Պատարագը` Հայ Եկեղեցում. նախապատրաստություն

Պատարագը` Հայ Եկեղեցում. նախապատրաստություն

Յուրաքանչյուր կիրակի, ինչպես նաև տերունական ու սրբերի հիշատակության օրերին զանգերի ղողանջները մարդկանց կանչում են` հաղորդակցվելու Տիրոջ հետ, մասնակցելու Եկեղեցու գլխավոր ծիսական արարողությանը՝ Սուրբ Պատարագի խորհրդին:

 

Ինչպե՞ս նախապատրաստվել ու ներկայանալ այդ հանդիպմանը, և ի՞նչ է այն փոխում մեր կյանքում: Հարցերի պատասխանները գտնելու համար՝ նախ պետք է հասկանալ արարողության խորհուրդը, պատրաստ լինել` ճաշակելու Աստվածորդու Մարմինը, Արյունն ու թույլ տալ, որ այն ներսից ներգործի մեր մեջ:  

 

Պատարագ. զոհաբերություն` հանուն փրկության

 

Պատարագ նշանակում է ընծա, զոհ: Աստված Իր Որդուն ընծայեց աշխարհին, մարդիկ խաչեցին նրան: Տերն ընդունեց այդ զոհաբերությունը, այն դարձավ հաշտության միջնորդ Նրա ու մարդկանց միջև: 

 

Ամեն օր գործվող մարդկային հանցանքների պատճառով Քրիստոս կրկին պատարագվում է: Հարուցյալ Քրիստոս զոհաբերվում է մեր մեղքերի քավության համար ու տալիս ավետիսը՝ Հայրը ներում է ձեզ:

 

Արարողության ընթացքում հիշատակվում է Քրիստոսի երկրային կայնքի բոլոր կարևոր դրվագները՝ մարդեղությունը, մկրտությունը, բժշկության և քարոզելու առաքելությունը, մատնությունը, խաչելությունը, մահը, թաղումը, Հարությունը և համբարձումը: 

 

Պատարագի միջոցով միավորվում են Աստծո ցրված զավակները: Քահանան դառնում է միջնորդ Աստծո ու մարդու միության: Արարողության հիմնական նպատակն է հաղորդություն հաստատել մարդկանց ու Հիսուս Քրիստոսի միջև: 

 

Արարողությունը, ըստ հայոց Պատարագամատույցի, բաժանվում է մասերի՝ Պատրաստություն, Ճաշու պաշտոն, Կանոն Ս. Պատարագի, Արձակում:

 

Սուրբ Պատարագին մասնակցելուց առաջ՝ հոգևոր հայրերը խորհուրդ են տալիս մարդկանց պատրաստվել, ինքնամաքրվել, Աստծո տուն մտնել հոգևոր զգաստությամբ: Օրը ցանկալի է սկսել աղոթքով ու ծոմապահությամբ (հաղորդություն ստանալու համար): 

 

Արարողությանը պատրաստվում են նաև հոգևորականները: Պատարագիչ քահանան, քանի որ զերծ չէ մարդկային տկարությունից, խոստովանություն է անում և ստանում թողություն: Ներկայանում է որպես նոր անձ՝ դառնալով Քրիստոսի օրինակը Սուրբ Խորանի վրա: 

 

7 զգեստ. առաքինություններ

 

Եկեղեցականները Տիրոջ առաջ կանգնում են հատուկ զգեստներով։ Քահանան հանում է նախկին ամենօրյա հանդերձն ու հագնում ավելի պայծառը: Այն խորհրդանշում է հին, մեղավոր մարդուց մերկանալը, նորը՝ Քրիստոսին հագնելը և սրբությամբ ու արդարությամբ նորոգվելը: 

 

Զգեստի յուրաքանչյուր մասի համար կան հատուկ օրհնության ու մասնավոր աղոթքներ։ Պատարագիչ քահանան, սաղմոսներ ու նախապատրաստական աղոթքներ կարդալով, հոգեպես պատրաստվում է՝ խնդրելով Աստծուց արժանի դարձնել իրեն Սուրբ Պատարագի մատուցմանը և զգեստավորվում է: 

 

Պատարագիչ քահանայի զգեստները 7-ն են` խորհրդանշելով առաքինությունները։ 

 

  • Սաղավարտը մարգարտազարդ գլխանոց է։ Խորհրդանշում է նաև Հիսուս Փրկչի կրած փշե պսակը: Պատարագի ժամանակ սաղավարտը գործածվում է որպես զրահ՝ սատանայական զորության դեմ պատերազմելու: Քահանան սաղավարտը վերցնելիս աղոթքով խնդրում է, որ Տերը փրկության սաղավարտը դնի իր գլխին, որ կարողանա պատերազմել թշնամու զորության դեմ: 
     

  • Շապիկի ճերմակ գույնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի անարատ Ծնունդը և անմեղ կյանքը: Շապիկը հագնելիս քահանան խնդրում է, որ Տերը հագցնի փրկության հագուստն ու ուրախության պատմուճանը, շրջապատի նրան փրկության զգեստով: 
     

  • Փորուրարը հագնում են շապիկի վրայից։ Խորհրդանշում է այն ծանր լուծը, որ քահանան ամբողջապես առնում է իր ուսերի վրա: Քահանան խնդրում է արդարություն հագցնել իր պարանոցին և մաքրել սիրտը ամեն տեսակ մեղքերի աղտեղություններից: 
     

  • Պատարագիչը փորուրարի վրայից կապում է գոտին։ Այն ողջախոհության խորհուրդն ունի: Քահանայի աղոթքում գոտին անվանվում է հավատքի կամար։ Հոգևորականը Տիրոջից խնդրում է, որ այդ հավատքի կամարը պարուրի իր սիրտն ու միտքը և վերացնի աղտեղի խորհուրդները, Տիրոջ շնորհների զորությունը ամեն ժամ բնակվի իր մեջ: Գոտի կրելու իրավունքը քահանայական աստիճան ունեցողների մենաշնորհն է:
     

  • Գոտու հետ քահանան կրում է նաև թաշկինակ կամ սրբիչ, որը հիմնականում ծառայում է ձեռքերն ու սկիհը լվացումից հետո չորացնելու համար: Քահանան խնդրում է սրբել իր ձեռքերը մեղքի ամեն տեսակ աղտեղություններից: 
     

  • Բազպանները կոճկվում են եկեղեցականի դաստակների վրա: Դրանք կոճկելիս քահանան աղոթում է, որ Տերը զորություն տա` իր աջ ու ձախ ձեռքերին և լվա մեղքերի աղտեղությունները, որպեսզի կարողանա հոգու և մարմնի անաղարտությամբ սպասավորել Նրան:
     

  • Վակասը պատարագչի ուսանոցն է, որը կիսաբոլորակ ձևով պատում է քահանայի պարանոցը՝ թիկունքի կողմից: Խորհրդանշում է մոլորյալ մարդկությանը, որին Քրիստոսն իր ուսերի վրա առնելով՝ դեպի փրկություն և հավիտենական կյանք առաջնորդեց: Քահանան աղոթում է, որ Տերը արդարություն հագցնի իր պարանոցին և Քրիստոսի շնորհով մաքրի սիրտը ամեն տեսակ մեղքերի աղտեղություններից:  
     

  • Վերջում քահանան իր ուսերին է գցում շուրջառը, որը խորհրդանշում է աստվածային շնորհների այն զրահը, որով պատարագիչը պատսպարվում է չարի նետերից և հարձակումներից: Հոգևորականը խնդրում է Տիրոջը՝ Իր ողորմությամբ պայծառ զգեստ հագցնել ու պարսպի նման պաշտպանել չարի ներգործությունից, որպեսզի արժանի լինի փառավորելու Նրա անունը: 

     

Զգեստավորվելուց հետո պատարագիչը փառաբանում է Աստծուն: 

 
  • 2024-04-11
×