Ամփոփում 2010

Ամփոփում 2010

Սուրբ Սարգսի 2010թ. տոնական միջոցառումների ամփոփում
 

Սուրբ Սարգիսն իջավ սարեն,
Քառսուն աղբյուր բխաց քարեն,
Քսանևչորս սուրբ մարգարեն
Օրհնեն այս մեր թագավորը...
Մուրազատու Սուրբ Սարգիս,
Դու հասնիս մըր երկուսիս...


Հայ եկեղեցու սրբերից զորավար Սարգիսը մեծ ժողովրդականություն է վայելել հատկապես երիտասարդների շրջանում: Երիտասարդները գիտեն, որ Ս. Սարգիսը սիրո բարեխոս է, սիրո համար ճանապարհ հարթող: Ամեն տարի սիրահարներն անհամբերությամբ են սպասում այս տոնին:
Ձիու սմբակների դոփյունը սուրբ Սարգսի տոնի օրերին Երևանում քչերին է զարմացնում: Մարդիկ արդեն սպասում են, որ սրբին խորհրդանշող ձիավորը շուտով անցնելու է քաղաքի փողոցներով, գալու է եկեղեցիների բակեր:
Արդեն վեց տարի շարունակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մամլո դիվանը կազմակերպում է Սուրբ Սարգսի տոնին նվիրված բազմաթիվ միջոցառումներ:
 

Այս տարի այն նշվեց հունվարի 30-ին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ` երիտասարդների օրհնության օրվա կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել, սիրո իրական պատմությունների և երիտասարդ ստեղծագործողների մրցույթներ, համերգներ, տոնախմբություններ, ուխտագնացություն, վիկտորինաներ, բազմաթիվ նվերներ ու շնորհավորական բացիկներ:


Հունվարի 30-ին բազմամարդ էր Երևանի Բաղրամյան պողոտայի «Սիրահարների պուրակ»-ի շրջակայքը: Մարդկային հոսքի պատճառով փողոցը գրեթե փակ էր: Իսկ պուրակում մինչ համերգային ծրագրի մեկնարկը` Արարատյան թեմի Երիտասարդական միության անդամներն այլ կազմակերպությունների երիտասարդների հետ համատեղ ներկաներին Արարատյան թեմի կողմից պատրաստված նվերներ էին բաժանում: Գրիչներ, տետրեր, նոթատետրեր և գունազարդ բացիկներ ստացան ոչ միայն «Սիրահարների պուրակ»-ում ներկա մարդիկ, այլ նաև տոնական բազմաթիվ այլ միջոցառումների մասնակիցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, կիրակնօրյա դպրոցների սաներ, տարբեր զորամասերից եկած զինվորներ և այլն:
 

Համերգային ծրագիրը յուրահատուկ ընթացք ստացավ համերգավարներ Աննա Ավանեսյանի և Արսեն Գրիգորյանի` Մրոյի շնորհիվ: Վերջինս առաջին անգամ էր հանդես գալիս ոչ միայն երգչի, այլ նաև համերգավարի դերում: Նա իր անկեղծ հայրենասիրական կատարումներով ոգևորում էր ներկաներին, երկխոսության հրավիրում իր բեմական գործընկերներին` լավագույնս ներկայացնելով նրանց վաստակը հայ երգարվեստի մեջ: Արսեն Գրիգորյանից բացի ներկաներին ոգևորող կատարումներով հանդես եկան Լեյլա Սարիբեկյանը, Աննա Խաչատրյանը, Ռուզան Ավետիքյանը, «Սասուն» ազգագրական երգի, պարի համույթը, Արարատյան թեմի «Ծաղկազարդ» համախումբը, թեմի Երիտասարդական միության «Արարատ» երգչախումբը:
 

«Սիրահարների պուրակում» կազմակերպված տոնական միջոցառմանը Նավասարդ սրբազանի հետ ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ովքեր Սարգիսների և Սարգսյան գերդաստանների անվանակոչության օրվա առթիվ բազմաթիվ շնորհավորանքներ ստացան:
«Սիրահարների պուրակ»-ում ավելի ուշ ժամի կազմակերպվեց դիսկոտեկ: Հրավիրված դիսկժոկեյները պարային երաժշտությամբ զբաղեցնում էին պուրակից հեռանալ չցանկացող երիտասարդներին:
 

Քանի որ տոնն աստիճանաբար վերագտնում է լայն մասսայականություն, ամեն տարի ավելի ու ավելի շատ երիտասարդներ ու կազմակերպություններ են միանում տոնի կազմակերպիչներին: Այս տարի էլ ուսանողական խորհուրդներ, կուսակցությունների երիտասարդական թևեր, ժամանցային կենտրոններ հետաքրքիր անակնկալներով նշեցին տոնը:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս միջոցառումների ցանկը բավական հագեցած էր, և դրանք անցկացվեցին տոնին նախորդող օրերին ևս:
 

Սուրբ Սարգսին մարմնավորող ձիավորը հունվարի 28-ին այցելեց Ս. Հովհաննես և Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցիների բակ: Բազմաթիվ ներկաների համար այստեղ կազմակերպվել էր մեծ միջոցառում` համեմված ազգային երգ ու պարով, խաղերով ու նվերներով:
Հունվարի 29-ին տեղի համայնքների համար նմանատիպ միջոցառումներ կազմակերպվեցին նաև առաջնորդանիստ և Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցիների բակերում:
 

Երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնին` հունվարի 30-ին, միջոցառումները սկսվեցին վաղ առավոտից: Մինչ Ս. Պատարագի սկսվելը` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը տոնի առթիվ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցի ուխտագնացություն կազմակերպեց: Ուխտավորներն օրհնություն ստացան եկեղեցում, այնուհետև սարկավագների ուղեկցությամբ շարականների երգեցողությամբ քայլեցին դեպի Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցի: Ժ. 10.30-ին Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ, որի ավարտին և մինչ օրվա ավարտը երիտասարդների օրհնության կարգ էր կատարվում:
 

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում երիտասարդների օրհնության կարգ կատարեց Նավասարդ սրբազանը:
Ժամը 13.00-ին Նկարիչների միության տանը բացվեց մրցութային ցուցահանդես: Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը, ՀՀ վարչապետը, ՀՀ ոստիկանապետը, Նկարիչների միության տան նախագահը, բազմաթիվ հյուրեր:
 

Գրաֆիկայի, գեղանկարչության, քանդակի և դեկորատիվ արվեստի ճյուղերում ներկայացված շուրջ 80 աշխատանքներն ընտրվել էին Ս. Սարգսի տոնին նվիրված մրցույթի արդյունքում: Երիտասարդ, մասնագիտական կրթությամբ ստեղծագործողների մրցույթը դեկտեմբերի սկզբից կազմակերպել էին Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միությունը և Հայաստանի Նկարիչների միությունը: Սեր Աստծո, հայրենիքի, ծնողների հանդեպ և փոխադարձ սեր անվանակարգերում 11 հաղթող եղավ: Երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների շքեղ տոնական կատալոգ տպագրվեց, որը հովանավորեց «Բիլայն» ընկերությունը:
 

Արարատյան Հայրապետական թեմի կողմից հայտարարված սիրո իրական պատմությունների մրցույթը շատ սպասված էր մարդկանց կողմից: Հայաստանի տարբեր շրջաններից հարյուրավոր մարդիկ մասնակցեցին մրցույթին: «Ս. Սարգիս` մեր ամուր ընտանիքի բարեխոս» և «Ամուր ընտանիք, ամուր Հայրենիք» անվանակարգերում երկու աշխատանքներ հաղթող ճանաչվեցին:
 

Երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնն այլևս իր հաստատուն տեղը գտավ հայ երիտասարդի մտածելակերպի մեջ: Տոնն այլևս սպասված է երիտասարդների կողմից: Իսկ այս ամենը նշանակում է, որ մենք ազգային կարևոր, թեկուզ և փոքրիկ վերազարթոնք ենք ապրում: Եվ թող սուրբ Սարգիսը բոլորիս համար բարեխոս լինի:


«Երկնավոր Թագավորի սուրբ զորապետ` Անմահի սիրով աշխարհին խաչված սուրբդ Սարգիս, պսակված Տիրոջ հաղթող Խաչով, մեր անձերի փրկության համար բարեխոս եղիր մեր Տեր Հիսուս Քրիստոսի մոտ, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյան: Ամեն»:

  • 2021-09-08
×