Հրեշտակների ցնծության օրը. Երկրորդ Ծաղկազարդ

Հրեշտակների ցնծության օրը. Երկրորդ Ծաղկազարդ

Հայ Առաքելական Եկեղեցին Համբարձման տոնին հաջորդող չորրորդ օրը՝ կիրակի, նշում է Երկրորդ Ծաղկազարդը՝ հրեշտակների ցնծության օրը: Եթե Ծաղկազարդին հիշատակվում է Տիրոջ մուտքը Երուսաղեմ, Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Տիրոջ մուտքը Վերին՝ Երկնային Երուսաղեմ: 

 

Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը նշում է. «Ինչպես երկրային Երուսաղեմում բնակիչները դիմավորեցին Փրկչին, այդպես էլ երկնային Երուսաղեմում, այնտեղի բնակիչները՝ հրեշտակները, դիմավորում էին Աստծուն»:

 

Տոնը Հինանց շրջանի յոթ կիրակիներից վերջինն է, որին հաջորդում է Հոգեգալուստը։ Հինունքի առաջին քառասուն օրերը հիշատակում են Հիսուսի՝ Հարությունից հետո աշակերտների հետ անցկացրած ժամանակը, Համբարձումից մինչև Հոգեգալուստ ձգվող օրերը Համբարձման տոնական շրջանում են:

 

Ըստ ավանդության…

 

Ըստ ավանդության` Քրիստոս համբարձվելու ժամանակ անցավ հրեշտակաց 9 դասերով՝ ամեն դասում մեկ օր հանգստանալով, որպեսզի նրանց հայտնի մարդկանց փրկության խորհուրդը:
 

«Ո՞վ է փառքի այս Թագավորը.

Իր զորությամբ հզոր Տերը,

Պատերազմի մեջ հզոր Տերը։

Իշխաննե՛ր, վե՛ր բարձրացրեք հավիտենական դռները.

Թող բացվեն դարպասները,

Եվ ներս մտնի փառքի Թագավորը» (Սաղմոս 23:8-9):


Հրեշտակների այս երկխոսությունը Աստվածաշնչի Սաղմոսաց գրքից է: Նշված է, որ երբ Տերն անցնում էր հրեշտակների դասերի միջով, նրանք զարմացած հարցնում էին, թե ով է այս հզոր թագավորը, իսկ Քրիստոսին ուղեկցող ստորին դասի հրեշտակները բացատրում էին:


Տեր Հուսիկը ներկայացնում է տոնի հիմքում ընկած ավանդությունը.


«Երբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապում էր, նրան ամեն օր մի հրեշտակ էր գալիս այցի։ Համբարձման չորրորդ օրը հրեշտակը չի գալիս, երբ հաջորդ օրը Լուսավորիչը հարցնում է պատճառը, հրեշտակն ասում է, որ Քրիստոսի Համբարձման առիթով հրեշտակների ինը դասերը կազմակերպել էին տոնախմբություն: Այդ օրը եղել է չորրորդ դասի տոնախմբության օրը»: 


Պատրա՞ստ ենք դիմավորելու Տիրոջը


Հիսուս Քրիստոսի պատմությունը սկսվեց երկնքից ու հետագայում շարունակվեց երկնքում։ Նա եկավ ծառայելու, բայց Նրան խաչեցին: Աստծո Որդին հարություն առավ ու համբարձվեց երկինք՝ հաղթելով չարին: Երկրորդ Ծաղկազարդը քրիստոնյաներին հիշեցնում է Քրիստոսի Համբարձումն ու հավատացյալներին հույս պարգևում՝ մահվանից հետո երկնքում երանությամբ ապրելու: 
 

Տեր Հուսիկը, մեկնաբանելով օրվա խորհուրդը, նշում է երկնքի ու երկրի միջև կապի մասին: 


«Ինչպես երկնային դասերն են փառավորում Տիրոջը, այդպես էլ մենք ուրախացանք՝ Ծաղկազարդին փառավորելով Տիրոջը՝ մեր փրկության համար: Այդ փրկությունը մեզ պետք է Երկինքը ժառանգելու համար: Այսօր մեր երկրային կյանքում կատարվող գործերով, Երկնքում մեզ համար գանձեր ենք դիզում»,- ընդգծում է հոգևորականը:


Քահանան խորհուրդ է տալիս մտածել Տիրոջ Գալստյան նաև անհատապես յուրաքանչյուրիս հոգում Տիրոջ մուտքի մասին: Հիշեցնում է աստվածաշնչյան խոսքը. «Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բացի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, նա էլ՝ ինձ հետ» (Հայտնություն 3:20):


Հավելում է՝ ամեն մեկն իր մոտեցմամբ, իր արարքներով պետք է հյուրընկալի Աստծուն:


«Տերը պատրաստ է մուտք գործել յուրաքանչյուրիս սրտի Երուսաղեմ: Արդյո՞ք մենք պատրաստ ենք ընդունելու, դիմավորո՞ւմ ենք Տիրոջն այնպես, ինչպես դիմավորեցին երկնային Երուսաղեմի բնակիչները: Սա էլ մեր անհատական, հոգևոր ծաղկազարդը պետք է լինի»,- նշում է քահանան:


Երկրորդ Ծաղկազարդին եկեղեցիներում կմատուցվի տոնական Պատարագ:  


Անի Ավագյան

 
  • 2024-05-12
×