Բարսեղ Մաշկեվորցի. Մարդկային գովեստից խուսափելու մասին

Բարսեղ Մաշկեվորցի. Մարդկային գովեստից խուսափելու մասին

Մի՛ փափագեք մարդկանցից գովեստ ստանալ, այլ՝ Աստծուց, որովհետև  դա թշնամություն է Նրա հանդեպ: Ինչպես նրանք, ովքեր պատվավորը մերժում են և ընտրում անպատիվը և նախատինք ստանում, այդպես էլ նրանք, ովքեր Աստծո համար բարիք չեն գործում, այլ մարդկանցից գովություն են փնտրում, անարգում են իրենց: Նաև երբ չարիք ենք գործում, վախենում ենք մարդկանցից, իսկ Աստծուց՝ ոչ: Դրա համար պետք է նախապատվությունն Աստծուն տալ, այլ ոչ թե՝ մարդկանց: Եվ սա այն դեպքում կլինի, երբ մտաբերես, թե ինչ է մարդը և ինչ՝ Աստված: Մարդը քեզ պես մեղանչական է և քեզ հետ կանգնելու է Քրիստոսի դատաստանի առաջ: Մարդը ունայնություն է և ուղիղ քննել չի կարող, ի վերուստ օգնության կարիք է զգում, մարդը հող է և մոխիր, թեև գովի, շատ անգամներ զուր է գովում, բայց Աստված այդպես չէ, որովհետև ճշմարիտ է Նրա վճիռը: Ոչ միայն դրա համար, այլև որ Նա ստեղծեց քեզ և քեզնից շատ է քեզ սիրում:

 

Դրա համար էլ պետք է Աստծուց շնորհ ու փառք փնտրել, այլ ոչ  թե՝ մարդկանցից: Ոչ մի շահ չունենք մենք, եթե բոլորը պատվեն մեզ, բայց Աստված արհամարհի, և ոչ էլ վնաս ենք կրում, երբ բոլորը մեզ արհամարհեն, իսկ Աստված սիրի, քանզի եթե Աստծո սիրելին լինենք, ոչ ոքից չենք վախենա: Մարդկային սերը հաստատուն չէ. ոչ միայն բարեկամների և եղբայրների, այլև հայրերի: Որովհետև շատ անգամներ հայրերը հալածեցին որդիներին, և որդիներն էլ հայրերին վտարեցին: Տե՛ս, իսրայելացիները շնորհ ունեին Աստծուց և ատելի էին եգիպտացիների համար, սակայն հաղթեցին նրանց:

 

Աստծո շնորհը խոնարհությամբ են գտնում, ըստ այնմ, թե. «Նա շնորհ է տալիս խոնարհներին» (Առակաց 3:34), նաև. «Խոնարհ հոգին է պատարագն Աստծո» (Սաղմոս 50:19), որովհետև եթե խոնարհը մարդկանց այդքան ցանկալի է, առավել ևս՝ Աստծուն: Ուստի, խոնարհ լինելու համար այլ ճանապարհ չկա, քան ատել աշխարհը, մեզ շրջապատող ամեն ինչ ստվեր համարել, որովհետև իրականում ստվեր է և ոչ՝ փառք: Չգնանք ստվերի հետևից՝ ո՛չ մեծության, ո՛չ ցանկության, ո՛չ փափկության և ո՛չ էլ այլ բաների, որովհետև շուքի հետևից մոլագարներն ու հիմարներն են միայն վազում:

 

Ինչպես որ եթե մեկը իր կնոջը ատի և բաժանվի, սակայն ջանա ստվերը գրկել, կամ որդուն մերժի և նրա ստվերը սիրի, այդպես էլ նրանք են, ովքեր աշխարհն են սիրում, քանզի այս ամենը ստվեր է՝ թե՛ փառք, թե՛ հեշտություն և այլն:

 

Դրա համար էլ մարգարեն ասում է. «Արդարև, մարդ շրջում է ինչպես մի ուրվական» (Սաղմոս 38:7), այսինքն՝ ստվերի հետևից է շրջում: Ուստի, պետք չէ սիրել աշխարհի իրերը: Նա, ով ատում է մարդկային գովասանքը, ցանկասիրությունից, ընչասիրությունից և ամեն տեսակի չար ախտերից կարող է զերծ մնալ, որոնց ծառայությանը մենք կամովին տրվեցինք:

 

Որովհետև ուր գնաս՝ թե՛ տուն մտնես, թե՛ փողոց դուրս գաս, թե՛ ճանապարհորդության գնաս, ամենուր կենցաղային նույն տեսարանն է, յուրաքանչյուր ոք՝ աղքատ, թե՝ հարուստ, տղամարդ, թե՝ կին, ծեր, թե՝ պատանի, բոլորն այդ մասին են ջանում հոգալ: Եվ եթե չես հավատում, ապա դուրս եկ և քննիր ու կտեսնես, որ բոլորը մարմնական կարիքների համար են ջանում: Ի՞նչն է սրանից առավել անմտություն. անընդհատ դժոխքի ու արքայության մասին ենք լսում, սակայն գործում ենք այնպես, ինչպես Նոյի և Սոդոմի օրերին էին գործում: Դրանք մեզ համար գրվեցին որպես օրինակ:

 

Այս ամենն իմանալով՝ դադարենք չարիք գործելուց և մեր հոգիների մասին հոգանք, քանի որ այս ժամանակը քիչ է, իսկ հանդերձյալը՝ անթիվ և անհամար: Այսուհետև հեռո՛ւ մնացեք անշահ առևտրից և մի՛ բարկացրեք Աստծուն: Մի՛ վատնեք ձեր ունեցվածքը անառակների վրա: Որովհետև եթե քեզ հարցնեն, թե ինչու ես գնում անառակների մոտ, չես կարող պատասխան տալ: Իսկ եթե մեզ չես կարող պատասխան տալ, ապա երբ գա այն ահավոր օրը և դատաստանի ատյանը, բեմն ահավոր և սոսկալի, երբ պետք է խորհուրդների, խոսքերի և գործերի համար հաշիվ տանք, ի՞նչ պատասխան կտանք, երբ վատնեցինք Աստծո տված ունեցվածքը: Այդ ժամանակ ոչ մի բան չենք կարող ասել, այլ հարկ կլինի անվախճան տանջանքների մեջ ընկնել…

 

Դրա համար մտապահենք այն ամենը, ինչ ասվում է և սրբենք մեր անձերը խոստովանությամբ և ապաշխարությամբ, լալով և արտասվելով, որպեսզի բարի հույսով այստեղից գնանք, որ հասնենք հավիտենական բարիքներին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով: Որի հետ Հորը և Սուրբ Հոգուն վայել է փառք, պատիվ և իշխանություն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Փոխակերպումը գրաբարից՝ Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2024-03-22
×