«Ուրախացի՛ր, բերկրյա՛լդ, Տերը քեզ հետ է» Ղուկաս Ա 28

«Ուրախացի՛ր, բերկրյա՛լդ, Տերը քեզ հետ է» Ղուկաս Ա 28

Ահա այսպիսի խոսքերով է, որ Գաբրիել հրեշտակապետը ողջունում է Սուրբ Կույս Մարիամին` ավետելով նրան Փրկչի Ծնունդը: Ըստ ավանդության՝ այդ պահին Մարիամը ընթերցում էր Եսայու մարգարեության այն հատվածը, ուր հիշատակվում է կույսից ծնվող մարդկության Փրկչի մասին. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուէլ» (Եսայի Է 14):

 

Հրեա  ժողովրդին Աստծո կողմից խոստացվել էր, թե մի օր աշխարհը պիտի փոխվի, նոր աշխարհ պիտի լինի, որտեղ իշխելու են ոչ թե դրամն ու բռնությունը, այլ արդարությունն ու խաղաղությունը։ Երիտասարդ մի աղջկա ավետիս է տրվում, որ նա Որդի է ունենալու, Ով իրականացնելու է Արարչի խոստումը ոչ միայն ազգի, այլև համայն մարդկության համար:

 

Մարդու անկումից հետո աշխարհն առաջին անգամ արժանացավ Աստծո կողմից փրկաբեր ավետիսի: Քրիստոսի Ծնունդով ջնջվեց ադամական մեղքը, իսկ Տիրամոր անապական հղացմամբ՝ նախամայր Եվայի: Հայ եկեղեցական պատկերագրության մեջ Սուրբ Մարիամին հրեշտակի կողմից տրված բրաբիոն ծաղիկը խորհրդանշում է այն, որ այս Ծնունդի շնորհիվ մարդկության առջև վերստին բացվեց դրախտի փակյալ դուռը, իսկ Սուրբ Կույսի ձեռքի շուշանն էլ խորհրդանշում է Տիրամոր կուսությունն ու անարատությունը:

 

Այս անշարժ տոնը, որ Աստվածամորը նվիրված յոթ տոներից մեկն է, Հայ Եկեղեցին նշում է ամեն տարի ապրիլի 7-ին: Այս տոնը Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

 

Այսպես, ի պատիվ այդ ուրախ և բարի ավետիսի, որ Գաբրիել հրեշտակապետի միջոցով տրվեց Կույսին, կոչվեց «Ավետում»: Մարիամի ուրախությունն այն մարդկանց ուրախությունն է, որոնք հրաշքի բերկրանքով և երախտագիտության զգացումով սպասում են իրենց զավակի լույս աշխարհ գալուն, քանի որ ամեն նոր երեխայի ծնունդ հրաշք է: Ամեն ծնունդ կարող է լինել փրկության, շնորհի, օրհնված լինելու նշան: Իրավամբ կարևոր է այդ խոստմամբ ապրելը և այն կյանքի կոչելը: Երբ հրաշքի ակնկալիքը շաղախվում է Աստծու փրկարար գործին, ծնվում է ուրախությունը: Մոր ուրախությունն իր զավակն է:

 

Մեր եկեղեցու հայրերի կողմից հոգեպարար շարականներ, մեղեդիներ և տաղեր են ձոնվել Աստվածամորը, հարյուրավոր եկեղեցիներ են Տիրամոր անունով կոչվել, բոլոր եկեղեցիների մայր խորանները կրում են նրա անունը, իսկ Սուրբ Սեղաններին  Աստվածամայրն է պատկերված՝ մանուկ Հիսուսը գրկին:

 

«Եթե Աստվածամայրն իր երկրային կյանքի ժամանակ այդքան սիրված էր և մեծ ակնածանք էր վայելում առաքյալների, ապա նաև՝ առաջին քրիստոնյաների կողմից, պատճառն այն է, որ նրա անձի մեջ խտացած էր մայրության բարձրագույն արտահայտությունը: Կնոջ դերը վեհագույն ձևով դրսևորված էր Աստվածամոր կերպարում»,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը:

 

Մայրության տոնի առիթով մեր սրտագին շնորհավորանքներն ենք բերում ձեզ, սիրելի՛ մայրեր և քույրեր, և աղոթում, որպեսզի Մարիամ Աստվածածնին ավետված ուրախությունը մշտապես լինի ձեր կյանքում, նաև «Մարիամ» անունն ունեցող կանանց և աղջիկներին՝ սիրելի՛ Մարիամներ, այսօր նաև ձեր ավետման տոնն է, ավետում, որ ուրախության ու բերկրանքի օր է: Ուրախությունն օրհնության պտուղն է: Թող այն մշտապես լինի Աստծո շնորհատու պարգևը բոլոր նրանց համար, ովքեր սերտում են Աստծու խոսքը և սպասում Նրա արքայությանը:

 

Թող hույսի Աստված լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ դուք հույսով առատանաք, քանզի Տիրոջ ուրախության մեջ է մեր զորությունը։

 

Ալբերտ սարկավագ ՍԱՀԱԿՅԱՆ

Գևորգյան հոգևոր ճեմարան,  Զ լսարան

  • 2023-04-07
×