Oրվա ընթերցվածք

Oրվա ընթերցվածք

  •    2024-05-08

Ավետարան ըստ Ղուկասի 17.20-37

 

20 Երբ փարիսեցիների կողմից հարց տրուեց, թէ երբ պիտի գայ Աստծոյ արքայութիւնը, նա պատասխանեց եւ ասաց. «Աստծոյ արքայութիւնը դրսից տեսանելի կերպով չի գալիս, 21 եւ չեն ասի, թէ ահաւասիկ, այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծոյ արքայութիւնը ներսում՝ ձեր մէջ է»: 22 Իսկ իր աշակերտներին ասաց. «Կգան օրեր, երբ դուք կուզենաք մարդու Որդու օրերից մէկը տեսնել եւ չէք տեսնի: 23 Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ “Ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ”, մի՛ շտապէք գնալ, 24 որովհետեւ ինչպէս որ փայլակը երկնքի ներքեւից փայլատակելով՝ երկնքի երեսը լուսաւորում է, այնպէս էլ կլինի մարդու Որդին իր օրում: 25 Բայց նախ նա պէտք է շատ չարչարուի եւ մերժուի այս սերնդից: 26 Եւ ինչպէս եղաւ Նոյի օրով, այնպէս կլինի եւ մարդու Որդու օրով: 27 Ուտում էին, խմում, կին էին առնում եւ մարդի էին գնում՝ մինչեւ այն օրը, երբ Նոյը տապան մտաւ, եւ ջրհեղեղը եկաւ ու բոլորին կորստեան մատնեց: 28 Նոյնպէս՝ ինչպէս Ղովտի օրով էլ եղաւ. ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում: 29 Եւ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելաւ, երկնքից կրակ ու ծծումբ տեղաց եւ բոլորին կորստեան մատնեց: 30 Նոյն ձեւով է լինելու այն օրն էլ, երբ մարդու Որդին է յայտնուելու: 31 Այն օրը ով որ տանիքում է, եւ իր կարասին՝ տանը, թող չիջնի առնելու այն. եւ ով որ հանդում է, նոյնպէս թող յետ չդառնայ: 32 Յիշեցէ՛ք Ղովտի կնոջը: 33 Ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն: 34 Ասում եմ ձեզ. այն գիշերը, եթէ երկու հոգի լինեն մի մահճի մէջ, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի: 35 Եւ եթէ երկու կին միասին աղալիս լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի: Եւ եթէ հանդում երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի»: 36 Պատասխան տուեցին եւ ասացին նրան. «Որտե՞ղ, Տէ՛ր»: 37 Եւ նա ասաց նրանց. «Ուր որ մարմինն է, այնտեղ էլ կհաւաքուեն արծիւները»:
 

Գործք առաքելոց 21.27-36


27 Սակայն երբ եօթօրէքը կատարելու մօտ էին, ասիացի հրեաները, նրան տաճարում տեսնելով, նրա շուրջը հաւաքեցին ամբողջ ամբոխը եւ ձեռքները նրա վրայ դնելով՝ աղաղակում էին. 28 «Ո՛վ իսրայէլացիներ, օգնեցէ՛ք, այս մարդն է, որ, հակառակ ժողովրդի եւ օրէնքի ու այս սրբավայրի, ամէնուր ամէնքին ուսուցանում է. մինչեւ իսկ հեթանոսներին տաճար մտցրեց եւ այս սուրբ տեղը պղծեց»: 29 Ըստ որում, առաջուց նրա հետ քաղաքում տեսել էին Տրոփիմոս Եփեսացուն եւ կարծում էին, թէ Պօղոսը նրան տաճար մտցրեց: 30 Ամբողջ քաղաքը շարժուեց, եւ ժողովուրդը խռնուեց. բռնելով Պօղոսին՝ քարշ տուեցին տաճարից դուրս. եւ իսկոյն դռները փակուեցին: 31 Նրան ուզում էին սպանել: Գնդի հազարապետին լուր հասաւ, թէ ամբողջ Երուսաղէմը յուզման մէջ է: 32 Սա, իսկոյն զինուորներ եւ հարիւրապետներ առնելով իր հետ, շարժուեց նրանց վրայ: Եւ նրանք, տեսնելով հազարապետին ու զինուորներին, դադարեցին Պօղոսին ծեծելուց: 33 Այն ժամանակ հազարապետը մօտենալով բռնեց նրան եւ հրամայեց նրան կապել կրկնակի շղթաներով. եւ հարցնում էր, թէ ով է եւ ինչ է արել: 34 Ամբոխի մէջ այլեւայլ մարդիկ նրա մասին այլ բաներ էին աղաղակում: Երբ նա ամբոխի աղմուկի պատճառով ստուգութիւնը չկարողացաւ իմանալ, հրամայեց նրան զօրանոց տանել: 35 Երբ աստիճաններին հասաւ, այնպէս եղաւ, որ ամբոխի բռնութեան պատճառով զինուորները նրան բարձրացրին եւ տարան, 36 քանի որ ժողովրդի բազմութիւնը յետեւից էր գնում՝ աղաղակելով. «Մա՛հ դրան»:
 

Հովհաննես առաքյալի Ա թուղթը 3.21-4.6


21 Սիրելինե՛ր, եթէ մեր սրտերը մեզ չդատապարտեն, համարձակութիւն կունենանք Աստծոյ առաջ. 22 եւ ինչ էլ որ հայցենք, կստանանք նրանից, որովհետեւ պահում ենք նրա պատուիրանները եւ կատարում նրան հաճելի բաները: 23 Եւ նրա պատուիրանը այս է. որ հաւատանք իր Որդու՝ Յիսուս Քրիստոսի անուանը եւ սիրենք միմեանց, ինչպէս որ նա պատուիրեց մեզ: 24 Եւ ով պահում է նրա պատուիրանները, բնակւում է Աստծոյ մէջ, եւ Աստուած՝ նրա մէջ: Եւ մեր մէջ Աստծոյ բնակուելը իմանում ենք Սուրբ Հոգու միջոցով, որը նա տուեց մեզ: 4 1 Սիրելինե՛ր, մի՛ հաւատացէք ամէն մի հոգու, այլ փորձեցէ՛ք հոգիները, թէ արդեօք Աստծո՞ւց են, որովհետեւ բազում սուտ մարգարէներ են երեւան եկել աշխարհում: 2 Եւ մենք սրանով ենք ճանաչում Աստծոյ Հոգին. ամէն մի հոգի, որ դաւանում է Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց է: 3 Եւ ամէն մի հոգի, որ չի դաւանում Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց չէ: Եւ այդ հոգին Նեռինն է, որի մասին լսել էք, թէ գալու է, եւ արդէն իսկ աշխարհում է: 4 Դուք Աստծուց էք, որդեակնե՛ր, եւ յաղթեցիք նրանց, որովհետեւ Հոգին, որ ձեր մէջ է, աւելի մեծ է, քան նա, որ կայ աշխարհի մէջ: 5 Նրանք աշխարհից են. դրա համար էլ աշխարհի բաների մասին են խօսում. եւ աշխարհը լսում է նրանց: 6 Մենք Աստծուց ենք. ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ: Սրանից է, որ ճանաչում ենք ճշմարտութեան Հոգին եւ խաբէութեան հոգին:
 

Ավետարան ըստ Հովհաննեսի 11.1-46


1 Եւ մի հիւանդ կար Ղազարոս անունով՝ Բեթանիայից՝ Մարիամի եւ նրա քոյր Մարթայի գիւղից: 2 Սա այն Մարիամն էր, որ իւղով օծեց Տիրոջը եւ իր մազերով սրբեց նրա ոտքերը: Եւ նրա եղբայր Ղազարոսը հիւանդ էր: 3 Սրա քոյրերը նրա մօտ մարդ ուղարկեցին եւ ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ նա, ում դու սիրում էիր, հիւանդացել է»: 4 Երբ Յիսուս լսեց, ասաց. «Այդ հիւանդութիւնը մահաբեր չէ, այլ Աստծոյ փառքի համար է, որպէսզի դրանով Աստծոյ Որդին փառաւորուի»: 5 Յիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը՝ Մարթային, եւ Ղազարոսին: 6 Լսելով, որ Ղազարոսը հիւանդացել է, նա տակաւին երկու օր մնաց այնտեղ, ուր գտնւում էր: 7 Ապա դրանից յետոյ իր աշակերտներին ասաց. «Եկէք վերստին գնանք Հրէաստան»: 8 Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, եւ նորից այնտե՞ղ ես գնում»: 9 Յիսուս պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթէ մէկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետեւ այս աշխարհի լոյսը տեսնում է, 10 իսկ եթէ մէկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետեւ հետը լոյս չունի»: 11 Այս բաներն ասելուց յետոյ նորից ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»: 12 Աշակերտները նրան ասացին. «Տէ՛ր, եթէ ննջել է, ապա կառողջանայ»: 13 Բայց Յիսուս նրա մահուան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպէս թուաց, թէ նա քնով ննջելու մասին է խօսում: 14 Այն ժամանակ Յիսուս նրանց յայտնապէս ասաց. «Ղազարոսը մեռաւ. 15 բայց ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի. որպէսզի դուք ինձ հաւատաք: Արդ, եկէք գնանք նրա մօտ»: 16 Թովմասը, որ Երկուորեակ էր կոչւում, աշակերտակիցներին ասաց. «Եկէք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»: 17 Յիսուս եկաւ, նրան գտաւ չորս օրից ի վեր գերեզմանի մէջ: 18 Եւ Բեթանիան Երուսաղէմից հեռու էր շուրջ տասնհինգ ասպարէզ: 19 Հրեաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մօտ, որպէսզի նրանց մխիթարեն իրենց եղբօր մահուան համար: 20 Երբ Մարթան լսեց, որ Յիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց. իսկ Մարիամը տանը նստած էր: 21 Մարթան Յիսուսին ասաց. «Տէ՛ր, եթէ դու այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի. 22 բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստուած քեզ կտայ»: 23 Յիսուս նրան ասաց. «Քո եղբայրը յարութիւն կառնի»: 24 Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ յարութեան ժամանակ վերջին օրը յարութիւն կառնի»: 25 Յիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ յարութիւնը եւ կեանքը. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի. 26 եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի: Հաւատո՞ւմ ես այս բանին»: 27 Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, ես հաւատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծոյ Որդին, որ աշխարհ էիր գալու»: 28 Եւ այս ասելուց յետոյ գնաց, գաղտնաբար կանչեց իր քրոջը՝ Մարիամին, եւ ասաց. «Վարդապետն է եկել եւ քեզ է կանչում»: 29 Երբ նա լսեց, իսկոյն վեր կացաւ եւ եկաւ նրա մօտ: 30 Յիսուս դեռ գիւղ չէր հասել, այլ դեռեւս այն տեղում էր, ուր Մարթան նրան ընդառաջ էր ելել: 31 Իսկ այն հրեաները, որ նրա հետ տանն էին եւ նրան մխիթարում էին, երբ տեսան Մարիամին, որ վեր կացաւ իսկոյն ու գնաց, իրենք եւս նրա յետեւից գնացին. կարծում էին, թէ գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի: 32 Իսկ Մարիամը, երբ եկաւ այնտեղ, ուր Յիսուս կանգնած էր, ու տեսաւ նրան, ընկաւ նրա ոտքերն ու ասաց. «Տէ՛ր, եթէ այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»: 33 Երբ Յիսուս տեսաւ, որ նա լալիս է, եւ նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խռովուեց իր հոգում եւ ասաց. 34 «Ո՞ւր դրեցիք նրան»: Նրան ասացին. «Տէ՛ր, արի՛ եւ տե՛ս»: 35 Եւ Յիսուս արտասուեց: 36 Հրեաներն ասացին. «Տեսէք ինչքա՜ն էր սիրում նրան»: 37 Նրանցից ոմանք ասում էին. «Նա, որ կոյրի աչքերը բացեց, չէ՞ր կարող նաեւ այնպէս անել, որ սա չմեռնէր»: 38 Յիսուս, դարձեալ խռովուելով ինքն իր մէջ, եկաւ գերեզման: Սա մի քարայր էր, որի վրայ մի քար էր դրուած: 39 Եւ Յիսուս ասաց. «Այդ քարը մի կողմ դրէք»: Մարթան՝ մեռածի քոյրը, նրան ասաց. «Տէ՛ր, հիմա արդէն նեխած կլինի, քանի որ չորս օրուայ է»: 40 Յիսուս նրան ասաց. «Քեզ չասացի՞. եթէ հաւատաս, կտեսնես Աստծոյ փառքը»: 41 Երբ քարը վերցրին, Յիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհութիւն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր. 42 եւ ես գիտէի, որ ամէն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպէսզի հաւատան, որ դու ինձ ուղարկեցիր»: 43 Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»: 44 Եւ մեռելը ելաւ՝ կապուած ոտքերով, ձեռքերը երիզով ամրացուած եւ երեսը վարշամակով պատուած: Եւ Յիսուս նրանց ասաց. «Արձակեցէք նրան եւ թողէք, որ գնայ»: 45 Հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամենց մօտ, երբ տեսան, ինչ որ Յիսուս արեց, հաւատացին նրան: 46 Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մօտ եւ պատմեցին նրանց, ինչ որ Յիսուս արեց:
 

Ավետարան ըստ Մատթեոսի 18.10-35


10 Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. 11 որովհետեւ մարդու Որդին եկաւ՝ փրկելու կորածը: 12 Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լեռան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին: 13 Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն: 14 Այսպէս իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի: 15 Եթէ եղբայրդ քո դէմ մեղանչի, գնա յանդիմանի՛ր նրան, երբ դու եւ նա մենակ էք. եթէ քեզ լսի, քո եղբօրը շահեցիր: 16 Իսկ եթէ քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մէկին եւ կամ երկուսին, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ: 17 Իսկ եթէ նրանց էլ չլսի, կասես հաւատացեալների ժողովում. իսկ եթէ նրանց էլ չլսի, թող նա քեզ համար լինի, ինչպէս հեթանոսը եւ մաքսաւորը: 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ կապէք երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակէք երկրի վրայ, թող արձակուած լինի երկնքում: 19 Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կկատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. 20 որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես՝ նրանց մէջ»: 21 Այն ժամանակ Պետրոսը մօտեցաւ նրան ու ասաց. «Տէ՛ր, քանի՞ անգամ, եթէ եղբայրս իմ դէմ մեղանչի, պէտք է ներեմ նրան. մինչեւ եօ՞թ անգամ»: 22 Յիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թէ՝ մինչեւ եօթ անգամ, այլ՝ մինչեւ եօթանասուն անգամ եօթ: 23 Այսպէս երկնքի արքայութիւնը նմանւում է մի թագաւորի, որ կամեցաւ ծառաների հետ իր հաշիւները կարգադրել: 24 Եւ երբ սկսեց հաշիւն ընդունել, նրա մօտ բերուեց տասը հազար քանքարի մի պարտապան: 25 Եւ քանի որ նա վճարելու բան չունէր, նրա տէրը հրամայեց վաճառել նրան եւ նրա կնոջն ու որդիներին եւ այն ամէնը, ինչ նա ունէր, եւ պարտքը հատուցել: 26 Եւ ծառան գետնին ընկնելով երկրպագում էր նրան եւ ասում. “Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ բոլորը կվճարեմ քեզ”: 27 Այդ ծառայի տէրը գթալով արձակեց նրան եւ պարտքը նրան շնորհեց: 28 Իսկ ծառան դուրս ելնելով գտաւ իր ծառայակիցներից մէկին, որ իրեն հարիւր դահեկան պարտք էր: Եւ նրան բռնելով խեղդում էր ու ասում. “Վճարի՛ր ինձ, ինչ որ պարտք ես”: 28 Իսկ ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, աղաչում էր նրան եւ ասում. “Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ կվճարեմ քեզ”: 30 Իսկ սա չէր կամենում. գնաց, նրան բանտ նետել տուեց, մինչեւ որ պարտքը վճարէր: 31 Նրա ծառայակիցները, երբ տեսան եղածը, շատ տրտմեցին եւ եկան ու իրենց տիրոջը պատմեցին այն ամէնը, ինչ եղել էր: 32 Այն ժամանակ տէրը կանչեց նրան եւ ասաց. “Չա՛ր ծառայ, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ. 33 իսկ պէտք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպէս ես էլ քեզ գթացի”: 34 Եւ նրա տէրը բարկանալով նրան յանձնեց դահիճներին, մինչեւ որ հատուցէր բոլոր պարտքերը: 35 Նոյնը պիտի անի ձեզ եւ իմ Հայրը, որ երկնքում է, եթէ ձեզնից իւրաքանչիւրը սրտանց չների իր եղբօրը նրա յանցանքները»:
 

Ավետարան ըստ Մարկոսի 10.1-12


1 Յիսուս այնտեղից վեր կացաւ եկաւ Հրէաստանի սահմանները՝ Յորդանանի միւս կողմը. եւ ժողովուրդը դարձեալ գնում խռնւում էր նրա շուրջը, եւ նա, ինչպէս սովոր էր, նորից ուսուցանում էր նրանց: 2 Իսկ փարիսեցիները մօտեցան եւ նրան փորձելով՝ հարց տուեցին ու ասացին. «Օրինաւո՞ր է, որ մարդ իր կնոջն արձակի»: 3 Նա պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»: 4 Եւ նրանք ասացին. «Մովսէսը հրաման տուեց արձակելու թուղթ գրել եւ արձակել»: 5 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ձեր խստասրտութեան պատճառո՛վ գրեց այդ պատուիրանը, 6 մինչդեռ արարչագործութեան սկզբից Աստուած արու եւ էգ ստեղծեց նրանց»: 7 Եւ ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ պիտի գնայ իր կնոջ յետեւից: 8 Եւ երկուսը մի մարմին պիտի լինեն եւ այլեւս երկու չեն, այլ՝ մէկ մարմին: 9 Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»: 10 Եւ աշակերտները տան մէջ դարձեալ նոյնը հարցրին նրան: 11 Եւ նրանց ասաց. «Եթէ մի մարդ արձակի իր կնոջը եւ ուրիշին առնի, շնութիւն արած կլինի: 12 Եւ մի կին եթէ թողնի իր ամուսնուն եւ ուրիշ մարդու կին լինի, շնութիւն արած կլինի»: