01
Հունվ

-Ի՞նչ է հանդերձյալ կյանքը։ -Ինչո՞ւ են գերեզման գնում յոթերորդ և քառասուներորդ օրերին։ -Ի՞նչ խորհուրդ ունի տապանաքարը։ Շնորհակալություն

Ի՞նչ է հանդերձյալ կյանքը։ 

Հանդերձեալ կեանքի մասին ուսմունքը համարւում է քրիստոնէական վարդապետութեան մի օղակը։ Այս մասին խօսելիս կամ խորհելիս պէտք է առաջնորդուել աստուածաբանական հետեւեալ կարեւոր սկզբունքով.

 «Պէտք չէ անյայտ բաների մասին ստեղծել նոր յայտնութիւններ» (0րմանեան)։

 Երբ որեւէ բան Ս. Գրքում յայտնուած չէ, ապա որքան էլ մարդիկ ուզենան հասկանալ եւ ստեղծել այս կամ այն վարդապետութիւնը այդ հարցի վերաբերեալ, միեւնոյն է, այն չի կարող յաւակնել բացարձակ ճշմարտութիւն լինելու։ Բնական է, որ նման դէպքերում տարբեր եկեղեցիներ կունենան տարբեր կարծիքներ։ Եկեղեցու պատմութեանը յայտնի են բազմաթիւ դէպքներ, երբ վիճել են երկար տարիներ, հարիւրամեակներ եւ այդպէս էլ չեն յանգել մի որեւէ ընդհանուր եզրակացութեան։ Ճիշտ է, հանդերձեալ կեանքի մասին Ս. Գիրքը մեզ տալիս է բաւականին ընդարձակ տեղեկութիւններ, բայցեւայնպէս մանրամասների մէջ լռում է։ Ուրեմն, կարեւոր է իմանալ, թէ ինչ է ասում քրիստոնէական ուսմունքն այդ կեանքի մասին եւ կամ ինչպէ՞ս պէտք է լինի հատուցումը, ե՞րբ եւ ինչպէ՞ս է կատարուելու այդ, ո՞ւր են գնալու հոգիները մահանալուց յետոյ եւ այլն։ Կարելի է ասել, որ «Հանդերձեալ կեանքի» հարցում տարբեր եկեղեցիներ ունեն տարբեր մօտեցումներ եւ ըմբռնումներ։

 Խօսելով Յաղթական եկեղեցու մասին, անհրաժեշտաբար հարց կառաջանայ, թէ ի՞նչ է այն յոյսը, որին վստահելով քրիստոնեաները ննջեցին ի Քրիստոս, կամ այլ խօսքով՝ ի՞նչ է յաւիտենական կեանքը. մի՞թէ մարդն անմահ է ստեղծուած եւ պիտի ապրի յաւիտեան։ Շատերն են շատ բաներ ասել յաւիտենականութեան մասին, բայց միայն Յիսուս եկաւ աշխարհ եւ ցոյց տուեց այդ ճանապարհը, հաւաքեց իր հօտը՝ Եկեղեցին, եւ առաջնորդեց դէպի անմահութիւն։ Այդ ճանապարհը նկարագրուած է Աւետարաններում, եւ դրա համար է կոչւում Աւետարան, այսինքն՝ Բարի լուր։ Բարի է այդ լուրը, քանի որ ճանապարհն է կեանքի եւ ոչ թէ մահուան։ Այդ ճանապարհին կան երկու շատ կարեւոր հանգրուաններ՝ Գողգոթան եւ դատարկ գերեզմանը։ Գողգոթան ճանապարհն է բնութագրում (խաչը, խաչի ճանապարհը), իսկ դատարկ գերեզմանը՝ յաղթութիւնը (յարութիւնը) Միայն Գողգոթայի ճանապարհով կարելի է հասնել յարութեան եւ իւրաքանչիւր մարդու կեանք մի ինքնատիպ Գողգոթայի ճանապարհ է, ճանապարհ, ուր ամէն մէկն իր խաչն է տանելու եւ այդպիսով միանալու Յիսուսի հետ Գողգոթայում՝ այնտեղ, ուր Ինքը խաչուեց։ Մեռելների յարութիւն ասելով՝ հասկանում ենք, որ ամէն բանական արարած յարութիւն է առնելու՝ հոգին կրկին մարմնի հետ է միաւորուելու Քրիստոսի երկրորդ գալստեան ժամանակ։ Տարբեր եկեղեցիներ տարբեր ձեւով են պատկերացնում գալիք դէպքերը, նրանց ընթացքը։ Բայց այն, ինչում բոլորն են համամիտ, գալիք դէպքերի յաջորդականութիւնն է, որ շարադրուած է Նոր Կտակարանում։ Այդ բանում համամիտ են համարեա բոլոր քրիստոնէական եկեղեցիները (չհաշուած վերջին ժամանակների նորահնար աղանդները, որոնք իրենց անդամների թուի չափ «տեսութիւններ» ու «կարծիքներ» ունեն ցանկացած հարցի վերաբերեալ)։ Ստորեւ ներկայացնում ենք բողոքական եկեղեցիների տեսակէտը. այսպէս, ժամանակների լրումին յաջորդելու է՝

 ա. Քրիստոսի երկրորդ գալուստը, որն իր հերթին ունենալու է երկու կերպ

 բ. սկզբում Նա գալու է «գողի» նման, այսինքն՝ աշխարհը չի իմանալու այդ մասին եւ,

 գ. յետոյ, որոշ ժամանակ անց (եօթ տարի)։ Նա կգայ տեսանելի կերպով, որպէս Թագաւոր թագաւորների։
Ս. Գիրքը սովորեցնում է, որ Նրա Գալստի ժամանակ
-ոչ ոք Նրան չի սպասելու (Մատթ. ԻԴ, 4),
-աշխարհը զբաղուած է լինելու իր առօրեայ գործերով (Ղուկ., ԺԷ, 26),
-ծանր ու դժուար օրեր են լինելու (Բ Տիմ., Գ, 15),
-հաւատը տկարանալու է (Ա Տիմ., Դ, 1

 «Գողի նման» գալուստի ժամանակ տեղի են ունենալու մի քանի դէպքեր, որոնք նկարագրուած են Պօղոսի թղթերում (Կորնթացիներին, Թեսաղոնիկեցիներին)։

 դ. յարութիւն են առնելու բոլոր Քրիստոսով ննջածները՝ Յաղթական եկեղեցին (Առաջին յարութիւն),

 ե. իսկ նրանք, ովքեր կենդանի են լինելու այդ պահին, այսինքն, Զինուորեալ եկեղեցին, մի ակնթարթում փոխուելու են եւ առանց մահ ճաշակելու Յաղթական եկեղեցու հետ միասին համբառնալու են երկինք։ Այս երեւոյթը կոչւում է «Եկեղեցու յափշտակութիւն», քանի որ Եկեղեցին իր ամբողջութեամբ (թէ՛ կենդանիները եւ թէ՛ ննջեցեալները) գնալու է իր յաւիտենական օթեւանը՝ Քրիստոս Յիսուսի հետ Քրիստոս Յիսուսի մօտ՝ Երկնքի Թագաւորութիւն։ Ըստ այդմ այդ յարութիւնը կոչւում է «Կենաց» յարութիւն։

 զ. Եկեղեցու յափշտակութիւնից յետոյ երկրի վրայ այլեւս չի լինելու «Եկեղեցին», այսինքն՝ Ս. Հոգին, որն արգելում էր Հակաքրիստոսին իր գործունէութիւնը ծաւալելու։ Սկսուելու է մի ժամանակաշրջան, որի մասին այդքան երկար երազում էին ու ձգտում միջնադարի եւ վերջին ժամանակների ուտոպիստ համայնավարները (որին այդպէս էլ չհասան). աշխարհում չի լինելու քրիստոնէական եկեղեցի, այն տեղափոխուած է լինելու երկինք։ Հէնց այդ ժամանակ էլ Հակաքրիստոսը հանդէս է գալու որպէս «իսկական մեսիա»։ Բայց նրա թագաւորութիւնը կարճ է տեւելու. որոշ ժամանակ անց Յիսուս գալու է տեսանելի ձեւով եւ «իր բերանի շնչով կործանելու է Հակառակորդին», ու Սատանան կապուելու է հազար տարի։

 է. Սկսուելու է Յիսուսի հազարամեայ թագաւորութիւնը՝ Եկեղեցու հետ միասին։

 ը. Հազար տարի անց մնացած մեռածներն են յարութիւն առնելու (Երկրորդ յարութիւն)։ Այդ յարութիւնը կոչւում է «մահուան յարութիւն», քանի որ յարութիւն են առնելու դատաստանի համար։

 թ. Վերջին Դատաստանը եւ

ժ. Դժոխքը, ուր պիտի նետուեն Սատանան իր արբանեակների ու բոլոր դատապարտուածների հետ միասին։

 Համառօտ այս է քրիստոնէական Վախճանաբանութիւնը, այսինքն՝ վերջին ժամանակների մասին գիտելիքները (յունարէն՝ էսխատոլոգիա)։ Ինչպէս ասացինք, դէպքերի այս յաջորդականութեան հետ համամիտ են համարեա բոլոր եկեղեցիները, բայց մանրուքներում՝ տարակարծիք։

 Մարդու կեանքը, հետեւաբար, կարելի է բաժանել երեք մասի. ներկայ կեանք, միջինք եւ վերջին կեանք։ Ներկայ կեանքը զինուորեալ եկեղեցին է, միջինքը մահուանից յետոյ մինչեւ յարութիւնն է եւ վերջին կեանքը՝ յաւիտենական, արդէն անփոփոխ կեանքը։ Ներկայ կեանքը սկիզբ է առնում ծնունդով, միջինքը՝ հոգու եւ մարմնի բաժանումով, եւ վերջապէս վերջին կեանքը՝ հոգու եւ յարուցեալ մարմնի միացումով։
 

2. Ինչո՞ւ են գերեզման գնում յոթերորդ և քառասուներորդ օրերին՝ ըստ եկեղեցական կանոնի։

–Թաղումից հաշվված 7-րդ օրն ընդունված է նշել որպես հիշատակության օր, քանի որ Աստված 6 օրերի ընթացքում է ստեղծել երկիրը, երկինքը, ավարտել Իր արարչագործությունը և «Աստված օրհնեց յոթերորդ օրը, որովհետև այդ օրը Նա հանգստացավ Իր այն բոլոր գործերից, որ սկսել էր արդեն»: Այդ խորհրդով էլ Եկեղեցու կողմից սահմանվել է 7-ի խորհուրդը, որով հանգուցյալի մարմինն իր վերջնական հանգստությունն է գտնում հողում:

Քառասունքի խորհուրդը հիմնականում սգո շրջան է հանգուցյալի հարազատների համար, քանի որ չի կարելի անվերջ սգալ, պետք է կարողանալ հաղթահարել կորցրած հարազատի սուգը և առանց հուսահատության գիրկն ընկնելու՝ շարունակել կյանքի բնականոն ընթաքը։ Քառասունքը հաշվում են մահվան օրվանից՝ այդ օրը համարելով առաջին օր, և քառասուներորդ օրը նշում քառասունքը։

21. Հանգուցյալի համար Հոգեհանգստի կարգ կատարելը ճի՞շտ է
–Այո, ճիշտ է։ Աստվածաշնչում՝ Մակաբայեցիների գրքում էլ նշվում է մեռյալների համար աղոթքի անհրաժեշտությունը (Բ Մակաբայեցիներ 12:43-46):

Մահացածի համար աղոթքն անհրաժեշտ է հենց աղոթողի համար, քանի որ երբ հեռանում է հարազատ մեկը, առաջ է գալիս բնական կորուստի զգացմունք, որից անձը խորը տառապանք է ապրում: Հարազատը, ով մահացել է, շարունակում է ապրել, բայց այլ աշխարհում: Ննջեցյալի համար աղոթքի շնորհիվ չի խզվում կապը մահացածի հետ, այլ զգալի է դառնում նրա ներկայությունը և այն, որ նա չի հեռացել իր հարազատներից, ու նրանց միջև եղած կենդանի կապը պահպանվել է:

Աշխարհից հեռացած մարդը զրկվում է այն ամենից, ինչ իրեն տվել էր աշխարհը, մնում է միայն իր անմահ հոգին: Այն, ինչ որ նա ձեռք էր բերել երկրի վրա, մնում է այնտեղ: Իսկ հոգին գնում է այլ աշխարհ, ուր դատվելու է Աստծո կողմից ողորմությամբ և արդարությամբ: Մահացածն Աստծո առջև պատասխան է տալու իր բոլոր արարքների համար, իսկ երկրի վրա մնացած իր հարազատները աղոթելով խնդրում են Աստծո անչափելի ողորմությունն իրենց ննջեցյալի համար: Մենք աղոթում ենք մեր ննջեցյալների համար, քանի որ սիրում ենք նրանց։
 

  1. Ի՞նչ խորհուրդ ունի տապանաքարը։
    Հայերի շրջանում որպես շիրմաքար ընդունված է տապանաքար

կամ խաչքար դնելը։ Մնացած ձևերի շիրմաքարերը, որ տարածված են

այսօր, կռապաշտության, հեթանոսության և աթեիզմի հետևանք են։

Այդ բոլորը մերժում է Հայ Եկեղեցին։ Զանազան պատկերներ, արձաններ,

դամբարաններ կառուցելը բացարձակ անգիտության արդյունք է. հայոց թագավորներն անգամ հանգչում էին համեստ տապանաքարերի տակ։

Ըստ Տաթևացու, տապանաքարը ցույց է տալիս, որ

-ինչպես այդ քարը անպիտան է գործի համար, այնպես էլ ննջեցյալը՝ աշխարհի։

-հարությունը լինելու է վեմի նման՝ անապական մարմնով ու ոչ թե ադամական հողածին մարմնով։