Ամփոփում 2013

Ամփոփում 2013

Այս տարի Ամենայն Հայոց Գարեգին II Հայրապետը մեծ իրադարձություն պարգևեց Ս. Սարգսի տոնին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի բերվեցին Ս. Սարգիս Զորավարի մասունքները: Տոնի օրը` հունվարի 26-ին, Ս. Պատարագի սկզբում Տեր Շահե քահանա Հայրապետյանը Ս. Աջի մեջ ամփոփված սուրբ մասունքներով շրջեց եկեղեցում, և ներկաներին հնարավորություն տրվեց համբուրելու Ս. Աջը և օրհնություն ստանալու:


Ս. Պատարագի ավարտին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Ս. Աջով երիտասարդների օրհնության կարգ կատարեց, որից հետո Ս. Սարգսի մասունքներով Ս. Աջը դրվեց Ս. Ավետարանի կողքին` երկրպագության համար:


Նույն օրը թեմի բոլոր եկեղեցիներում կատարվեց երիտասարդների օրհնության կարգ, իսկ Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց էին մինչև ուշ գիշեր:


Ութ տարի անընդմեջ Արարատյան Հայրապետական թեմն առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Ս. Սարգսի տոնի միջոցառումներ Է կազմակերպում:


Ս. Սարգիս Զորավարի տոնի տոնախմբություններն այս տարի մեկնարկեցին զորամասերից: Հոգևորականների օրհնությամբ, ուրախ երգ ու պարով, խաղերով և մրցանակներով միջոցառումներ կազմակերպվեցին Երևանի Ա. Խամփերյանի անվան ռազմաօդային ինստիտուտի, Քանաքեռի հատուկ նշանակության բրիգադի և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի զինծառայողների համար:
Հ. Թումանյանի տուն-թանգարանի «Ռոտոնդա» թատերախումբը բեմականացրեց վարքը, կազմակերպեց Ս. Սարգսի վիկտորինաներ և մրցանակներ խաղարկեց Արաբկիրի զինվորական հոսպիտալում, ազատամարտիկ Արման Հովհաննիսյանի անվան Էրեբունու N 194 դպրոցում, Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում և Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում:


Հունվարի 25-ին առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում «Արարատ» երիտասարդաց միությունը կազմակերպեց խոկման արարողություն, որից հետո «Երևան» հեռուստաընկերությունը Կարապի լճի տարածքում կազմակերպեց բացօթյա միջոցառում ` Արարատյան Հայրապետական թեմի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ծրագրում առկա էին ուրախ երգեր ու պարեր, տոնը խորհրդանշող ձիավոր, սիրո յուրահատուկ խոստովանությունների մրցույթ` մրցանակներով, աղաբլիթներ, բացիկներ, փուչիկներ:


Ս. Սարգսի տոնին` հունվարի 26-ին, Արարատյան Հայրապետական թեմը և Գեղագիտության ազգային կենտրոնը երիտասարդների բարեխոս Ս. Սարգսի տոնին կազմակերպեց մանկապատանեկան տոնական ցուցահանդես: Կենտրոնի սաների վառ գույներով, յուրահատուկ թեմատիկ լուծումներով աշխատանքները երկրորդ տարին հիացնում են ցուցահանդես եկող յուրաքանչյուր այցելուի: Այս տարի կենտրոնի մանկապատանեկան ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` կնոջ և որդիների հետ:


Նույն օրը Նկարիչների միության տանը բացվեց երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես:
Սուրբ Հովհաննես եկեղեցու բակից մեկնարկեց խաչերթ` դեպի Սիրահարների այգի: Հոգևորականների առաջնորդությամբ մասնակից երիտասարդներին ուղեկցեցին Սուրբ Սարգսի կերպարը խորհրդանշող ձիավորը, դրոշակակիրները և թմբկահարները: Խաչերթի մասնակիցները Սիրահարների այգում մասնակցեցին յուրահատուկ համերգային ծրագրին:


Հունվարի 26-ին՝ ժ. 15.00-ից, Երիտասարդների բարեխոս Ս. Սարգսի տոնին, Արարատյան Հայրապետական թեմը «Պողոսյան» պարտեզներում կազմակերպեց ավանդական դարձած մեծ տոնախմբություն: Հինգ տարի անընդմեջ «Սիրահարների այգում» համերգային ծրագիր է կազմակերպվում, տոնը խորհրդանշող ձիավոր է շրջում, ներկաներին թեմատիկ նվերներ են բաժանում: Համերգին մասնակցեցին հոգևորականներ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:


Ս. Սարգսի տոնին Սարգիս և Սարգսյան գերդասատններին շնորհավորում են անվանակոչության տոնի առթիվ: Եվ պատահական չէ, որ մի քանի տարի է, ինչ Ս. Սարգսի տոնախմբությունն իրականանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:


Այս տարի համերգին հնչեց երկու նոր երգ` Աննա Խաչատրյանի կատարմամբ: Երգերի երգահանն ու հեղինակն է շուրջ 500 հոգևոր, ազգային, էստրադային երգերի հեղինակ, Հայորդյաց տների տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Նոր երգերից մեկը նվիրված էր Ս. Սարգսի, իսկ մյուսը` Հայոց բանակի տոներին: Ի դեպ, այս երգերը եկող ամսից կարող եք լսեք «Qahana.am» կայքում: Համերգին ելույթ ունեցան Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը, «Արարատ» երիտասարդաց միության համանուն պարախումբն ու երգչախումբը, Սոֆի Մխեյանը, Վարդան Բադալյանը, Ռուզան Ավետիքյանը, Միհրան Ծառուկյանը, Արսեն Գրիգորյանը (Ասոն): Համերգավարներ էին Աննա Ավանեսյանն և Արտավազդ Ամիրյանը:


Ամեն տարի տոնական միջոցառումներ են կազմակերպում Նոր Նորքի և Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցիները: Արգավանդի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանն Արգավանդի հինգ դպրոցներում կազմակերպում է շարադրությունների մրցույթ` թեմի կողմից մասնակիցներին հուշանվերներ, իսկ հաղթողներին նաև հոգևոր գրականություն մրցանակներ տրամադրելով: Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում` Ս. Պատարագից և երիտասարդների օրհնության կարգից հետո եկեղեցու բակում Նոր Նորքի Հայորդյաց տան սաները տոնախմբություն կազմակերպեցին: Ներկաներին մատաղ բաժանվեց:


Մեծ տոնախմբություն կազմակերպվեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Ս. Սարգսի տոնախմբություններ կազմակերպվեցին Հայաստանի բոլոր շրջաններում:


Տոնակատարությունների կազմակերպչական հարցերում մշտապես աջակցում է Երևանի քաղաքապետարանը: Կենտրոն վարչական շրջանն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակում Ս. Սարգսի տոնին «flashmob» նկարահանեց: Կենտրոն համայնքի երիտասարդները, տեր Շահե քահանայի օրհնությամբ, պարի միջոցով ներկայացրին Ս. Սարգսի տոնը: Տոնի առթիվ Էրեբունի վարչական շրջանն անցորդներին բացիկներ և վարդեր էր բաժանում` հատուկ մակագրությամբ և տոնական բարեմաղթանքներով:


Հեռուստա և ռադիոհաղորդավարներն իրենց հերթին բոլորին շնորհավորում էին տոնի առթիվ և հրավիրում եկեղեցի` Ս. Պատարագին մասնակցելու և օրհնություն ստանալու, ինչպես նաև` զանազան միջոցառումների մասնակցելու:


Այս տարի «Qahana.am» կայքը հնարավորություն ստեղծեց շնորհավորելու Ս. Սարգսի տոնը` կայքից ընտրելով Ս. Սարգսի սրբապատկերներ և համապատասխան աղոթքներ: Համացանցում այդ նախաձեռնությունը մեծ արձագանք գտավ, և զանազան ոլորտներ ներկայացնող մարդիկ միմյանց շնորհավորում էին` կայքից բեռնելով բացիկներ և աղոթքներ:

  • 2021-08-09
×