Սուրբ Սարգսի վկայաբանության աղբյուրները

Սուրբ Սարգսի վկայաբանության աղբյուրները

Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված և պաշտված սրբերից է, ում ժողովուրդը դիմում է առանձին ջերմեռանդությամբ և խոր հավատքով, ապավինելով ամենահաս և երագահաս (արագահաս) սրբի բարեխոսութանը, և վտանգի, և նեղության անել վիճակներից սրբի միջոցով ազատվելուն:
 

Սուրբ Սարգսի ամբողջական պատմությունը գրել է Ս. Ներսես Շնորհալի հայրապետը, երբ տակավին եպիսկոպոս էր և չէր հաջորդել իր եղբորը՝ Գրիգորիս կաթողիկոսին, հայոց հայրապետական գահի վրա:
 

Շնորհալին այս վկայաբանությունը գրել է Հաղբատի վանքի վանահայր Գևորգ եպիսկոպոսի խնդրանքով: Այս մասին գիտենք Շնորհալու՝ նրան գրած պատասխան թղթից: Եվ պատահական չէ, որ Սուրբ Սարգսի ամբողջական պատմությունը գրելու խնդրանքով Շնորհալուն է դիմել Հայաստանի վանքերից Հաղբատի առաջնորդը և հատկապես այդ թվականներին:
 

Ւնչպես տեսնում ենք ավելի ուշ, Առաջավորաց բարեկենդանի և Սուրբ Սարգսի տոնին հակառակվում էին հույները և այն նկատում հեթանոսական և խոտելի ծես: Հաղբատը և Հյուսիսային Հայաստանը սահմանակից էին Վրաստանին, որը նույնպես հունադավան էր և այս խնդրում հույների՝ մոլեռանդության հասնող անհանդուրժողականությունն իր կնիքն է դրել հայ-վրացական հարաբերությունների վրա, որ այդ շրջանում ռազմական համագործակցություն էլ էր ենթադրում և Զաքարյանների միջոցով Հյուսիսային Հայաստանի ագատագրման միտում: Ուստի անհրաժեշտ էր, որ Սուրբ Սարգսի՝ համաքրիստոնեական եկեղեցու նահատակ լինելու հավաստմամբ հարթվեին նրա տոնի շուրջ եղող տարաձայնությունները, և որպեսզի դրանք ժխտական անդրադարձ չունենային հայ-վրացական հարաբերությունների վրա:


Շնորհալու այս թուղթը մեր ձեռագրերում միշտ ընդօրինակված է Սուրբ Սարգսի վկայաբանության հետ միասին: Ալիշանն էլ նույն ձևով այս գործը տպել է «Սոփերք Հայկականք»-ի ԺԷ պրակի սկզբում, և կարծես դա նախերգանքն է դարձել բուն վկայաբանության:
 

Թղթի սկզբում, ինչպես Ագաթանգեղոսի պատմության հետևողությամբ, ճշմարտության հասու լինելու ձգտումը համեմատվում է իմաստուն վաճառականի կողմից մտքի մարգարիտը որոնելու հետ՝ ակնարկելով, որ նման մարգարիտ է այս վկայաբանությունը ևս, որին ձգտում էր Հաղբատի վանահայրը: Նրա խնդրանքով հայոց ապագա հայրապետը դիմում է Սուրբ Պարսամ ասորական վանքի միաբաններին, որպեսզի նրանք քննեն և տեսնեն, թե իրենց մոտ ի՞նչ է պահպանված Սուրբ Սարգսի մասին:
Ասորի վանականները սիրահոժար կատարում են Շնորհալու խնդրանքը և տեղեկացնում են, որ իրենց մոտ չորս տարբեր նահատակ Սարգիսների պատմությունը կա: Առաջինը Սուրբ Սարգիսի և Բագոսի, հաջորդը՝ Ամիթում նահատակվածի, երրորդը՝ Տարայում նահատակվածի մասին է, և վերջապես Պարսկաստանում նահատակված Սուրբ Սարգսի պատմությունը կա:
 

Շնորհալին գրում է, որ ինքը տեղյակ է միայն առաջինի մասին, բայց Ս. Սարգսի մասին եղած պատմությունն այդ երեքից համապատասխանում է Սարգիս զորավարի և իր որդու նահատակությանը, որի համար դարձյալ դիմում է Սուրբ Պարսամի վանք, որ այդ պատմությունը թարգմանվի: «Եվ որքան էր կարողութիւն, ջերմեռանդն սիրով ի ձեռն որումն իմաստնոյ ի նոցանէ Միքայէլ անուն, աղօտաբար զմեր գիտողի դպրութիւն` առաքեցին առ մեզ, որ թէպէտ եւ ի յարմարութիւնս բանից եւ ի շաղկապս բառից ոչ զուգիւր ըստ մերումս լեզուոյ, սակայն զբնութիւն բանին եւ զկարգ պատմութեանն ամբողջ ունէր յինքեան»:
 

Բանասիրության մեջ ընդունված կարծիք է, որ այս Միքայել վանականը Կիլիկյան Ասորիքի պատրիարքն է և Հայաստանի հռչակավոր մատենագիր Միքայել Ասորին: Ըստ երևույթին, այդ թարգմանությունը բառացի էր եղել և ոչ այնքան հարթ: Շնորհալին հանձն է առել այղ գրությունը դնել գեղարվեստական ձևի մեջ՝ առանց իմաստին դիպչելու:
Անհրաժեշտ է նշել, որ այդ շրջանում ասորական գրականության տարբեր գործերը ասորի հոգևորականների կողմից հայերեն թարգմանելը տարածված էր, և մեզ հայտնի են տասից ավելի համանման ստեղծագործություններ: Այս երևույթը բացատրվում է ասորի հոգևորականության՝ իրենց հոգևոր գրականությունը հանձին հայ գրականության, առավել կենսունակ մի մշակույթի միջոցով փրկելու ձգտմամբ:
Շնորհալի հայրապետն այս պատմության գյուտը համարում է երկնային և հոգևոր գանձ, որը ծածկված էր այլալեզու ագարակի մեջ՝ ասորական մի վանքում, և գտնվեց Հաղբատի վանահոր ջանքերով: Շնորհալին ասում է, որ այս պատմությունն իրեն կուղարկի, որ նա էլ սերմանի, տարածի «և կատարեն հանդիսաւոր տօնախմբութեամբ զյիշատակ սրբոյ վկային»: Այս վկայաբանության՝ ասորիների մոտ պահպանված լինելու փաստն ավելի ևս բարձրացնում է նրա վավերականությունը և դրան հաղորդում ընդհանուր քրիստոնեական բնույթ, և այդ հանգամանքի շնորհիվ էլ կարելի է հանդիսավոր կերպով նշել սրբի հիշատակը:
 

Շնորհալին ավելացնում է, որ «Նաեւ որք հակառաբարն բերին Յոյնք եւ Վիրք ընդվկայիս Աստուծոյ եւ ընդ մեզ առասպելականս իմն յօդեալ վասն սորին բաջաղանս, ի ստուգելն զիրին ճշմարտութիւն, թէ ով արդեւք սա իցէ, զղջասցին կամ ըմբերանեսցին»: Այսպիսով ըստ Շնորհալու, այս վկայաբանության ընթերցմամբ հույներն ու վրացիներն այլևս մեզ չեն մեղադրի, որ հայերս առասպելական, հնարովի պատմությունների ետևից ենք ընկած: Ահա այս էր Սուրբ Սարգսի վկայաբանության թարգմանության բուն նպատակը՝ Հայոց եկեղեցին պաշտպանել Սուրբ Սարգսի տոնի առթիվ հնչած և հնչելիք մեղադրանքներից:

  • 2021-08-09
×