Ավագ չորեքշաբթի. մատնություն և օծում

Ավագ չորեքշաբթի. մատնություն և օծում

Ավագ չորեքշաբթի է՝ Տիրոջ մատնության նաև անուշահոտ յուղով օծման հիշատակի օրը: Օրվա խորհուրդը ներկայացնում են ավետարանական 2 կարևոր դրվագներ:

 

Անուշահոտ յուղով օծումը

 

Ավետարանում հիշատակվում է մի պատմություն. Բեթանիայում բորոտ Սիմոնի տանը մի կին թանկարժեք յուղով օծում է Հիսուսին:

 

Հովհաննես Ավետարանիչը նշում է, որ այդ կինը Ղազարոսի քույր Մարիամն էր, այն Ղազարոսի, որին Տերը հարություն տվեց:  

 

Երբ կինը թանկարժեք յուղով օծում է, դժգոհություն է առաջանում Հուդա առաքյալի մոտ, նշում է Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանը.

 

«Հուդա առաքյալը բողոքում է, որ ավելի լավ կլիներ, որ այդ յուղը վաճառվեր երեք հարյուր արծաթ դահեկանով ու տրվեր աղքատներին: Այստեղ ակնարկ է արվում, որ Հուդա առաքյալը գող էր, գանձանակն իր մոտ էր պահվում, և նա գողանում էր այդ գանձանակից»:

 

Հիսուս առաքյալի դժգոհությանը, թե յուղը վատնվեց, պատասխանում է. «Հանգի՛ստ թողեք նրան, ինչ որ անում է, իմ թաղման օրվա համար է։ Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք. ինձ միշտ չեք ունենա ձեզ հետ»։ (Հովհ. 12:7-8)

 

Կինը տալիս է իր ունեցած թանկարժեք յուղը՝ չմտածելով դրա արժեքի մասին: Մարիամի օրինակը առիթ է խորհելու՝ պատրա՞ստ ենք մեր ունեցած ամենաթանկը տալ Տիրոջը:

 

Մատնություն՝ 30 արծաթի դիմաց

 

Ավագ չորեքշաբթի հիշատակվում է նաև Տիրոջ մատնությունը առաքյալներից Հուդայի կողմից: Փարիսեցիներն ու օրենսգետները պլանավորել էին սպանել Հիսուսին: Դեպքերն ավելի արագացան, երբ Հուդան խոստացավ մատնել Տիրոջն ու ստացավ 30 արծաթ: 

 

Հուդան Հիսուսին մատնեց չնչին գումարով: Մենք էլ հաճախ հետևում ենք Հուդայի օրինակին ու դավաճանում Քրիստոսին, նկատում է Տեր Ղուկասը: 

 

Երբ Տերը մտավ Երուսաղեմ, բոլորն ընդունեցին Նրան իբրև թագավորի, մեսիայի, որը եկել է նրանց փրկելու հռոմեական լծից, և նրանք այսուհետ պետք է ավելի լավ ապրեն: Տիրոջ նպատակը սակայն, ըստ հոգևորականի, այլ էր: Հուդան, երբ տեսնում է, որ Քրիստոս բարեկեցիկ կյանք չէ ապահովելու, որոշում է մատնել Նրան: 

 

«Մենք միշտ մտածում ենք աշխարհիկի մասին: Հեռանալով Աստծուց, դրժելով աստվածայինը, չմտածելով, որ երկնքի ժառանգորդ պիտի դառնանք՝ զբաղվում ենք առօրյա կյանքով, որը շատ հեռու է Տիրոջից: Մեզ համար ստեղծում ենք փրկիչներ՝ մտածելով, թե պիտի գան մեզ փրկելու, որ լավ ապրենք»,- նշում է քահանան:

 

Հոգևորականը հիշեցնում է՝ մարդիկ հաճախ չեն ընկալում՝ ինչի համար են աշխարհ եկել, ով է իրենց Տերը, ում են պարտավոր իրենց կյանքով:  

 

«Տիրոջ հորդորը լավ լինելն էր հավիտենականության մեջ, որ մարդն ընկալի ու երբեք չմատնի, չդավաճանի, թիկունք չդարձնի Տիրոջը, այլ միանա Աստծուն ու փառավորվի»,- ընդգծում է Տեր Ղուկասը:

 

Ավագ Չորեքշաբթի առիթ է մտածելու 2 կերպարների մասին՝ անծանոթ կնոջ, որը թանկարժեք յուղով օծեց Հիսուսին և տասներկու առաքյալներից Հուդայի, որը երեսուն արծաթով մատնեց Քրիստոսին ու ինքնասպան եղավ: 

 

Անի Ավագյան

 
  • 2024-03-27
×