյանի առաջ վկայություն տալ: Այդպիսիները ժողովրդից լքված անձնավորություններ էին: Հրեաները կապ չունեին նրանց հետ, նրանց չէին ընդունում իրենց շարքերը, նրանց հետ սեղան չէին նստում: Մաքսավորները վատահամբավ, ագահ ու հարստահարիչ մարդիկ էին: Նրանք իրենց հարստությունը դիզում էին ապօրինի ճանապարհներով և դրամաշորթությամբ: 
Հրեաները հռոմեական դաժան լուծը կրում էին մեծ դժկամությամբ՝ հուսալով, որ շուտով պիտի գար մարգարեացված Մեսիան՝ իրենց ազատելու կռապաշտ հռոմեացիներից:

  • 2021-10-13
×