Ամփոփում 2016

Ամփոփում 2016

2016թ. տոնական միջոցառումների ծրագիր և ժամանակացույց
 

Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Արդեն 11 տարի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Նավասարդ Սրբազանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Ս. Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում, բացի հոգևոր արարողակարգից, կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգներ, ազգային ավանդույթներով համեմված միջոցառումներ, զինվորներին ու բանակին ուղղված ծրագրեր: Միջոցառումներն անց են կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:


Տոնի ժամանակ առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը:


ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի օրհնությամբ այդ օրը Ս. Սարգիս անունը կրող` թեմի եկեղեցիները բաց կլինեն մինչև երեկոյան ժ.22.00-ը:


Ս. Սարգսի տոնը շարժական է և այս տարի նշվելուէ հունվարի 23-ին: Առաջիկա միջոցառումների շարքում ընդգրկված են հետևյալ ծրագրերը.


Տոնական Ս. Պատարագ նվիրված Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին: Տոնի առթիվ Ս. Պատարագ է մատուցվելու Ս. Սարգսի անունը կրող ԱՀԹ-ի երեք եկեղեցիներում` Առաջնորդանիստ, Արգավանդի, Նոր Նորքի: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում այն կմատուցվի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
Ս. Սարգսի աջը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Ս. Սարգսի աջը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Հավարտ Ս. Պատարագի Սրբազան հայրը Սուրբ մասունքով կօրհնի հավատավոր ժողովրդին ու զինվորներին: Ս. Աջը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
17-րդ դարի Ավերատանը: Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավերատանը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի, որը Ս. Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս. Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:


Պարգևատրում: Այս տարի առաջին անգամ Արարատյան Հայրապետական թեմը կպարգևատրի վերջին շրջանում սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած մի խումբ զինվորների: Նրանց մի մասը ծառայությունն ավարտել է, մյուսները դեռ ծառայում են: Այս ծրագիրը երախտիքի դրսևորում է մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին: Նրանց ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Խաչապտույտ: Արդեն ձևավորված ավանդույթով ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով հազարավոր երիտասարդներ, եկեղեցիների համայնքների անդամներ, զինվորականներ, ոստիկանական ակադեմիայի սաներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, բուհերի ուսանողներ և բոլոր ցանկացողները միասնաբար կմասնակցեն խաչապտույտին:
Ուսանողական ստեղծագործական ցուցահանդես- մրցույթներ: Արդեն երկրորդ տարին է, որ Արարատյան Հայրապետական թեմը ստեղծագործական բուհերի հետ համատեղ իրականացնում է Ս. Սարգիսն նվիրված ցուցահանդես-մրցույթներ, որոնց նպատակն է գնահատել ստեղծագործ ուսանողների` սիրո տոնին նվիրված աշխատանքները, խրախուսել նոր գործեր արարելուն:


Մրցույթն անց է կացվում հետևյալ ժանրերում.
Գեղանկարչություն
Գրաֆիկա
Համակարգչային դիզայն
Քանդակ
Դեկորատիվ-կիրառական արվեստ


Մանկապատանեկան ստեղծագործության ցուցահանդես: Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաներն արդեն 5 տարի Ս. Սարգսի տոնին ներկայանում են գեղեցիկ ու ստեղծագործական ցուցահանդեսով, որի ընթացքում ներկայացնում են նկարչական, գրաֆիկական, դիզայներական, տարածական գործեր և այլն: Այս տարի ցուցահանդեսը կբացվի հունվարի 22-ին` ժամը 13.00-ին:
ԱՀԹ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում
Խաչապտույտ: ԱՀԹ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում հունվարի 22-ին՝ ժամը 16.00-ին, Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Ս. Երրորդություն եկեղեցի խաչապտույտ կիրականացվի: Խաչապտույտի մասնակիցները կվերադառնան Ս. Սարգիս եկեղեցի և կմասնակցեն Խոկման արարողությանը, որը կտևի մինչև ժամը 22.00-ը:
Քաղցրաբլիթներ: Հունվարի 23-ին Հավարտ Ս. Պատարագի ԱՀԹ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության անդամները ներկաներին քաղցրաբլիթներ կբաժանեն, այնուհետև ելույթ կունենան եկեղեցուն կից գործող «Սայաթ Նովա» աշուղական խմբի սաները:
Սիրո բացիկների մրցույթ: Միջոցառման ընթացքում սիրո բացիկների մրցույթ կանցկացվի և լավագույնները կպարգևատրվեն: Կլինի նաև Ս. Սարգսին խորհրդանշող ձիավոր:


Հունվարի 23-ին` ժամը 12:30- Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում հավարտ Ս. Պատարագի կկատարվի զինվորների օրհնության կարգ: Հետո թափոր տեղի կունենա եկեղեցու տարածքում: Համերգային ծրագրով ելույթ կունենան Նոր Նորք վարչական շրջանի երգի- պարի խմբերը: Նախատեսվում է նաև Նոր Նորք վարչական շրջանի դեկորատիվ կիրառական արվեստի դպրոցների սաների աշխատանքների ցուցադրություն: Միջոցառման ավարտին կկատարվի մատաղի հյուրասիրություն:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի մշակույթի բաժնի կողմից հունվարի 22-ին կկազմակերպվի աղի բլիթի և թերթոնների բաժանում, տոնախմբություն:
 

Հունվարի 22, 2016

13.00- Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդես: Բացումը կկատարի Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
17.30-Տոնախմբություն, աղի բլիթի և թերթոնների բաժանում ԱՀԹ Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու բակում: Կազմակերպիչ` Կենտրոն վարչական շրջանի մշակույթի բաժին:
16.00- Խաչապտույտ: Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Ս. Երրորդություն եկեղեցի:
19:00-Խոկման արարողություն Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում:


Հուվարի 23, 2016

11:00 - Ս. Պատարագ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչ՝ Տ. Շահե քհն. Հայրապետյան:

Ս. Սարգսի աջը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի
Ս. Սարգիս եկեղեցում արտագրված 17-րդ դարի Ավերատանը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:


13:00- Զինվորների պարգևատրում՝ ԱՀԹ դահլիճ, Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
14:00-Քայլերթ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց` Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի առաջնորդությամբ:
15:30-Համերգ Սիրահարների այգում` Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:


10:30-Ս. Պատարագ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում:
Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու երիտասարդաց միության անդամները ներկաներին քաղցրաբլիթներ կբաժանեն, այնուհետև՝ միջոցառում: Սիրո բացիկների մրցույթ:


10:30-Ս. Պատարագ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում:
Հավարտ Ս. Պատարագի զինվորների օրհնության կարգ


Հունվարի 24-փետրվարի 5, 2016
Ուսանողական ստեղծագործական ցուցահանդես-մրցույցներ
Գեղարվեստի պետական ակադեմիայում
Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում
Թերլեմեզյանի անվան քոլեջում
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում

  • 2016-08-09
×