Անհատն ու հասարակությունը Արարատյան քննարկումներում

Անհատն ու հասարակությունը Արարատյան քննարկումներում

Հոկտեմբերի 17-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում սոցիալ-մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ: Զրույցը կրում էր «Անհատ և հասարակություն» խորագիրը:
 

Հանդիպման ընթացքում Ա. Թադևոսյանը խոսեց անհատի տարբեր տիպերի մասին, անհատ և հասարակություն փոխհարաբերության և հասարակության մեջ առկա մարտահրավերների մասին:
 

«Հասարակությունը կայունանում է առաջին հերթին այն անհատների շնորհիվ, ովքեր կարողանում են հարաբերությունների դաշտ կառուցել: Դրանք կառուցվում են, երբ հասարակության մեջ շատ են ինքնատիպ իմաստներ ձևավորող անհատները: Եվ երբ հասարակությունը ինքն իր մեջ փորձում է ճնշել այդ անհատներին, ինքն իր մեջ ճնշում է զարգացման հնարավորությունը»,-բացատրեց Աղասի Թադևոսյանը:
 

Բանախոսության ընթացքում քննարկվեց, թե ինչպես կարող է մշակույթն ազդել անհատականության վրա: Եվ ինչպես անհատականությունը կարող է փոխազդել հասարակության վրա:
 

«Արարատյան քննարկումներ» ծրագրի շրջանակներում սա արդեն երկրորդ հանդիպումն էր: Այն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի  և «Ծիրանի» Մշակութային հանգոյցի համատեղ ջանքերով:
 

Արարատյան քննարկումների հաջորդ հանդիպումը «Գիտելիքի և իմացության խնդիրը «Մենք»-ի մասին» խորագրով տեղի կունենա ուրբաթ՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում: Խոսնակը ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Մխիթար Գաբրիելյան է:

 

Արարատյան Հայրապետական թմի տեղեկատվական բաժին

  • 2021-08-09
×