Ս. Սարգսի տոնակատարություններն Արարատյան Հայրապետական թեմում

Ս. Սարգսի տոնակատարություններն Արարատյան Հայրապետական թեմում

Ս. Սարգիսն իր որդի Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվելով հանուն քրիստոնեական հավատքի՝ հետագայում դարձավ Հայ Առաքելական եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:


Արարատյան Հայրապետական թեմում Ս. Սարգսի տոնը նշվում է ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որոնք մեզանում դարձել են նվիրական ավանդույթ: Դեռ տարիներ առաջ Ս. Սարգսի տոնն իսկապես տոն դարձնելու համար անհրաժեշտ էր իրականացնել համընդհանուր նախաձեռնություններ, լայնածավալ տոնակատարություններ:


2006թ.-ից ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց Ս. Սարգսի տոնի շրջանակներում կազմակերպվող տոնակատարություններին և միջոցառումներին:


Ս. Սարգսի տոնին նվիրված միջոցառումներն իրականացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և նախաձեռնությամբ։
Անցնող տասնմեկ տարիների ընթացքում զորամասերում, հիվանդանոցներում, կրթօջախներում, բացօթյա մարդաշատ վայրերում և համերգասրահներում կազմակերպվել են տոնն ազդարարող ուրախ տոնակատարություններ, համերգներ, խաչերթեր, սիրո պատմությունների մրցույթներ, մանկական ու երիտասարդական ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսներ, հայոց բանակին ուղղված բարեգործական ծրագրեր՝ մեծ ժողովրդականություն բերելով տոնին:


Ս. Սարգսի տոնին մատուցվում է Ս. Պատարագ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, ինչպես նաև Երևանի՝ Ս. Սարգիս անունը կրող մյուս եկեղեցիներում (Արգավանդ, Նոր Նորք), որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի է բերվում Ս. Սարգսի մասունքակիր աջը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի պահոց Մատենադարանից՝ այս եկեղեցում ընդօրինակված 17-րդ դարի ձեռագիր Ավետարանը։


2016թ. սկիզբ դրվեց մի գեղեցիկ ավանդույթի. տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի է ունենում նաև սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորների պարգևատրման արարողություն: Նրանց է հանձնվում Ս. Սարգսի զարդապատկերը:


Պարգևատրման միջոցառումից հետո Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակից հոգևորականների առաջնորդությամբ երիտասարդները, Ս.Սարգսի կերպարը խորհրդանշող ձիավորը, դրոշակակիրները և թմբկահարները խաչերթով քայլում են դեպի Սիրահարների այգի, որտեղ տեղի է ունենում բացօթյա համերգային ծրագիր։


2014թ. Ս. Սարգսի տոնի առթիվ սկիզբ դրվեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը, որի շրջանակում արդեն 150 մլն դրամ է բաշխվել զոհված ու հաշմանդամություն ունեցող զինծառայողների շուրջ 800 ընտանիքի:


Տոնի կազմակերպման հարցում զգալի է նաև Երևանի քաղաքապետարանի և Մշակույթի նախարարության աջակցությունը: Երևանի վարչական շրջաններում կազմակերպվում են բազմաթիվ ծրագրեր ու համերգներ՝ կարևորելով ազգային տոնի զարթոնքն ու ամրապնդումը: Մշակութային հաստատություններում՝ թատրոններում ու համերգասրահներում, բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում տոնի առթիվ:
Տարեցտարի ավելանում է անհատական նախաձեռնությունների թիվը: Բազմաթիվ կազմակերպություններ իրենց նախաձեռնությամբ միանում ու նշում են տոնը:

  • 2021-07-14
×