Սուրբ Երրորդություն եկեղեցին տոնեց օծման 18-րդ տարին

Սուրբ Երրորդություն եկեղեցին տոնեց օծման 18-րդ տարին

Արդեն 18 տարի Երևանի Հարավ - արևմտյան թաղամասում հնչում են Սուրբ Երրորդություն եկեղեցու զանգերը։ 

 

Համայնքի բնակիչները հիշում են, թե ինչպես 2001 թվականին մեկնարկեցին եկեղեցու շինարարական աշխատանքները։ 4 տարի սպասել են, որ վերջապես եկեղեցու զանգերն աղոթքի կանչեն, ընդգծում են․

 

«Յուրահատուկ շունչ է փոխանցում համայնքին, տեսքը շատ գեղեցիկ է, ուրախ ենք, որ մոտակայքում ունենք նման վայր, ուր կարող ենք անընդհատ այցելել»։ 

 

Սուրբ Երրորդությունը լինելու է ավանդական ճարտարապետության նորօրյա վկայարանը, իր կենդանության օրոք նշում էր եկեղեցու ճարտարապետը՝ Բաղդասար Արզումանյանը։ Վարպետն ընդգծում էր․

 

«Մենք հայ ենք, պիտի անենք հայերեն»։ 

 

Եկեղեցու օծման սրբազան արարողությունը կատարվել է 2005 թվականի նոյեմբերի 20-ին՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․  Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի։

 

Օծման 18-րդ տարեդարձը համայնքում նշեցին միասին՝ աղոթքով, խոսքով ու երգով։ Պատերազմից, կորուստներից հետո թեև դժվար է վերադառնալ կյանք, բայց պետք է գործել։ Այս պատճառով օծման տարեդարձը նշում են ավելի հարուստ ծրագրով, ընդգծում է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը․

 

«Մեզ պետք է վերակենդանացում։ Մենք իրավունք չունենք նստելու ու ողբալու։ Անցածը պիտի հիշենք, անցածից դասեր քաղենք և պայքարենք հանուն արժանապատիվ կյանքի ու արդարության, զորացնենք հոգևոր կյանքը»։

 

Միջոցառումը կազմակերպվել է ամբողջ եկեղեցու՝ երիտասարդաց, տիկնանց, տղամարդկանց միությունների, կիրակնօրյա դպրոցի սաների ջանքերով։

 

Տեր Արարատի խոսքով՝ ունեն ակտիվ համայնք․ օր-օրի ավելանում է Սուրբ Պատարագին մասնակցողների թիվը։ Նշում է,- «Հույս ունեմ՝ ավելի ենք ակտիվանալու և ընդլայնվելու»։

 

Անի Ավագյան

 
  • 2023-11-20
×